Երթուղայինում գողությունից հետո փորձել է բանկային քարտով գումար կանխիկացնել, ու հենց այդտեղ էլ հայտնվել տեսախցիկի օբյեկտիվում (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու պայուսակից առերևույթ գողություն կատարած և գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը:

Տեղեկացնելով այս մասին, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի  բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույնը օրը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից դեպի Րաֆֆու փողոց ուղևորվելու ընթացքում երթուղայիններից մեկում իր պայուսակից գողացել են իր դրամապանակը, բանկային քարտեր և այլ անձնական իրեր: Նույն օրը քաղաքացին իր բջջային հեռախոսահամարին ստացել է հաղորդագրություն, որ իր բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ  է կատարվել, սակայն գաղտնաբառը սխալ հավաքելու հետևանքով գործարքը չի կատարվել:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որի նախաքննություն իրականցվում է ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: