Երևանը պարտավոր է տեսնել ճշմարտությունն Իրանի պարագայում, այլ ոչ թե զբաղվել ֆանտաստիկայով

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 27-ին կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Դա «Սիրիայի վերաբերյալ» կոնֆերանս էր Ստամբուլում, բայց պատահական չէ, որ մենք չակերտների մեջ ենք վերցրել «Սիրիայի վերաբերյալ» բառակապակցությունը։ Այդ կոնֆերանսի բազմաթիվ նյութեր հայտնի չեն, բայց դժվար թե արժե պնդել, որ, ինչպես գրեցին որոշ ԶԼՄ-ներ, Էրդողանն ու Պուտինը «ստիպեցին Գերմանիային և Ֆրանսիային խաղալ իրենց կանոններով», կամ, ինչպես հրճվալից հայտարարում էին թուրքական ԶԼՄ-ները, «կրկին փայլեց Էրդողանի հանճարը», որն իբր «բոլորին ճզմեց» և այլն, և այդպես շարունակ։ Ակներև է, որ Ֆրանսիային և Գերմանիային այդ կոնֆերանսին մասնակցել դրդեց հենց ԱՄՆ-ը, և հենց այն բանից հետո, երբ Ջոն Բոլթոնը ձեռնունայն հեռացավ Մոսկվայից։ Իսկ ամերիկյան նախագահի խորհրդականը, հիշեցնենք, այցով գտնվում էր Ռուսաստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 23-24-ին։ Ստամբուլյան կոնֆերանսում Սիրիայի և Իրանի ներկայացուցիչների բացակայությունը պերճախոս վկայությունն է հօգուտ մեր ենթադրության, որ ԱՄՆ-ը «հրավիրեց» այդ կոնֆերանսը Թուրքիայի օգնությամբ և Ստամբուլ ուղարկեց Մակրոնին ու Մերկելին հենց նրա համար, որ «կոտրեն» Ռուսաստանի նախագահին։ Ըստ երևույթին չստացվեց, քանի որ այդ կոնֆերանսում Պուտինը հայտարարելով, որ Սիրիայում ամեն ինչ ընթանում է «ըստ ծրագրի» և հույս հայտնելով, որ Սիրիական սահմանադրական կոմիտեն կստեղծվի և կսկսի աշխատանքն այս տարեվերջին, այնուհետ կոշտ հայտարարեց. «Իրանը Աստանայի խաղաղ գործընթացի երեք երաշխավոր պետություններից մեկն է սիրիական հարցի լուծման գործում, և առանց Իրանի, այդ խնդիրն արդունավետ չի լուծվի»։

Պուտինի հայտարարությունը մերկացրեց «չորսի» Ստամբուլյան կոնֆերանսի նպատակը. Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի օգնությամբ  Ռուսաստանից հրաժարում կորզել Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերին աջակցելուց։ «Սիրիայի վերաբերյալ» Ստամբուլյան կոնֆերանսում ստվերում մնացած ԱՄՆ-ի ազդանշանը, ինչպես և Պուտինի շշպռանքը վայրկենապես ընդունվեցին ու հասկացվեցին և՛ Արևմուտքում, և՛ Իրանում։ Մանավանդ, որ հենց հոկտեմբերի 27-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չհայտարարված այցով ժամանեց Օման՝ Պարսից ծոցի թերևս սակավաթիվ պետություններից մեկը, որը չի ցանկանում սրել հարաբերությունները Թեհրանի հետ։ Իսրայելցու ուղևորության նպատակն էլ պարզունակ է. շանտաժով ու խոստումներով «պոկել» Օմանը Իրանից։ Լիբանանի համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ջամալ Վակիմը լիբանանյան ILNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Իսրայելի սիոնիստական ռեժիմը հետապնդում է ռազմավարական նպատակ՝ վերահսկողություն հաստատել Օրմուզի նեղուցի նկատմամբ.

