«Իսկ դա արդեն պատերազմ է Հայաստանի հետ ու մարտահրավեր ՀԱՊԿ-ին»․ Ալեքսանդր Սվարանց

ՀԱՊԿ. հակասություններն ու հեռանկարները

  ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովի հետկանչման, այդ կազմակերպությունում տիրող իրավիճակի ու ՀԱՊԿ հեռանկարի շուրջ է մեր բացառիկ հարցազրույցը ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սվարանցի հետ։

 

– Ալեքսանդր Ալեքսանդրովիչ, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին ազատելու հանգամանքն արդյոք կանդրադառնա՞ այդ կազմակերպության վարկանիշի վրա:

Բնական է, որ միջազգային ռազմաքաղաքական կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովին իր հայրենիքում հայտնի պատճառներով քրեական հետապնդման դրդապատճառով ազատելը որևէ կերպ չի մեծացնում այդ կազմակերպության հեղինակությունը (տվյալ դեպքում՝ ՀԱՊԿ-ի): Խնդիրը նաև նրանում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, անտեսել է իր գործընկերներին՝ ՀԱՊԿ-ի մասնակից երկրների ղեկավարներին, տվյալ կադրային խնդրի շուրջ նախնական տեղեկացման ու համաձայնեցման առումով: Վերջին հաշվով, չէ՞ որ խոսքը միջազգային կառույցի բարձր պաշտոնատար անձի մասին է:

Ընդ որում, ինչպես հայտնի է (թեկուզ և Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցության աղմկոտ գաղտնալսումներից), ինքը՝ Փաշինյանը, զգուշացվել էր Յուրի Խաչատուրովի հետկանչման ու կալանավորման որոշման բացասական արձագանքների ու անցանկալի հետևանքների մասին: Արթուր Վանեցյանն անմիջականորեն զեկուցել էր ՀՀ վարչապետին Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ու Արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական ներկայացուցիչների խնդրանքի բովանդակությունը: Սակայն, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Դրա հետ մեկտեղ, Յուրի Խաչատուրովի հետկանչման իրավիճակը բացահայտեց, իսկ ավելի ճիշտ մերկացրեց անմիջականորեն ՀԱՊԿ-ի ներսում առկա խնդիրները:

Նախ, խոսքը, առաջին հերթին, վերաբերվում է նման դեպքերի (օրինակ՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի մահվան կամ հիվանդության պատճառով նրա փոխարինման կամ հետկանչման) իրավական կարգավորման գործառույթային մեխանիզմների բացակայությանը։

Երկրորդ․ ՀԱՊԿ-ի ներսում կուտակվել են լրջագույն հակասություններ կազմակերպության անդամների փոխադարձ պարտավորությունների հետ կապված, այսինքն թե մի դաշնակիցը մյուսի հետ ինչ կերպ կարող է վարվել և ինչ կերպ չի կարող:

Այս առթիվ բավական բարդ հանրային քննարկումներ են ծավալվել Ղարաբաղյան խնդրի շուրջ հայ-ռուսական, հայ-բելառուսական և հայ-ղազախական հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի ռազմական հակառակորդ հանդիսացող Ադրբեջանի հետ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ռազմատեխնիկական ու ռազմաքաղաքական համագործակցության հարցերի վերաբերյալ: Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը ճիշտ վարվեց, երբ իր նախորդների պես չառաջնորդվեց անհիմն «իմաստությամբ», այլ անկեղծորեն և ուղղակի կերպով ուրվագծեց այն հիմնախնդիրները, որոնց հետ Հայաստանը համաձայն չէ: Եվ եթե դաշնակիցները շարունակեն նույն քաղաքականությունը (որում տարակուսելու պատճառներ չկան), ապա Հայաստանը դուրս չգալով ՀԱՊԿ-ի կազմից, այլ միջոցներ կձեռնարկի ինչպես սպառազինության շուկայի (առավել ևս հայտնի են Երևանում Ջոն Բոլթոնի կողմից արված հայտարարությունները, որոնց առթիվ իր անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ-ի պետական քարտուղար պարոն Գրիգորի Կարասինը), այնպես էլ իր ֆորմալ դաշնակիցների հետ հարաբերությունների հարցերում (Բելառուս և Եվրոպա, Ղազախստան և Ղրղզստան, Կենտրոնական Ասիա և արմատական իսլամի սպառնալիք և այլն): Կարծում եմ, նշված հակասություններին Հայաստանի լավագույն պատասխանը կլինի սեփական ռազմաարդյունաբերության զարգացումը և մարտական տեխնիկայի ու նորագույն սպառազինության մշակումները, այդ թվում՝ աշխարհում նմանակները չունեցող տեսակների:

Երրորդ․ Խաչատուրովի թեման ու դրան հաջորդող «մարտերը» մի կողմից Ղազախստանի ու Բելառուսի, իսկ մյուս կողմից Հայաստանի միջև՝ ի ցույց են դնում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածուների առաջադրման կազմակերպաքաղաքական սկզբունքների փոփոխման անհրաժեշտությունը:

Ինչպես հայտնի է, այդ պաշտոնի հիմնադրման պահից (2003 թվական) մինչև 2017 թվականի հունվարը ՀԱՊԿ-ի անփոխարինելի ղեկավար էր հանդիսանում Ռուսաստանի ներկայացուցիչ գեներալ-գնդապետ Նիկոլայ Բորդյուժան: Ինչպիսի՞ պահանջներ ունեին կազմակերպության անդամները պրն Բորդյուժային: Ինչո՞ւ էր պետք փոխել ՀԱՊԿ-ի ղեկավարի պաշտոնում Ռուսաստանի ներկայացուցչի առաջադրման կայացած մոտեցումը, չէ՞ որ այս կազմակերպությունը կայացել էր հենց Ռուսաստանի հետ կազմակերպության յուրաքանչյուր անդամի դաշնակցային հարաբերությունների շնորհիվ: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին կամ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի հետ շահերի ընդհանրության հիման վրա: Թերևս, այս պնդումն արդարացի է նաև մյուս անդամների պարագայում: Յուրաքանչյուր անդամը հատկապես ի դեմս Ռուսաստանի է տեսնում իր սեփական ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական աջակցությունը: Եվ եթե դա այդպես է, ապա ո՞ւմն է պետք այս «հիմար ժողովրդավարական» խաղը: Անհրաժեշտ է, որ այսուհետև ևս ՀԱՊԿ-ը ղեկավարվի Ռուսաստանի ներկայացուցչի կողմից, որը ռազմական ու մասնագիտական պատրաստվածության առումով ավելի լավ կկատարի այդ գործառույթը, քան մյուս անդամները: Վերջապես, Ռուսաստանը, հանդիսանալով տվյալ կազմակերպության հիմնական շահառուն, պետք է կարգուկանոն հաստատի ՀԱՊԿ-ի ներսում, որոշի դրա բովանդակությունն ու փոխադարձ պարտավորությունները: Այլապես ստացվում է, որ այսօր Աստանան ու Մինսկը բոյկոտում են 3 տարով ՀԱՊԿ-ը ղեկավարելու Երևանի իրավունքը, իսկ վաղը Երևանն է խոչընդոտելու բելառուսական ու ղազախական առաջարկություններին: Արդյունքում՝ լուծումներ չգտնելով, մենք շարունակելու ենք նվազեցնել ՀԱՊԿ-ի վարկանիշն ու կենսագործունեության նպատակահարմարությունը:

Չորրորդ․ Յուրի Խաչատուրովի հետկանչն ի ցույց դրեց նաև այդ պաշտոնի թեկնածուի տարիքի ու կարգավիճակի խնդիրը: Ինչ-որ առումով Ալեքսանդր Լուկաշենկոն ճշմարտացի է, երբ պնդում է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նպատակահարմար է առաջադրել ոչ թե պաշտոնաթող եղած, այլ գործող ու երիտասարդ գեներալի: Ես չեմ կարող համաձայնվել, որ տարիքն առած մարդն ավելի վատ կկատարի գլխավոր քարտուղարի պարտականությունները, քան երիտասարդը: Հասուն տարիքը փորձ է և իմաստություն: Խոսքը վերաբերվում է նրան, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի ոչ թե պաշտոնաթող մասնագետը, որին գործածություն գտնելու համար «պատվավոր աքսորի» են ուղարկում, այլ բանիմաց, գործունյա ու գործող գեներալ:

Վերադառնալով ՀԱՊԿ-ի վարկանիշին ու հեղինակությանը, ինձ մոտ հարցադրում է ծագում. արդյոք դրանք անհրաժեշտ բարձրության վրա՞ էին մինչև Յուրի Խաչատուրովի հետ կապված իրավիճակը: Իգոր Մուրադյանը ժամանակին նշում էր, որ այս կազմակերպությունը կփլուզվի առաջին իսկ լուրջ կրակոցից հետո: Մինչ օրս մենք նման երկու օրինակ գիտենք, որոնք կապված են Սիրիայում Ռուսաստանի ОՏՈՒ-ի խաղաղապահ գործունեության ու Լեռնային Ղարաբաղում ապրիլյան 4-օրյա պատերազմի հետ, որոնք բացահայտեցին ՀԱՊԿ-ի ներսում առկա տարաձայնություններն ու հակասությունները: Սակայն, դեռևս դրանք չեն հանգեցրել ՀԱՊԿ-ի ամբողջական ու վերջնական փլուզմանը:

Իհարկե, Իգոր Մուրադյանը այնքան էլ չսխալվեց այս հարցում: Սիրիայում Ռուսաստանին փաստացի որևէ մեկը չաջակցեց (որոշակի իմաստով՝ բացառությամբ Հայաստանի): Ես սա ասում եմ ոչ թե պարզապես Հայաստանի նկատմամբ հարգանքս արտահայտելու համար կամ հաշվի առնելով իմ ազգային ծագումը: Իմ կարծիքը հիմնվում է այն իրական տեղեկատվության վրա, որ հայկական կողմը (համենայն դեպս, որոշ նշանակալի քաղաքական ու ռազմական գործիչներ) ցանկություն է հայտնել ստեղծելու երեք հազարանոց հայկական կամավորական բրիգադ՝ ռուսական ՕՏՈՒ-ի կողմից Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելու, թուրք-սիրիական սահմանը վերահսկողության տակ պահելու և այդ երկրում բնակվող հայ ազգակիցների պաշտպանությունն ապահովելու համար: Այս առաջարկությունն իրատեսական էր 2015 թվականին, և հայկական կողմի մեղքով չէր, որ տվյալ նախաձեռնությունը չիրականացավ:

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման իրավիճակում Բելառուսն ու Ղազախստանը փաստորեն սատարեցին Ադրբեջանին, իսկ Աստանայի պահանջով ԵՏՄ ղեկավարների գագաթնաժողովը Երևանից տեղափոխվեց Մոսկվա (թեև Երևանում պատերազմ չկար ու բոլոր պայմաններն ապահովված էին նախատեսված միջոցառման կազմակերպման և անցկացման համար): Սակայն, տվյալ դեպքում ևս Ռուսաստանի դիրքորոշման շնորհիվ ապրիլյան պատերազմը սահմանափակվեց 4 օրով և դադարեցվեցին մարտական գործողությունները: Ինչի՞ կարող էր հանգեցնել Արցախի Պաշտպանության բանակի հակահարձակումը: Հավանաբար՝ Ադրբեջանի տարածքային հերթական կորուստների: Եվ նորից հարց է ծագում. իսկ ինչի՞ հասավ Ռուսաստանը:

Ռազմաքաղաքական կազմակերպության վարկանիշն ամրագրվում է դրա անդամների համատեղ ու համաձայնեցված գործողությունների շնորհիվ: Դրա հետ մեկտեղ, նման կազմակերպության անդամների շահերի տարբերությունների բերումով հնարավոր են նաև ներքին տարաձայնություններ, որոնք պետք է կարգավորի ՀԱՊԿ-ի առաջնորդը: Օրինակ, հենց նույն ՆԱՏՕ-ում կարելի է հիշատակել թուրք-հունական հայտնի հակասությունները Կիպրոսի ու Էգեյան ծովի մի շարք կղզիների հարցի շուրջ: Թույլատրելի սահմաններում այդ հակասությունները լուծվում են ԱՄՆ-ի կողմից (Հյուսիսային Կիպրոսի օկուպացումից հետո հայտնի են Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ ամերիկյան էմբարգոն, ինչպես նաև կիպրոսյան հիմնախնդրի սառեցումն ու դրա կարգավորման տեղափոխումն անհեռանկար քաղաքական բանակցությունների տիրույթ):

Հայաստանը պետք է շահագրգռված լինի ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հզորության ամրապնդման մեջ: Երևանը գտնվում է այդ ռազմական կազմակերպության ստեղծման ու կայացման ակունքներում: Հետևաբար, Հայաստանը չի կարող ՀԱՊԿ-ի փլուզման պատճառ հանդիսանալ, այլ հակառակը՝ Ռուսաստանի հետ միասին Հայաստանն ունակ է փոփոխելու այդ կազմակերպության ներքին ու արտաքին բովանդակությունը (ինչպես դա եղավ Ռուսաստանի հետ Սիրիայում հայկական ռազմական-մարդասիրական առաքելության պարագայում):

 

– Հայաստանի խնդրանքով կարո՞ղ է արդյոք կիրառվել ՀԱՊԿ-ի պայմանագրի 4-րդ հոդվածը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ ԼՂՀ բնակչության պաշտպանության նպատակով:

Մինչ օրս նման նախադեպեր չենք տեսել: Ինչպես հայտնի է, 1999 թվականին համաձայնագրի վավերացումից հրաժարվելու ու ՀԱՊԿ-ի կազմից դուրս գալու Ադրբեջանի որոշումը Բաքվի կողմից հիմնավորվում էր նրանով, որ տվյալ կազմակերպությունը չի աջակցում Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը հօգուտ Ադրբեջանի: Սակայն, ՀԱՊԿ-ը Ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծում նաև հօգուտ Հայաստանի: Մենք գիտենք, որ տվյալ հիմնախնդիրն ունի միջազգային կարգավորման այլ ձևաչափ, որն է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Այնուամենայնիվ, Հայաստանը՝ որպես Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը, հանդիսանում է ՀԱՊԿ-ի անդամ և փաստացի գտնվում է պատերազմական վիճակում Ադրբեջանի հետ, որը չի հանդիսանում տվյալ ռազմական կազմակերպության անդամ: Նման իրավիճակը պահանջում է, որպեսզի հարգվեն Հայաստանի շահերը և բացառվի ագրեսիան Ադրբեջանի կողմից: Հայտնի են դեպքեր, երբ ադրբեջանական կողմը ոչ միայն խախտել է զինադադարի ռեժիմը Ղարաբաղյան հակամարտության գոտում, այլ նաև դիվերսիոն ու այլ բնույթի ռազմական գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ:

Ավելին․ Թուրքիայի հետ համագործակցությամբ Ադրբեջանը հսկայական քանակի ռազմական տեխնիկա (այդ թվում՝ թուրքական «Կասիրգա» հրթիռային կայաններ և զրահատեխնիկա) և զինվորական անձնակազմ է տեղափոխել Նախիջևան: Բաքուն հայտարարում է իր կողմից իրականացված «հանճարեղ կըզըլ-գյունութի ռազմական օպերացիայի» մասին` 11 հազար հեկտար հողատարածքի ազատագրման և Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Ստեփանակերտ ռազմավարական հաղորդակցման ուղին կտրելու սպառնալիքի վերաբերյալ: Համապատասխանաբար, ՀԱՊԿ-ը և այդ նույն Ռուսաստանն այդ կապակցությամբ դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել: Սակայն, չանելն ամենևին չի նշանակում, թե ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը չեն արձանագրում իրավիճակն ու հետագայում հայտարարություններով ու գործողություններով հանդես չեն գալու:

ՀԱՊԿ-ը թե՛ 2016 ապրիլյան պատերազմի շրջանում և թե՛ Յուրի Խաչատուրովի ղեկավարման ժամանակ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ մի շարք հայտարարություններով է հանդես եկել՝ կոչ անելով կողմերին հիմնախնդրի խաղաղ կարգավորման ու ռազմական գործողությունները բացառելու: Սակայն, Հայաստանը ևս չի դիմել ՀԱՊԿ-ին անհրաժեշտ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Ակնհայտ է, որ դա պայմանավորված է նրանով, որ հայկական բանակն ունակ է ինքնուրույն կերպով ետ նետելու ադրբեջանական ագրեսորին և դիմելու հակահարձակման: Հնարավոր է, որ Հայաստանը (ինչպես նաև Ադրբեջանը) չի ցանկանում երրորդ ուժի ներգրավումը և հակամարտության գոտում արտասահմանյան խաղաղապահների բաշխումը: Չէ՞ որ շփման գծում միջազգային խաղաղապահ ուժերի բացակայության առումով Ղարաբաղյան հակամարտությունը յուրատիպ է: Ելնելով սեփական շահերից, դրանում շահագրգռված չեն նաև երրորդ ուժերը (օրինակ՝ Իրանը):

Հայտնի է, որ Ռուսաստանը ժամանակակից սպառազինության ու ռազմական տեխնիկայի (ներառյալ՝ հարձակողական տեսակները) բազմամիլիարդանոց մատակարարում է իրականացրել Ադրբեջանին, ինչն իր ողբերգական նշանակությունն է ունեցել ապրիլյան պատերազմի ընթացքում հարյուրից ավելի հայերի մահվան ու նյութական ավերածությունների հարցում: Ինչո՞ւ է Մոսկվան նման գործողություններ ձեռնարկում ի վնաս ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում իր դաշնակցի և տարածաշրջանում և աշխարհում ռուս ժողովրդի ամենամերձավոր բարեկամի: Պարզ է, որ զենքը լոլիկ չէ, այն կրակում է և հանդիսանում է աշխարհաքաղաքականության միջոց: Իսկ ադրբեջանական նավթից ստացված 5 միլիարդ դոլարն էլ չի լուծելու ժամանակակից Ռուսաստանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական սրագույն խնդիրները (Ռուսաստանն ինքն իր միջոցներով Թուրքիայում կառուցում է «Ակկույու» առաջին ատոմակայանը 21 միլիարդ դոլար արժողությամբ, և պատրաստ է նույն Թուրքիային տրամադրել 2 միլիարդ՝ C-400 հրթիռային համալիրների ձեռքբերման համար):

Կարծիք կա, թե նախագահ Վլադիմիր Պուտինը նման քայլերով փորձում է Իլհամ Ալիևին գայթակղել ու ներգրավել ինտեգրացիոն միությունների մեջ (ԵԱՏՄ և ՀԱՊԿ): Եվ Ռուսաստանի այդ քաղաքականությունը շարունակվում է ավելի քան 10 տարի, իսկ ո՞ւր է արդյունքը: Դարձե՞լ է, արդյոք, Ադրբեջանը ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ: Փոխե՞լ է արդյոք Ադրբեջանը նավթի ու գազի խողովակաշարերի ուղղությունները Թուրքիայից դեպի Ռուսաստան: 2018 թ. հունիսի 12-ին Ադրբեջանը Լոնդոնում համաձայնագիր չի՞ ստորագրել Ռուսաստանը շրջանցող ու դեպի Թուրքիա և Եվրոպա նոր գազամուղի մասին: Իր տարածքում Ադրբեջանը տեղակայե՞լ է ռուսական սահմանապահներ ու ռուսական ռազմահանգրվան… Այս հարցերին ռուսաստանյան վարչակազմը դրական պատասխան չի կարող տալ, թեև 2018 թ. ամռանը Ալեքսանդր Դուգինի գլխավորությամբ ռուսաստանյան քաղաքագետների ու մտածողների դեսանտը Ադրբեջանում հայտարարեց, որ Ադրբեջանը հանդիսանում է Ռուսաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը Անդրկովկասում: Սակայն, որտե՞ղ են այդ միության ուրվագծերը: Կա միայն Ադրբեջանի ձեռնպահ դիրքորոշումն իբր Ղրիմի ու Կերչի նեղուցի ռազմականացման մասին ՄԱԿ-ում հակառուսական բանաձևի քվեարկության ժամանակ (Հայաստանն ավանդաբար դեմ է քվեարկել այդ բանաձևին): Ստացվում է, որ ժամանակն անցնում է, սակայն Ադրբեջանը ճիշտ եզրակացությունների չի հանգում՝ պահպանելով փաստացի ֆեոդալական քաղաքական ու տնտեսական կարգը երկրում:

Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածը ղարաբաղյան իրավիճակի հետ կապված կարող է կիրառելի լինել միայն մեկ դեպքում, եթե Ռուսաստանը հասկանա և իր համար համապատասխան որոշման գա, որ Իլհամ Ալիևին տրված մտորումների ժամանակը սպառվել է (համաձայնեք, որ Լուսնի տակ ոչինչ և ոչ ոք հավերժ չէ, հավերժ չէ նաև Վլադիմիր Պուտինի նախագահության ժամկետը):

Այնուամենայնիվ, Հայաստանը և Արցախը միշտ պետք է պատրաստ լինեն արտաքին ագրեսիան ետ մղելու ու նոր սահմանագծերին հասնելու համար (անկախ նրանից, թե ՀԱՊԿ-ի համապատասխան հոդվածը կկիրառվի՞ Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, թե ոչ): Նոր ռազմական բախումը Ղարաբաղում հնարավոր է, որ բացի նաև նախիջևանյան ճակատը: Պատահական չէ, որ Ադրբեջանը խոշոր զինուժ ու ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Նախիջևանում: Իսկ դա արդեն պատերազմ է Հայաստանի հետ ու մարտահրավեր ՀԱՊԿ-ին: Նախիջևանի ներգրավումը ռազմական բախման մեջ կմիջազգայնացնի հայ-ադրբեջանական դիմակայությունը՝ Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ:

 

– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն են ՀԱՊԿ մասնակից երկրների ընդլայնման հեռանկարները: Կա՞ն արդյոք որոշակի նախադեպեր:

Ինձ հայտնի չեն ՀԱՊԿ-ի դարպասների մոտ այլ պետություններից առաջացած հերթերը: Մենք գիտենք միայն ՀԱՊԿ-ում դիտորդ-երկրի կարգավիճակով Պակիստանի մասնակցության ցանկության մասին, որը չկայացավ Հայաստանի վճռական և արդարացի դիրքորոշման շնորհիվ: Չէ՞ որ հայտնի է, որ Պակիստանը ոչ միայն ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին, այլ նաև Ղարաբաղյան հակամարտության դրդապատճառով հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ինչպես նաև մի շարք միջազգային հարթակներում (հիմնականում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում) Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համատեղ հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով և հայկական կողմին մեղադրում է, այսպես կոչված, կրոնական պատերազմի մեջ:

Կանդամակցի՞ արդյոք Ադրբեջանը ՀԱՊԿ-ին, ինչին այդպես ձգտում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը, դժվար է ասել: Եթե ՀԱՊԿ-ում պահպանվի կոնսենսուսով որոշումներ կայացնելու նախկին կարգը, ապա դժվար թե Ադրբեջանը հաղթահարի Հայաստանի վետոն: Տվյալ դեպքում Երևանի բացասական վերաբերմունքն ինքնանպատակ չէ հայկական կողմի համար, այլ բխում է ղարաբաղյան կարգավորման իրավիճակից ու Բաքվի հրաժարումից՝ ճանաչելու Արցախի անկախությունը: Վերջապես, այդ նույն Ադրբեջանը բոյկոտում ու մեկուսացնում է Հայաստանին տարածաշրջանային բոլոր տրանսպորտային ու տնտեսական նախագծերից: Ուրեմն ինչո՞ւ Հայաստանն այլ վարք պետք է ցուցաբերի:

Կարո՞ղ են, արդյոք, ՀԱՊԿ-ի նոր թեկնածուներ լինել, այդ թվում՝ ոչ հետխորհրդային հանրապետությունների կազմից: Կարծում եմ, նման հեռանկար հնարավոր է՝ կախված տարածաշրջանային ու գլոբալ ռազմական լարվածության աճից: Որպես թեկնածուներ, լիովին հնարավոր են Իրանը, Սիրիան, Սերբիան և Ուզբեկստանը: Սակայն դրա համար ՀԱՊԿ-ի ներսում իրական փոփոխություններ են անհրաժեշտ՝ ուղղված կազմակերպության միասնությանը և անդամների համաձայնեցված գործողությունների ամրապնդմանը: Այս հարցում գլխավոր խոսքը պետք է ասի Ռուսաստանը՝ ՀԱՊԿ-ի կառուցման կազմակերպա-քաղաքական սկզբունքների խստացման առումով:

 

Հարցազրույցը՝ Լևոն Անդրիասյանի