Ծով խախտումներ հեղուկ, սեղմված գազի, շարժական լցավորման կայանների շահագործման ոլորտում

Հայտնաբերված խախտումներով տասնյակ վարչական և քրեական վարույթներ են հարուցվել

Դեռևս 2018թ. փետրվարի 28-ին տեղեկացվել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվում է արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, շարժական լցավորման կայանների շահագործման տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահպանման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

Հաշվի առնելով, որ շարժական գազալցակայանների շահագործման գործընթացն անմիջականորեն առնչվում է քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության հարցերին, ՀՀ դատախազության ստորաբաժանումների` Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի դատախազությունների կողմից հանձնարարականներ են ուղարկվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ՀՀ ոստիկանության և «Ճանապարհային ոստիկանության», ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմիններին՝ ապօրինի (չգրանցված), փորձաքննություն չանցած կամ անօրինական վերասարքավորված գազի շարժական լցավորման կայաններ շահագործող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայտնաբերելու, դրանց շահագործումը արգելելու, ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի խախտումների դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության հարցերը լուծելու նպատակով:

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մինչև 2018թ. հանրապետության տարածքում տարբեր ժամանակահատվածներում փաստացի շահագործվող թվով 193 շարժական գազալցակայաններից 63-ը սահմանված կարգով որպես արտադրական վտանգավոր օբյեկտ ռեեստրում գրանցում չեն ունեցել:

45 դեպքերում գազի շարժական լցավորման կայանները սահմանված կարգով չեն անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն, իսկ 12 դեպքերում գրանցված չեն եղել ՀՀ ԿԱ ՊԵԿ մարմիններում:

Ուսումնասիրության արդյունքում արձանագրված խախտումների կապակցությամբ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից 60 դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ:

Վարչական վարույթներով 32 անձինք ենթարկվել են տուգանքի, որի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 35 մլն դրամ:

Գրանցում չունեցող 12 դեպքերի վերաբերյալ հանձնարարականներ են ուղարկվել ՀՀ ԿԱ ՊԵԿ մարմիններին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների փաստերի առթիվ հարուցվել է 4 քրեական գործ:

Բացի այդ, արձանագրված խախտումների կապակցությամբ միջնորդագրեր են ուղարկվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին` արձանագրված խախտումների, դրանց պատճառների և նպաստող պայմանների վերացման, ոլորտի հստակ իրավական կարգավորման հարցերը քննարկելու համար: