Կրքերը նորից բորբոքվում են Սևծովյան նեղուցների հարցի շուրջ

Ներկայումս ականատեսն ենք տասնամյակներ շարունակ անփոփոխ համարվող միջազգային նորմերի ու պայմանավորվածությունների վերանայմանը։ Այն, ինչ անքննելի էր երեկ, այսօր միջազգային հարաբերություններում ստեղծված իրավիճակին հակասում կամ պարզապես հակասող է համարվում։ Տարբեր մասնագետների, փորձագետների, դիվանագետների ու նույնիսկ գերտերությունների ղեկավարների կողմից կասկածի տակ է դրվում այնպիսի միջազգային կառույցների գործունեության արդյունավետությունը, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Եվրամիությունը և այլն, էապես ընդլայնվել են քաղկոռեկտության շրջանակները՝ ուղղակիորեն ասվում է ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ։

Նման պայմաններում միանգամայն սպասելի էր, որ շահագրգիռ երկրները մի օր անդրադառնալու են նաև 80-ամյա վաղեմություն ունեցող «Նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիա»-ին։ 1923 թ․ հուլիսի 24-ի Լոզանի խաղաղության պայմանագրի 2-րդ գլխի («Հատուկ դրույթներ») հոդված 23-ը նախատեսում էր ազատ նավարկություն Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով և Մարմարյա ծովով, ընդ որում, թե՛ խաղաղ պայմաններում, թե՛ պատերազմի ժամանակ։ Սակայն, 1936 թ․ հուլիսին Մոնտրյոյում ընդունված կոնվենցիայով որոշակի սահմանափակումներ մտցվեցին արտասևծովյան երկրների ռազմական նավերի նկատմամբ։ Մասնավորապես՝  արգելվեց ստորջրյա նավերի մուտքը, իսկ վերջրյա մինչև 30 հազ․ տ․ ջրատարողությամբ ռազմանավերի համար նախատեսվեց Սևծովյան ավազանում մինչև 21 օրվա տևողությամբ գտնվելու թույլտվություն։ Ընդ որում, ըստ հիշյալ կոնվենցիայի, պատերազմական պայմաններում նեղուցները պետք է փակվեն պատերազմող երկրի ցանկացած ռազմական նավի համար, իսկ եթե պատերազմական գործողությունների մեջ անմիջականորեն ներգրավված է Թուրքիան (կամ նույնիսկ եթե Թուրքիան իրավիճակը գնահատում է որպես իրեն սպառնալիք), ապա վերջինս կարող է թույլատրել կամ արգելել ցանկացած երկրի ռազմանավերի մուտքը նեղուցներ։ Այսինքն՝ եթե Լոզանի պայմանագրով նեղուցների նկատմամբ վերահսկողությունը դրված էր համապատասխան միջազգային հանձնաժողովի վրա, ապա այս դեպքում այդ գործառույթն ամբողջապես վերապահվեց Թուրքիային։

Հասկանալի է, որ նեղուցների հետ կապված առկա իրավիճակն ամբողջապես ձեռնատու է Թուրքիային, որովհետև այդ պետությունն այսօր հնարավորություն ունի ինչ-որ չափով իր վերահսկողության տակ պահել Սև ծովի հարավում (Մերձավորարևելյան տարածաշրջան) ու հյուսիսում (Ուկրաինա, Մերձդնեստր) տիրող ու բավական դինամիկ ընթացք ունեցող ռազմաքաղաքական իրավիճակը։ Միևնույն ժամանակ, Թուրքիան վերջին տարիներին ցուցաբերում է արտաքին քաղաքական կողմնորոշման սկզբունքային ու շոշափելի փոփոխություններ․ ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից հեռացում՝ Ռուսաստանի հետ աստիճանական մերձեցմամբ։ Քննարկման թեմա չդարձնենք, թե այս աշխարհաքաղաքական անցումը որքանո՞վ է իրական ու հեռու դիվանագիտական խաղից։ Բոլոր դեպքերում, սա որոշակի խնդիրներ է առաջացնում հատկապես Արևմտյան դերակատարների համար, որոնց ազդեցության հնարավորությունները նշված տարածաշրջաններում հայտնվում են սպառնալիքի տակ։ Ամենևին պատահական չէ, որ այս առթիվ մտահոգություններ են հնչում ԱՄՆ-ից ու նրա արևելյան գործընկերներից։ Այսպես, «Jamestown Foundation»-ի նախագահ Գլեն Հովարդը նշում է, որ այլ տարածաշրջաններից դեպի Սև ծով նավերի մուտքի սահմանափակումը  նախատեսող Մոնտրյոյի կոնվենցիան անհրաժեշտ է մոտ ժամանակներս վերանայել, որպեսզի ԱՄՆ Ռազմածովային ուժերը կարողանան մշտապես գտնվել Սևծովյան ավազանում ու ճնշումներ գործադրեն Ռուսաստանի վրա։ Իր հերթին, Ուկրաինայի ՌԾՈՒ հրամանատար Ի․ Վորոնչենկոն ահազանգում է, որ Ռուսաստանը փորձում է իր կոշտ վերահսկողության տակ վերցնել Սև ծովի ամբողջ տարածքը։

Ըստ մի շարք ռուսաստանցի փորձագետների, Մոնտրյոյի կոնվենցիայի չեղարկումը կամ վերանայումը հակասում է Ռուսաստանի շահերին, նրանք համարում են, որ ոչ միայն Ռուսաստանը, այլև Բուլղարիան ու Ռումինիան անպայմանորեն հանդես են գալու կոնվենցիայի պահպանման օգտին։ Սակայն մենք կարծում ենք, որ, ի տարբերություն Թուրքիայի, նշված կոնվենցիայի չեղարկման հարցում, ինչը Լոզանի փաստաթղթին կարող է վերստին իրավական ուժ հաղորդել, Ռուսաստանը ևս կարող է որոշ հետաքրքրություն ունենալ, մասնավորապես, ստորջրյա և մեծ ռազմանավերի նավարկության, ինչպես նաև Սևծովյան ավազանում ռազմական հավասարակշռությունը հօգուտ իրեն շեղելու հարցերում։

Հարցն, իհարկե, ավելի բազմակողմանի քննարկման անհրաժեշտություն ունի քննարկում, որում պետք է հաշվի առնել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների ամբողջ փունջը։ Սակայն, մի բան պարզ է, որ Մոնտրյոյի կոնվենցիայի նորմերն արդեն բազմաթիվ հակասություններ են ծնում աշխարհաքաղաքական դաշտում։

 

Լևոն Անդրիասյան