Ռուսաստանը կասկածում է, թե ԱՄՆ-ն իր զորքերը հանելու է Սիրիայից

Սիրիայից ամերիկյան ուժերի դուրս բերման հարցում ԱՄՆ-ի անկեղծության առնչությամբ օրերս կասկած է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

Ռուսաստանի «Ինտերֆաքս» լրատվական գործակալության տեղեկացմամբ, Սերգեյ Ռյաբկովը կասկած հայտնելով Սիրիայից իր ուժերի լիարժեք դուրս բերման հարցում ԱՄՆ-ի մտադրության կապակցությամբ, ընդգծել է. «ԱՄՆ-ն իր շահերի պաշտպանության համար անհրաժեշտ է համարում արաբական այդ երկրում ռազմական ներկայությունը»:

Ինչպես հայտնի է, Սիրիայի օրինական իշխանությունը կործանելու նպատակով ահաբեկիչների 7-ամյա ջանքերի ձախողումից հետո, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ս․ թ․ դեկտեմբերի 19-ին հայտարարեց Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին: Սակայն․․․

«Մոսկվան հավատացած է, որ ԱՄՆ-ում հազարավոր պատճառներ, պատրվակներ և այլ հարցեր են առաջ քաշվելու, որպեսզի Սիրիայից ամերիկյան զինուժի հեռացման հարցը վերանայվի»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարի տեղակալը:

Ըստ Ռյաբկովի, «Նկատի առնելով անցյալի փորձը, դժվար է հավատալ Սիրիայից հեռանալու ԱՄՆ-ի մտադրությանը»:

Նկատի ունենաք, որ այս պարագայում «անցյալի փորձը» ասելով, պետք է նկատի ունենալ նաև վերջին, թեկուզ, մեկ-երկու շաբաթվա փորձը։ «Wall Street Journal»-ը վերջերս հաղորդել էր, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության  մի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով, նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի համաձայն,  ԱՄՆ-ն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մոտ 7 հազար ամերիկյան զինծառայողների դուրս դուրս է հանելու Աֆղանստանից: Սակայն, դրանից հետո ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդն առաջիկայում Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումը հերքել է:

Ըստ Աֆղանստանի «Շաֆաղնա» լրատվական գործակալության հաղորդման, Ջոզեֆ Դանֆորդը Քաբուլի հյուսիսում գտնվող «Բագրամի» ռազմահանգրվանում ամերիկյան զորքերի ներկայությամբ հերքելով Աֆղանստանից առաջիկայում ամերիկյան զորքերի դուրս բերելու մասին տարածված լուրը, ասել է. «Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերի առաքելության փոփոխություն չկա, և նրանց առաքելությունը, ժամանակացույցի համաձայն, կշարունակվի Աֆղանստանում»:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ «Ամերիկացիների բացակայությունը կնպաստի Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը»:

«Սիրիայում ամերիկյան զորքի ներկայությունը հիմնական խոչընդոտն է այդ երկրի ճգնաժամի կարգավորման ճանապարհին, ուրեմն Սիրիայից նրանց նահանջը դրական քայլ է, ինչը ողջունում է  Մոսկվան»,- «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության տեղեկացմամբ, ասել է Մարիա Զախարովան։

Սակայն, դրանից հետո, ԻՌՆԱ գործակալության տեղեկացմամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման որոշումից հետո դեռ հայտնի չէ Վաշինգտոնն ինչ քայլեր է ձեռնարկել»: ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում դիմակայել Սիրիայի ահաբեկիչներին։