Ամերիկյան զինվորականների ու դիվանագետների ոչ միանշանակ դուրս գալը Սիրիայից

Դեկտեմբերի 19-ին համաշխարհային մամուլը գրեթե սենսացիոն լուր տարածեց այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է սկսել ամերիկյան զորքի դուրս բերումը Սիրիայից։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարեց այդ մասին անմիջապես այն բանից հետո, երբ Թրամփն իր Twitter-ում համապատասխան գրառումն արեց Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության նկատմամբ «հաղթանակի» մասին։

Թրամփի որոշումը միանշանակ չընդունվեց։ Արդեն դեկտեմբերի 20-ին, ինչպես հաղորդեց «Sky News Arabia» հեռուստաընկերությունը, «Սիրիական դեմոկրատական ուժեր» (SDF) ամերիկամետ զինյալ դաշինքը, որի միջուկը կազմում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG), դատապարտեց Վաշինգտոնի այդ որոշումը և այն անվանեց «դաշույնով հարված մեջքին»։ Բայց մինչև վերջ կարդանք Սանդերսին․ «Այդ որոշումը նշանակում է անցում կամպանիայի նոր փուլի»։ Սանդերսն ընդգծել է, որ, անհրաժեշտության դեպքում, Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները պատրաստ են վերադառնալ և պաշտպանել ամերիկյան շահերը․ «Մենք կշարունակենք միասին աշխատել, որպեսզի զրկենք արմատական իսլամական ահաբեկիչներին տարածքներից, ֆինանսավորումից, աջակցությունից և մեր սահմաններից ներս թափանցելու բոլոր հնարավորություններից»։

Նշեմ, որ նույնիսկ Մեծ Բրիտանիան չհամաձայնեց ԱՄՆ-ի հետ։ ՊՆ նախարարի տեղակալ Թոբիաս Էլվուդն Twitter-ի իր էջում գրեց, որ համաձայն չէ Թրամփի հետ, քանի որ «ԻՊ-ն վերափոխվել է ծայրահեղականության այլ ձևերի, իսկ սպառնալիքը ոչ մի տեղ չի անհետացել»։ Բուռն են արձագանքել նաև Թրամփի կուսակից սենատորները, օրինակ, Լինդսի Գրեմը, Մարկ Ռուբերոն և ուրիշներ։

Բրիտանական «Reuters»-ը հայտնեց, որ զորքերի դուրս բերումը կզբաղեցնի 60-100 օր։ 24 ժամվա ընթացքում էլ, ինչպես հայտարարվեց, Սիրիայից պետք է տարհանվեին Պետքարտուղարության բոլոր աշխատակիցները։  Պետքարտուղարությունն առաջ էլ, 2011 թ․տարհանել է իր ներկայացուցիչներին ու նրանց ընտանիքների անդամներին, բայց այն ժամանակ հեռանում էին միայն նրանք, ում ներկայությունը Սիրիայում պարտադիր չէր։ Հիմա, ինչպես տեսնում ենք, խոսքը գնում է բոլորի մասին, հետևաբար, նաև Սիրիայում ԱՄՆ-ի պետքարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի։ Եվ սա այն նրբություններից է, որ պետք է անհանգստության պատճառ դառնա։ Ստացվում է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է նոր պատերազմի, միայն թե հասկանալի չէ՝ Սիրիայի՞ դեմ, թե՞ Սիրիայում՝ Ռուսաստանի ու Իրանի դեմ։ Սակայն պարզ է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում դիվանագետներին այնտեղ պահել, խուսափելով այն իրավիճակներից, երբ դիվանագիտական կորպուսը կարող է պատանդ դառնալ։

Մի բան էլ կա, որ անմիջականորեն կապված է Թրամփի որոշման հետ։ Դրա վրա գործնականում ուշադրություն չեն դարձնում, և իզուր․․․ Դեկտեմբերի 19-ին, մինչև Թրամփի որոշումը, ինչպես հայտնում է ТАСС-ը, ԱՄՆ-ի կենտրոնական բանկի դերը կատարող Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) բազիսային տոկոսադրույքը բարձրացրեց 25 կետով՝ 2,25–ից մինչև 2,5%։ Հենց ԴՊՀ-ի այդ քայլից հետո նախագահ Թրամփը սկսեց «սիրիական կամպանիայի նոր փուլին անցումը»։ Փողը պատերազմի շարժիչ ուժն է՝ ամենուր և բոլորի մոտ, առավել ևս՝ ԱՄՆ-ում։

Վաշինգտոնը նշում է, որ Սիրիայից դուրս են բերվելու ընդամենը 2000 զինվորական, և հղում է անում 2017 թ․ դեկտեմբերի 7-ին Պենտագոնի հատուկ ներկայացուցիչ Ռոբ Մենինգի հայտարարությանը։ Բայց սա ուղղակի խաղ է, տվյալ դեպքում՝ թվերով։ Նույն 2017 թ․ Մենինգը խոստովանում էր, որ հարևան Իրաքում 5,2 հազարի հասնող ամերիկյան ուժեր կան, բայց ոչ ոք չի վերահսկել, թե քանի անգամ և ինչ քանակներով են ամերիկացիներն անցել Սիրիա ու հետ վերադարձել Իրաք։ Չէ՞ որ սիրիա-իրաքյան սահմանի հյուսիս-արևելյան հատվածը վերահսկում են հենց ամերիկացիներն ու ամերիկամետ SDF դաշինքի քրդական ջոկատները։

Սիրիայի ու Իրանի հետախուզությունների վկայությամբ, ԱՄՆ-ի իրաքյան զինվորականները մեկ անգամ չէ, որ ներխուժել են Սիրիա։ Բացի այդ, իրանական ISNA գործակալությունը երկու անգամ՝ 2015 և 2016 թթ․, հայտնել է, որ մի շարք դեպքերում Քուվեյթի ամերիկյան բազաներից են N քանակի զինվորականներ տեղափոխվել Սիրիա։ Հայտնի է, որ Քուվեյթում Վաշինգտոնը մոտ 6500 զինծառայող է պահում։ Ի վերջո, նաև երբեք չի նշվել, թե քանի ամերիկյան զինվորական է «պահ մտել» սիրիական տարբեր տարածքներում դեռևս գործող ահաբեկիչների դիրքերում և «չափավոր ընդդիմության» ներկայացուցիչների մարտական պատրաստվածության Էթ-Թանֆեի հարավային ճամբարում։

Օրինակ, Արևելյան Հալեպի ազատագրման գործողությունների ժամանակ գերևարվել են առնվազն 22 ամերիկացի հատուկ ջոկատային սպաներ, 21 ֆրանսիացիներ, 62-ը Թուրքիայից էին, 16-ը՝ Անգլիայից, և 7-ը՝ Իսրայելից (տես՝ https://www.veteranstoday.com/2016/12/17/breaking-syrian-special-forces-captured-14-us-coalition-officers-captured-in-aleppo/)։ Միայն այս դրվագով արդեն պարզ է դառնում, որ Սիրիայում ամերիկացիներն անհամեմատ ավելի շատ են, քան խոստովանում էր Մենինգը 2017թ․։

Եվս մեկ հարց․ ասենք թե ամերիկացիները դուրս բերեցին իրենց զինվորականներին։ Իսկ ի՞նչ կլինի նրանց սիրիական ռազմահանգրվանների հետ, կապամոնտաժե՞ն, թե՞ կհանձնեն YPG-ի քրդական ջոկատներին։ Ուրիշ մի հարց էլ կա․ ամերիկացիները հասցրել են քրդերի հետ համատեղ պահակակետեր ստեղծել թուրք-սիրիական սահմանին։ Ամերիկացիները կհեռանա՞ն այդտեղից․․․ Եվ եթե ռազմահանգրվանները մնան, չապամոնտաժվեն, իրենք՝ ամերիկացիները, կմնա՞ն արդյոք այդ բազաներում։

Եվ երրորդ հարցը․ ի՞նչ տեղի կունենա, եթե 60-100 օրից ԱՄՆ-ը չհանի իր զորքերը, կամ հանի ոչ բոլորին։

Երբ դեկտեմբերի 20-ին Պուտինին հարցրեցին Թրամփի հայտարարության մասին, նա հոռետեսորեն էր տրամադրված․ «Ես չգիտեմ, թե դա ինչ է։ Միացյալ Նահանգները ներկա է, ասենք, Աֆղանստանում արդեն 17 տարի, և գրեթե ամեն տարի ասում է, որ զորքերը հանելու է»։

Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2017թ․ նոյեմբերին ամերիկյան «The Washington Post»-ը հայտնում էր, որ ԱՄՆ-ը մտադիր է իր զորքերը Սիրիայում պահել նույնիսկ ԻՊ-ին հաղթելուց հետո, և մեղադրում էր Պենտագոնին Սիրիայում զինվորականների թվաքանակը քիչ ցույց տալու մեջ, ինչից հետո ռազմական գերատեսչությունը խոստովանեց, որ հաշվի չէին առել ցամաքային ուժերը։

Բոլոր դեպքերում, աշխարհն, իրոք, ինչ-որ «նոր փուլի» շեմին է, և Պետքարտուղարության դիվանագետներին Սիրիայից դուրս բերելը պակաս չի անհանգստացնում, քան այդ երկրում ամերիկյան զինծառայողների իրական քանակը չիմանալը։

 

Սերգեյ Շաքարյանց