Մոսկվան Մակրոնի և Մերկելի պորտը տեղն է դրել

Ինձ սովորեցնելու փոխարեն, հրաժարվեք երկակի ստանդարտներից և ուշադրություն դարձրեք Ուկրաինայից բխող սպառնալիքներին

Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով պատասխանել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ հայտարարությանը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինային առնչվող զարգացումներին Արևմուտքի, ներառյալ՝ Ֆրանսիայի և Գերմանիայի միջամտությունը համարել է լարվածություն առաջացնող քայլ:

Հաղորդագրության մեջ, ինչպես տեղեկացրել է «Նովոստի» գործակալությունը,  նշված է, որ Մոսկվային սովորեցնելու փոխարեն, արևմտյան պետությունները պետք է հրաժարվեն երկակի ստանդարտներից և ուշադրություն դարձնեն Ուկրաինայի իրական խնդիրներին և այդ երկրից բխող սպառնալիքներին:

Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ նշված է նաև, որ Ուկրաինայում խախտվում են շատ քաղաքացիների, ներառյալ՝ բոլոր ռուսախոսների իրավունքները:

Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահն օրերս իրենց համատեղ հայտարարությամբ Ռուսաստանից պահանջել էին արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել ուկրաինական կալանված երեք ռազմանավերի նավաստիներին, ինչպես նաև թույլ տալ բոլոր նավերին անվտանգ, ազատ և անարգել նավարկել Սև և Ազով ծովերի միջև, այսինքն՝ անցնել Կերչի նեղուցով, Ղրիմի կամրջի տակով, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքում: Ակնհայտ է, որ այսպիսի վերջնագրային պահանջից առաջ, Մակրոնն ու Մերկելը գերագնահատել են իրենց երկրների հնարավորությունները և կշիռը, միաժամանակ իրենց հաշիվ չեն տվել, որ գործ ունեն «ռուսական արջի» հետ: