«Լույս» խմբակցությունից Անի Սամսոնյանն այսօր «մեխել» է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին (տեսանյութ)

Իսկապես ո՞րն է նախկիններից ներկայիս իշխանության տարբերությունը

Այսօր Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված սուր քննադատությամբ է հանդես եկել ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

«Պարոն քաղաքապետ, հարգելի ավագանի, եկել եմ ձեզ մի քիչ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից,- դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ մարությանին, ասել է Անի Սամսոնյանը:- Երեք ամսվա մեր համատեղ աշխատանքի ընթացքում պետք է նշեմ, որ ակնկալիքները շատ ավելի մեծ են եղել ձեր աշխատանքից, քան իրականությունն է։ Բնական է, ես երբևէ նման իլյուզիաներ և ֆանտազիաներ չեմ ունեցել, որ դուք կախարդական փայտիկով լուծելու ենք միանգամից բոլոր խնդիրները, բայց այս ընթացքում ծագել են մի շարք սկզբունքային հարցեր, որոնց դուք այդպես էլ լուծում չեք տվել: Եվ ես, հայտնի հանգամանքներից ելնելով, որ հնարավոր է այլևս հնարավորությունը չունենամ այս ելույթի, ձեզ նորից ուզում եմ հիշեցնել այդ հարցերի մասին։ Գրել եմ ձեզ երկու նամակ, երկու նամակին էլ ստացել եմ անհասկանալի պատասխաններ, ավելի լավ է, չպատասխանեիք ինձ, պարոն քաղաքապետ, գրեիք մեր տողով՝ ես ձեզ չեմ պատասխանում։

Առաջին նամակով ես խնդրել էի համատեղ հանդիպում ձեր կրթության և գիտության նախարարի, իմ և այն ուսուցիչների միջև, որոնք անարդարաբար և նվաստացուցիչ կերպով վիրավորված էին ձեր հանրակրթության վարչության պետից: Ես բերել էի փաստարկներ, կային վկայություններ, և մինչև օրս որևէ հակափաստարկ իմ ասածներին չի տրվել։ Կային ինչ-որ ձայնագրություններ կիսատ-պռատ, նախարարությունն ասաց՝ եկեք, վերցրեք, կգամ, բա չեմ գա:

Այս հարցի վերաբերյալ խայտառակ եղավ թե հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, տիկին փոխնախարարը, խայտառակ եղաք նաև դուք, պարոն քաղաքապետ, որովհետև ես այստեղ ելույթ ունեցա, հարց բարձրացրեցի, որ դուք պետք է հեռացնենք այդ անէթիկա պաշտոնյային։ Ես նաև իմ մի ուղիղ եթերում կոչով, ելույթով, հորդորով դիմեցի «Իմ քայլը» խմբակցության անդամներին։ Ձեզնից որևէ մեկը երբևէ այս նիստերի դահլիճից հարց չուղղեց պարոն քաղաքապետին՝ պարոն քաղաքապետ, ինչո՞ւ չեք հեռացնում Աննա Ստեփանյանին: Ձեր այն բազմաթիվ հարցերի փոխարեն, որոնք դուք կարող եք մեկ քլիկով գտնել erevan.am կայքում և չտալ այդ հարցերն այստեղ, դուք կարող եք նման հարցեր տալ, որովհետև ինձ պարոն քաղաքապետը չի պատասխանում, միգուցե ձե՞զ պատասխանի։

Ընտրություններից հետո ասում էիք, թե բա ոչինչ ընդդիմությունը քիչ է ավագանիում, մենք ենք լինելու ընդդիմությունը։ Հարգելիներս, ընդդիմություն նշանակում է հանրային արտաքին քաղաքական  ճնշում, ո՞ւր մնաց ձեր պատասխանատվությունը, ձեր հաշվետվողականությունը հանրության առջև։ Ես էլ կարող եմ իմ քաղաքական ուժի ներսում ինչ-որ բաներ քննարկել ու չհամաձայնել, օրինակ, ուրիշ ներկայացուցչի, նախագահի հետ, բայց դա չեղավ ընդդիմություն, աչքակապություն է դա ընդամենը։ Բարձրաձայնեք, հարցրեք․․․

Ինձ մարդիկ գալիս, հարցնում են՝ ինչո՞ւ չի հեռացնում Աննա Ստեփանյանին։ Ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Ասում են քաղաքապետը 80 տոկոս ձայն է ստացել, ես ասում եմ՝ հա, ստացել է։ Ասում են, որ դեմը խաղ չկա, ասում եմ՝ այո, դեմը խաղ չկա։ Բայց հիմա ես չեմ կարողանում իսկապես այդ հարցին պատասխանել, որովհետև քաղաքապետի հայտարարությունները և քաղաքապետի գործողությունները միմյանց չեն համապատասխանում, և ինձ մարդիկ ասում են՝ ինքը շահ ունի։ Ես ասում եմ՝ ո՞նց կարող է․․․ Ինձ ասում են՝ դու միամիտ ես այդ հարցում: Ի՞նչ ասեմ, պարոն քաղաքապետ, դուք ունե՞ք այդ հարցերի պատասխանները, և ես երբ գրավոր ձեզ այդ հարցով դիմում եմ, դուք ինձ տալիս եք լրիվ ուրիշ պատասխան, դուք ինձ չեք պատասխանում։ Մենք այդպե՞ս էինք պայմանավորվել միասին աշխատել։ Ես կարծում եմ՝ ոչ, և ես այս հարցում ձեզանից ակնկալում եմ սկզբունքայնություն, բայց դա դուք չցուցաբերեցիք»։