Վեհափառը նշել է հոգևորականների հետ քննարկումների կարևորությունը՝ ապագայի տեսլականի իրականացման, Եկեղեցու հետագա գործունեության նախանշման գործում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ

Դեկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի, Արցախի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 16 եկեղեցականների հետ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Դասընթացների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է հոգևոր հայրերին, ապա ամփոփելով տարին` տեղեկացրել, որ փետրվարի 11-ից սկսյալ, վերապատրաստման դասընթացներին մասնակցել է 161 հոգևորական` 127-ը Հայաստանից և Արցախից, 34-ը՝ սփյուռքի թեմերից: Անդրադառնալով վերապատրաստման դասընթացների օգտակարությանը, Սրբազան Հայրը խոսել է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ունեցած հանդիպումների կարևորության մասին, որոնք հնարավորություն են տալիս Եկեղեցու սպասավորներին Հայոց Հովվապետի հետ քննարկելու իրենց հովվական կյանքին առնչվող զանազան խնդիրներ և մարտահրավերներ:
Այնուհետև հոգևորականներին իր օրհնությունն է բերել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր հերթին կարևորել է վերապատրաստման դասընթացների անցկացումը` նշելով, որ դրանք առիթ են տալիս հովիվներին առանձնանալու և մտորելու իրենց հոգևոր առաքելության արդյունավորման մասին, ինչպես նաև հարստանալու նոր գիտելիքներով և միմյանց փորձառությամբ:

Հայոց Հովվապետն ընդգծել է, որ թեմերում ծառայող հոգևորականների հետ հանդիպումները և հավատացյալներին հուզող տարբեր հարցերի շուրջ քննարկումները մեծապես նպաստում են ապագայի տեսլականի իրականացման, Եկեղեցու հետագա գործունեության նախանշման գործընթացին:
Նորին Սրբությունը, իր գնահատանքը բերելով Եզնիկ Սրբազանին՝ դասընթացների կազմակերպչական գործը ստանձնելու համար, արձանագրել է, որ  ամենը կարվի, որ դասընթացներն ապագայում առավել արդյունաշատ լինեն և ընդգրկեն աստվածաշնչագիտությանը, հովվական աստվածաբանությանը և Եկեղեցու սոցիալական ծառայությանը վերաբերող նորանոր դասընթացներ և քննարկումներ:
Վերջում Վեհափառ Հայրապետը քահանաներին մաղթել է ուժ, կորով ու Երկնավորի առաջնորդությունն իրենց հոգևոր առաքելության մեջ:
Նորին Սրբությունը պատասխանել է նաև հոգևոր հովիվների հարցերին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: