Կամչատկայում, Կոմանդորյան կղզիների շրջանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժի մագնիտուդը (ուժգնության ցուցիչը) 7,4 է եղել, օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրական սեյսմոգրաֆիական կենտրոնը։

Երկրաշարժը տեղի է ունեցել Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 460 կմ և Էսսո գյուղից 395 կմ հեռավորության վրա։

«Камчатка-Информ» կայքը հայտնել է, որ «Շատ կամչատկացիներ արթնացել են ստորգետնյա ուժեղ ցնցումներից, տներում ցնցվել է կահույքը, օրորվել են էլեկտրական ջահերը»։

ՌԴ Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալների համաձայն, երկրաշարժի մագնիտուդը 7,2 է եղել, օջախը գտնվել է 85 կմ խորության վրա։

Ցունամիների նախազգուշացման Ամերիկյան խաղաղօվկիանոսյան կենտրոնը մագնիտուդը գնահատել է 7,3 և հայտնել է ցունամիի առաջացման վտանգի մասին։

ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության տարածաշրջանային ներկայացուցիչը «РИА Новости»-ին հայտնել է, որ, նախնական տվյալներով, երկրաշարժից հետո ավերածություններ չկան։ Ըստ հիշյալ ծառայության աշխատակցի, 7,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 80 կմ խորության վրա։ Նա ճշտել է, որ ցնցումներ զգացվել են Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքում (1−2 բալ), Ուստ-Կամչատսկիում (2−3 բալ), Նիկոլսկոյե գյուղում (մինչև 5 բալ)։