Վտանգված է ՀՀ ազգային անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկը

Հայկական երրորդ հանրապետության պատմության անցած 27 տարիների իրադարձություններն ապացուցել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար գործուն ու ազդեցիկ բարեկամ է։ Միջազգային բոլոր կառույցներում և քաղաքական զարգացումների վայրիվերումների գործընթացներում Իրանն ու պարսիկ ժողովուրդը հավատարիմ մնացին դարավոր բարեկամության ու դաշնակցության սկզբունքներին և գործնականում նպաստեցին մեր նորանկախ պետականության անվտանգությանը։ Սակայն հեղաշրջման միջոցով իշխանության եկած նիկոլյան կառավարման համակարգը վտանգավոր իրավիճակ ու լարվածություն մտցրեց արտաքին քաղաքական նաև այս ոլորտում։
Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ակնարկեց Բոլթոնի քաղաքական պահանջի մասին․․․ Իհարկե չհայտարարեց, որ հայ-իրանական սահմանը շուտով փակվելու է, ասաց, որ կարող է փակվել՝ կարծես նպատակ ունենալով ստուգել Իրանի և այլ պետությունների, ինչպես նաև մեր հասարակության արձագանքը՝ միաժամանակ Հայաստանի բնակչությանը հոգեբանորեն նախապատրաստել այդ իրադարձությանը։ Իսկ թե ինչո՞վ է փոխարինվելու ռազմավարական կարևորություն ունեցող ճանապարհը, և ո՞ր ճանապարհով են Հայաստան հասնելու մեր երկրի ու ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող նյութերը, ապրանքները, իհարկե, երիտասարդ ու կառավարման համակարգից անտեղյակ ներկայիս կառավարությունը չգիտի և չի ցանկանում անգամ մտածել այս ուղղությամբ։
Նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտնում ԱՄՆ-ի պատժամիջոցներն ԻԻՀ-ն նկատմամբ, և Հայաստանի իշխանությունների ստորաքարշ պատրաստակամությունը՝ առաջինը կատարելու այլ՝ թեկուզ գերհզոր պետության պահանջը՝ դաշնակցին դավաճանելու խայտառակ օրինակ է ու պատիվ չի բերում մեր դարավոր բարեկամական հարաբերություններին։ Իհարկե, Իրանը զգում է վտանգը և առաջին անգամ երես թեքեց Հայաստանից՝ միջազգային հարթակում միանալով հակահայ բանաձևին ու ցույց տալով, որ իր շահերի անտեսման դեպքում ինքն էլ պատրաստ է անտեսել դիմացինի շահերը։
Վերոնշյալի համատեքստում մենք կորցնում ենք երկու դաշնակցի՝ Ռուսաստանին և Իրանին, որոնք անմիջապես կողմնորոշվեցին դեպի Թուրքիա և Ադրբեջան։ Եվ առաջին անգամ ԻԻՀ-ն հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ինքը տեսնում է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Այս հայտարարությունը մեր արտաքին քաղաքական ամենամեծ պարտությունն է, որի հետևանքները շատ երկար են զգացնել տալու։ Այս իրավիճակում, երբ ռազմավարական դաշնակիցների շահերի դավաճանության հետևանքով մեկը մյուսի ետևից կորցնում ենք մեր ազգային անվտանգության գործուն մեխանիզմները, բարեկամին ու դաշնակցին, թող մեր ժողովուրդն ինքը գնահատի, թե իրականում իրենցից ինչ են ներկայացնում Փաշինյանի հռետորական հավաստումները հեղափոխական հպարտ արտաքին քաղաքականության մասին։
Կասպից ծովի կարգավիճակի հստակեցումը, կարծում եմ, մեզ համար ճանապարհ էր բացում ավելի արդյունավետ և ապահով, ռազմավարական նշանակություն ունեցող մատակարարման անխափան խողողավակ ունենալու համար, որը կասկածելի և ապազգային որոշման պատճառով լրջագույնս վտանգված է։ Արտաքին քաղաքականության մեջ մենք իրական հնարավորություն ունեինք ամրապնդելու մեր անվտանգության մակարդակը, որը նիկոլյան ապազգային իշխանությունների կործանարար քաղաքականության հետևանքով մեծ սպառնալիքի տակ է։

Վոլոդյա Հովհաննիսյան
Պատմաբան հասարակագետ, պահեստազորի գնդապետ