«Այն բանից հետո, երբ Ալ Սաուդը չկարողացավ կարգավորել  իսրայել-արաբական հարաբերությունները, սիոնիստները գտան, որ Օմանի սուլթանությունն ու երկրի սուլթանը (Կաբուս բեն Սայիդ Ալ Սայիդը) հարմար տարբերակ են իրենց ռազմավարական նպատակներին հասնելու համար, ինչպիսիք են հարաբերությունների կարգավորումն արաբների հետ և Օրմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը»,- ասել է Ջամալ Վակիմը։

Նա նշել է, որ Իսրայելը ձգտում է օգտագործել Օմանը որպես Իրանի շահերին սպառնացող գործիք։ Իսկապես, բավական է տեսնել, որ Նեթանյահուին Օման էին ուղեկցում «Մոսսադ» լրտեսական գործակալության տնօրեն Յոսսի Կոհենը և ազգային ավտանգության հարցերով խորհրդական Մեիր Բեն-Շաբբաթը, և պարզ կդառնա, որ իսրայելցիները Կաբուս սուլթանին «մշակում էին» բնավ ոչ «այսպես կոչված՝ մերձավորարևելյան խաղաղ գործընթացի առաջմղման ճանապարհը քննարկելու» և «մի շարք հարցերի համար, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հասնելու գործում», ինչպես հաղորդեցին Մասկատից։ Թեհրանի գնահատականը միանգամայն կոշտ ու հակիրճ էր. IRNA-ի տեղեկացմամբ, հենց նույն օրը ԻԻՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Կասեմին հայտարարել է, որ Սպիտակ տան ճնշման տակ տարածաշրջանի իսլամական երկրները չպետք է թույլ տան սիոնիստական ռեժիմին նոր խնդիրներ ստեղծել տարածաշրջանում։

«Կասկածից վեր է, որ սիոնիստական ռեժիմը ձգտում է պառակտում սերմանել մահմեդական երկրների միջև և կոծկել ճնշված պաղեստինցիների յոթանասունամյա սպանությունը և ուզուրպացիան,- ասել է նա։- Դոնալդ Թրամփի նախագահության հենց սկզբից ակներև է, սիոնիստական ռեժիմի լոբբին Սպիտակ տանը ավելի ու ավելի է ակտիվանում հօգուտ սիոնիստական ռեժիմի ապօրինի շահերի և իսլամական երկրների վրա ճնշման գործադրման՝ Պաղեստինի ուզուրպատորների հետ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Պատմությունն ու փորձը ցույց են տալիս, որ նահանջը և ԱՄՆ-ի ու սիոնիստական ուզուրպատորական ռեժիմի հետ համաձայնումը գնալով ավելի համարձակ են դարձնում նրանց տարածաշրջանում և թույլ տալիս անտեսել պաղեստինյան ժողովրդի արդարության իրավունքը»։

Հենց նույն օրը որոշակի շրջանակներ փորձեցին լուրեր տարածել այն մասին, թե իբր Թեհրանը ցանկանում է «բանակցել ամերիկյան իշխանությունների հետ կոնկրետ հարևան երկրում»։ Իրանում այդ ասեկոսեն սկսեց շահարկել ընդդիմադիր «բարեփոխչական» պատգամավոր Ջավադ Քարիմի Քոդդուսին։ «Փչոցը» երկար չպահպանվեց. սադրիչ ասեկոսեից 1-2 ժամ անց Իրանի ԱԳՆ-ը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որում անվանեց նման պնդումները անհիմն ու կեղծ, ընդգծելով, որ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը «բոլոր մակարդակներով ենթակա է Գերագույն առաջնորդի հրամաններին՝ ԱՄՆ վարչակազմի հետ հարաբերությունների առումով»։ Դե, իսկ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, ինչպես հայտնի է, պաշտոնապես արգելել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, բացի Իրանի հետ 2015թ. «միջուկային համաձայնության» շրջանակներ Վաշինգտոնի վերադարձի թեմայից։

Հոկտեմբերի 30-ին Իրանի ԱԳՆ-ն ասես ամփոփելով ամսվա արդյունքները, հաշվի առնելով արձակված «փուչիկը» (ներկայումս ԻԻՀ համապատասխան մարմինները հետաքննում են, թե «ում ձայնով երգեց» պատգամավոր Քոդդուսին…), արձանագրեց. «ԱՄՆ իշխանությունները կիրառելով տնտեսական ահաբեկչություն, բռնապետական և ապօրինի պատժամիջոցներ, մտադիր են քողարկել իրանական ժողովրդի առջև իրենց կատարած հանցագործությունները, որպեսզի պատրվակ գտնեն և հող նախապատրաստեն Իրանի ժողովրդի դեմ հոգեբանական պատերազմ սկսելու համար»։

