ՀԱԷԿ-ի տարածքում տեղակայված հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարն ու նրա տեղակալը յուրացրել են հրշեջ ջոկատի դիզվառելիքը (տեսանյութ)

Չարաշահման նոր դեպքեր են բացահայտվել

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ համագործակցելով ԱԱԾ-ի հետ, շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի դեմ` բացահայտելով պետական միջոցների յուրացման և վատնման նոր դեպքեր: Ներկայացվել են վերջին մի քանի օրերի բացահայտումները հանրապետության տարբեր մարզերում:
Օրերս ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի բաժնի քրեական հետախույզների հետ, պարզել են, որ Կարմրավան գյուղի հիմնական դպրոցի տնօրենն օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2012-13 թթ․ դպրոցում պահակ է հրամանագրել իր մտերիմներին, որոնք 2015-ից մինչև 2017-2018 թվականները չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը` ընդհանուրը շուրջ 3 000 000 դրամ, յուրացվել են: Պետությանը պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի` յուրացման կամ վատնման հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Պաշտոնեական դիրքի չարաշահման մեկ այլ դեպք էլ գրանցվել է Սյունիքի մարզում: Ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Գորիսի բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ 2016թ․ հոկտեմբերին Վերիշենի համայնքապետարանի նախկին քարտուղարը, հանդիսանալով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, կեղծել է նախկին ղեկավարի ստորագրությունը և հետին` 2016թ․ հուլիսի ամսաթվով կազմել հողահատկացման վերաբերյալ ակնհայտ կեղծ փաստաթղթեր: Արդյունքում` 2018թ․ նա իր ազգականին Վերիշեն գյուղում, առանց համապատասխան մրցույթի, սեփականության իրավունքով հատկացրել է 1125 քմ հողատարածք, ինչի հետևանքով համայնքի բյուջե չի վճարվել 1 000 000 դրամ:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
Յուրացման մի դեպք էլ գրանցվել է Արմավիրի մարզում: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արմավիրի մարզային վարչության և բաժնի ծառայողները համատեղ պարզել են, որ ատոմային էլեկտրակայանի տարածքում տեղակայված հրդեհային անվտանգությունն ապահովող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարն ու նրա տեղակալը, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, հունիսից մինչև օգոստոս յուրացրել են իրենց պատասխանատվության տակ գտնվող հրշեջ ջոկատի դիզվառելիքը:
Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հիշյալ դեպքերի բոլոր հանգամանքները բազմակողմանի և օբյեկտիվ քննելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: