Էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումն Ամանորից առաջ ՀՀ իշխանությունների կողմից ինչ-որ նվեր չէ սոցիալապես անապահովներին

Նրանք վճարելու են դարձյալ նախկինի չափ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող (ՀԾԿ) հանձնաժողովն այսօր «Սոցիալապես անապահովները 2019 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի համար կվճարեն 10 դրամ էժան սակագնով» վերտառությամբ տեղեկատվություն է հրապարակել։ Հանձնաժողովի տեղեկացմամբ, իր 2018թ․ դեկտեմբերի 27-ի նիստում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայման և հանձնաժողովի 2016թ․ դեկտեմբերի 23-ի №422Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցերը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկելով վերոնշյալ հարցերը, սահմանել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման վերանայված սակագները։
Միևնույն ժամանակ, սակագների վերանայման գործընթացի շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում ձևավորվել էր դրական արդյունք, որը հնարավորություն էր տալիս բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ՝ ԱԱՀ-ն) կամ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։ Նշված հարցը, նախապես քննարկելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է համակարգում ձևավորված ընդհանուր դրական արդյունքն ուղղել միայն սոցիալապես անապահով ընտանիքների սակագների նվազմանը՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ՝ ԱԱՀ-ն)։
Այսպիսով, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝
ա. ցերեկային սակագին` 29.99 դրամ/կՎտժ` (գործող 40.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,
բ. գիշերային սակագին՝ 19.99 դրամ/կՎտժ՝ (գործող 30.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն:
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի փետրվարի 1-ից:

Ընդգծենք, որ սակագների վերոնշյալ նվազեցումն Ամանորից առաջ ՀՀ իշխանությունների կողմից ինչ-որ նվեր չէ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին։ ՀԾԿ հանձնաժողովը նրանց համար էլեկտրաէներգիայի սակագնի լրացուցիչ նվազեցում չի կատարել, նշված ընտանիքները 2018թ․ ընթացքում էլ վճարել ու վճարում են նույն սակագներով՝ ցերեկային սակագինը` 29.99 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 19.99 դրամ/կՎտժ, պարզապես մնացյալ սպառողների համար սահմանված սակագներից տարբերությունն իր շահույթների հաշվին այս տարվա ընթացքում վճարել է ՀԷՑ-ը։ Ստացվում է, որ ՀԷՑ-ը 2019թ․ իր շահույթների հաշվին այլևս չի վճարելու անապահովների համար, և մնացյալ սպառողների համար սահմանված սակագներից մոտ 10 դրամ պակաս վճարելու խնդիրը ՀԾԿ հանձնաժողովն է լուծել՝ իր այսօրվա որոշմամբ սահմանելով վերոնշյալ սակագները։

Կցվում է հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացված նյութը։