Վերն արդեն հիշատակված Կասեմին, ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի սուտ պնդմանը, թե Իրանի տնտեսական աճն իբր դանդաղել է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին երկրի մասնակցության պատճառով, ԱՄՆ պետքարտուղարի պնդումներն անվանեց հասարակական կարծիքը մոլորեցնող բացարձակ դեմագոգիա. «Ահաբեկչության դեմ պայքարը տարածաշրջանում և իրանական սահմանների խաղաղության, կայունության ու ավտանգության պաշտպանությունը, ինչը խափանեց ամերիկյան իշխանությունների հակաիրանական ծրագրերն ու մտահոգություն առաջացրեց նրանց մոտ, բնավ ինչ-որ նոր բան չեն քաղաքականության մեջ։ Իրանի տնտեսության աճի տեմպերը վերջին տարիներին, երբ երկիրը ահաբեկչության դեմ պայքարի առաջնագծում էր, կազմել են 8%»։

Եվ այդտեղ, հոկտեմբերի 31-ին «բացվեց» Պենտագոնի ղեկավար գեներալ Ջեյմս Մեթիսի ձայնը, որի մոտալուտ պաշտոնանկությունը վերջերս սկսել են կանխագուշակել, թերևս, հենց այն պատճառով, որ ամերիկյան զինվորականները այդպես էլ անկարող գտնվեցին բեկումների հասնել Իրաքում և Սիրիայում (Իրանի դիրքերն այնտեղ չեն թուլանում)։ Ելույթ ունենալով Վաշինգտոնի Խաղաղության ինստիտուտում, Պենտագոնի ղեկավարը, ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, հայտարարել է. «Դա անիմաստ պատերազմ է Իրանի քաղաքացիների համար, Սիրիայում գտնվելը… Դա չի գործի, նրանք զուր օգտագործում են մեծաքանակ ռեսուրսներ, որոնք փոխարենը կարող էին օգնել Իրանի ժողովրդին… Իրանի իշխանությունները չէին մասնակցի այդ բախմանը, եթե հոգ տանեին իրենց երկրի քաղաքացիների մասին… Մասնակցությունը սիրիական բախմանը հակասում է Իրանի շահերին»։ Այս խոսքերն ապացույցն են այն բանի, որ Վաշինգտոնի համար վրա է հասել Իրանի և Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցների դեմ քաղաքական ու ռազմական անզորության ժամանակաշրջան։

Ամերիկյան «Bloomberg» գործակալության նոյեմբերի 2-ի հաղորդագրությունը՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի չնշված ներկայացուցչի վկայակոչմամբ, թե իբր ԱՄՆ-ը համաձայնել է թույլ տալ ութ երկրների, ներառյալ՝ Հնդկաստանին, Ճապոնիային և Հարավային Կորեային, շարունակել իրանական նավթի գնումը նոյեմբերի 5-ին Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո, միայն հաստատում է մեր եզրակացությունը։ Հայաստանի իշխանությունը պարտավոր է հաշվի առնել մեր երկրի, ինչպես և Իրանի շուրջ տիրող իրավիճակի բոլոր նրբերանգները։ Եվ «պոչ չխաղացնել», փորձելով դուր գալ բոլորին։ Եզրակացրեք ինքներդ․ մի կողմից հայտարարվում է՝ «Ես հաստատում եմ այն դիրքորոշումը, որ Իրանի և Վրաստանի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն առանձնահատուկ և հնարավորինս դուրս գտնվեն աշխարհաքաղաքական ազդեցության շրջանակներից», սակայն մյուս կողմից դրան հաջորդում են ճամարտակություններ այն մասին, որ ինչ-ինչ պայմաններում Հայաստանի իշխանությունը չի բացառում Իրանի հետ սահմանների փակումը և այլն։

 

 

Սերգեյ Շաքարյանց