Ասում էիք հեղափոխությո՜ւն, Հայաստան- Սփյուռք հարաբերություննե՜ր․․․ Սա՞ է հեղափոխության խերը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների պլակատները, գովազդային վահանակները, «բաներ» կոչվածները ու էլի նման բաներ դեռ ամբողջությամբ հավաքված չեն Երևանից։ Դրանցից մեկով ներկայացված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակով ԱԺ պատգամավոր ընտրված ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը։

Որպես Մխիթար Հայրապետյանի առավելություն թե գովազդվող հատկանիշ գրված է՝ Եվրոպայի ամենաերիտասարդ նախարարը, թեև անհասկանալի է, թե նախարարի պաշտոնում մարդու երիտասարդ տարիքը և, բնականաբար, անփորձությունն այդ երբվանի՞ց են դարձել առավելություն կամ գովազդելու, պարծենալու, հպարտանալու, ի ցույց դնելու մի բան։ Ինչևէ, Հայաստանում, ինչպես ասում են, դարը հիմա նմաններինն է․․․Հուսանք, որ առաջիկայում, ԱԺ կրթության, գիտության և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում այս համակրելի երիտասարդը ձեռք կբերի անհրաժեշտ փորձառություն ու կծառայի Հայաստանին, մեր երկրի նշված ոլորտներին։ Բայց հիմա օրախնդիրը ՀՀ սփյուռքի նախարարության ճակատագիրն է, ինչպես հայտնի է, Փաշինյանը որոշել է վերացնել նշված նախարարությունը։

Նույն պատկերում, որի մասին վերը նշեցինք, Միիթար Հայրապետյանի ձեռքին ինչ-որ թերթ կա, թերթի 12-րդ էջն է բացված, և այդ էջում զետեղված հոդվածի վերնագիրն է, որ աչքի է զարնում․ գրված է՝ Հեղափոխություն, իսկ այդ բառի տակ՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններ։ Ահա այդ հեղափոխության խերը նույն Հայաստան-Սփյուռք հարաբերությունների տեսանկյունից՝ ՀՀ սփյուռքի նախարարության վերացում՝ նախատեսված Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ինչո՞ւ․․․ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կամ որևէ մեկի կողմից չկա ոչ մի տրամաբանական, ընդունելի բացատրություն։ Եթե նախարարը կամ նրա տեղակալները, վարչությունների, բաժինների ղեկավարները կամ նրանց մի մասը վատ է աշխատել և աշխատում, ապա պետք է այդ չինովնիկներին պաշտոնանկ անել, և ոչ թե որոշել, որ պետք է վերացնել ողջ նախարարությունը։

Եթե ՀՀ սփյուռքի նախարարության հաստիքակազմը նախարարի տեղակալների, խորհրդականների, օգնականների, վարչությունների, բաժինների ղեկավարների և այլոց առումով ուռճացված է նրանց ենթակա և բուն աշխատանքը կատարող շարքային աշխատակիցների համեմատ, ապա նախարարի տեղակալների, խորհրդականների, օգնականների, վարչությունների, բաժինների ղեկավարների քանակը պետք է կրճատել։ Այսինքն՝ գլխացավի խնդիրը լուծելու լավագույն միջոցը գլուխը կտրելը չէ, մինչդեռ Փաշինյանն այս պարագայում պատրաստվում է, ըստ էության, այդպես վարվել։

Հայաստանում նախարարությունների քանակը կրճատելու (մյուս զոհը, ինչպես հայտնի է, ՀՀ մշակույթի նախարարությունն է լինելու) Նիկոլ Փաշինյանի որոշումը պոպուլիզմի վրա է հիմնված, հնարքի էությունը հետևյալն է՝ հասարակությանը ներկայացնել, թե հիշյալ նախարարությունների վերացմամբ ՀՀ-ում նախարարությունների քանակի կրճատումն անհրաժեշտություն է, ինչից մարդիկ կարող են ենթադրել, թե դրանով բյուջեում միջոցներ են խնայվելու և իրենց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվելու է։ Սրան միայն Միամիտները կարող են հավատալ։ Վստահ եմ, որ երկար ժամանակ չի պահանջվի, որպեսզի նրանք համոզվեն հակառակի հարցում։ Եթե Փաշինյանը վերոնշյալ նախարարությունների վերացման իր որոշումն իրականություն դարձրեց, կես կամ մեկ տարի հետո (իսկ դա բավարար ժամկետ է, որպեսզի հիշյալ նախարարությունների վերացումից հետո բյուջեում տնտեսված միջոցներով բարձրացվեն աշխատավարձերը կամ նպաստները), միամիտներին հարցնելու եմ՝ հը՞, ձեր սոցիալ-տնտեսական պայմանները բարելավվեցի՞ն․․․

Իսկ եթե Փաշինյանի նպատակն անկեղծ է, այսինքն՝ ցանկանում է նախարարությունների կրճատմամբ բյուջեի միջոցներն ի շահ հասարակության խնայել, ապա նա, ցավոք, թույլ է տալիս նույն սխալները, ինչ նախորդները։ Օրինակ, ՀՀ վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի պաշտոնավարության օրոք կառավարության թե վարչապետի մի որոշմամբ (ժամանակին այն մամուլում խստորեն քննադատել եմ) սահմանափակեցին Սննդամթերքի անվտանգության տեսչության և տեսչական այլ մարմինների լիազորությունները, նրանք փոքր ու միջին տնտեսվարողների մոտ միայն խիստ սահմանափակ դեպքերում կարող էին ստուգումներ կատարել, գրեթե զրկված էին այդ լիազորությունից։ Նպատակը՝ այդ տեսչական մարմինների աշխատակիցների կողմից կոռուպցիայի դրսևորումները նվազեցնելն էր, եթե չեմ սխալվում, սննդամթերքի անվտանգությամբ զբաղվողների լիազորությունները մինչև հիմա էլ մնում են կրճատված։ Այսինքն՝ կոռուպցիայի դեմ իրական, բավարար ու համակարգված պայքար ծավալելու փոխարեն, սննդամթերքի անվտանգության հաշվին կրճատվեցին տեսչական մարմնի լիազորությունները (գլխացավի խնդիրը փորձեցին լուծել գլուխը կտրելով), արդյունքում՝ կոռուպցիայի դեպքերը չնվազեցին, իսկ սննդամթերքի արտադրության և իրացման ոլորտում բազմաթիվ փոքր ու միջին տնտեսվարողներ ստուգումների բացակայության և անպատժելիության պայմաններում էլ ավելի մեծ ծավալներով սպառողներին իրացրեցին նրանց առողջության համար վտանգավոր ու վնասակար սննդամթերքներ։

 

Արթուր Հովհաննիսյան