Վարձակալը յուրացրել է վարձակալած բնակարանի գույքը, նրան մեղադրանք է առաջադրված

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, հիշյալ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 27- ամյա բնակչին:
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 2017թ․ հունիսի 6-ին, Երևանի բնակիչ՝ 1991թ․ ծնված կինն անշարժ գույքի գործակալության միջոցով պայմանագիր է կնքել Գրիբոյեդով- 44 շենքի բնակարաններից մեկի սեփականատիրոջ լիազորած անձի հետ և բնակության տեղափոխվել հիշյալ շենք:

2018թ․ ապրիլի 1-ին 27-ամյա կինն ազատել է վարձակալած բնակարանը, որից հետո անշարժ գույքի գործակալության ներկայացուցիչը հաճախորդ է տարել այդ բնակարան և հայտնաբերել, որ այնտեղից բացակայում է գույքի մի մասը, իսկ առկա գույքից որոշները վնասված են:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբեկտիվ քննությամբ պարզվել է, որ 27-ամյա կինը յուրացրել է վարձակալած բնակարանի գույքը՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափերի՝ 750 000 դրամի վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 27-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: