ԱԴԾ-ն կանխեց ահաբեկչությունը ռուսական բանակում

Զինվորական հակահետախուզությունը հինգ տարվա ընթացքում կանխել է զինծառայողների դեմ ուղղված չորս ահաբեկչական գործողություն։ Այդ մասին այսօր ТАСС-ին պատմել է ՌԴ ԱԴԾ Զինվորական հակահետախուզության վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Յուրևը։

Հիշյալ վարչության ղեկավարը նշել է, որ երկրում ահաբեկչությունը մնում է որպես լուրջ սպառնալիք։ Բացի ահաբեկչական գործողություններից, ԱԴԾ-ն կանխել է ահաբեկչական ուղղվածության վեց հանցագործություն և ծայրահեղական 25 խմբավորումներ է վերացրել։

Ավելին․ վերջին 5 տարվա ընթացքում հատուկ ծառայությունների աշխատակիցները զորամասերում ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 2000-ից ավելի միավոր հրազեն, մոտ երկու միլիոն զինամթերք, 377 ինքնաշեն պայթուցիչներ, ինչպես նաև 32 տոննայից ավելի պայթուցիկ նյութեր։

Դրանից առաջ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել էր, որ 2018թ․ Ռուսաստանում վերացվել են 65 ահաբեկիչ, այդ թվում՝ հրոսակախմբերի  պարագլուխներից տասը, կալանվել են 236 շարքային զինյալներ և ահաբեկիչների 589 աջակիցներ։