Լուկաշենկոն մոլեգնե՞լ է

Մեր երկրի հանրությունը, Արցախի ժողովուրդն էլ հետը, ի վերջո, իմացան Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի սկանդալային, գրեթե փողոցային հայտարարությունների մասին։ Բելառուսական կոլխոզներից մեկի նախկին նախագահի մտքի բոլոր «գոհարները» ես չեմ կրկնի։ Միայն հիշեցնեմ, որ նա բարբառում էր այն մասին, որ Սերժ Սարգսյանը չէր ցանկանում զիջումների գնալ Արցախի հարցում։ Ինչո՞ւ է նա դա ասում հենց հիմա, երբ Ռուսաստանը հանդես է գալիս որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երկխոսության գլխավոր միջնորդ։

Լուկաշենկոյի հայտարարությունը միանշանակ չի ընկալվում․ ոչ այն է՝ Սարգսյանը բոլորովին չէր ցանկանում Բաքվի իրավասության տակ վերադարձնել հինգ շրջանները, ոչ այն է՝ նրա համար անցանկալի էր ռուսական ու բելառուսական խաղաղապահների հայտնվելը առճակատման գոտում։ Ընդ որում, Բելառուսի նախագահը հստակ ընդգծում է, որ Ադրբեջանը դեմ չէր իրադարձությունների զարգացման առաջարկվող սցենարին։

Հիշեցնեմ նաև, որ Լուկաշենկոն բոլորովին վերջերս Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների գագաթնաժողովում ելույթ ունեցավ խարդավանալից հայտարարությամբ․ «Անվտանգության հարցը հիմա, կարելի է ասել, կենտրոնականն է այս գագաթնաժողովում․․․ Ի դեպ, Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ մենք առանձնակի քննարկել ենք այս խնդիրը․․․ Ուկրաինայի արևելքի, Մերձդնեստրի, հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցերը։ Մենք պետք է ինչ-որ կերպ կազմակերպվենք և կտրենք այս գորդյան հանգույցները»։

Ինչ-որ բան հանգեցնում է այն մտքին, թե Մինսկի նման ակտիվությունը կարող է արդյունքը լինել Ալիևի հետ որոշակի պայմանավորվածության, ով վերջերս այցելել էր Բելառուս։ Կարելի է նաև ենթադրել, որ պաշտոնական Մինսկը նկրտումներ ունի դառնալու Ալիևի ու Փաշինյանի ենթադրյալ հանդիպման վայրը։ Քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, Լուկաշենկոն փորձում է Ռուսաստան՞ի հետ հանդես գալ, թե՞ միայնակ․․․ Չէ՞ որ մինչ այժմ ո՛չ նախագահ Պուտինը, ո՛չ էլ ՌԳ ԱԳՆ-ն չեն անդրադարձել Լուկաշենկոյի հայտարարություններին, և այս հարցում, ինչպես սիրում է ասել նույն Լուկաշենկոն, թերևս «որոշակի ենթատեքստեր կան»։  Ադրբեջանի ու Ալիևի հետ իր հարաբերությունների մասին կոլխոզի նախկին նախագահը, ոչնչից չամաչելով, փողհարում է աջ ու ձախ, և շատ քիչ է մնում, որ «900 միլիոն դոլարով» սկսի սիրո խոստովանանքներ զեղել Ալիևի հասցեին։

Գաղտնիք չէ, որ Մինսկը և Անկարան ցանկանում են համանախագահների կարգավիճակ ստանալ և ամբողջապես փոխել բանակցությունների ձևաչափը։ Եվ, ընդհանրապես, Բելառուսի նախագահի առաջարկը՝ Մինսկում Ալիև-Փաշինյան հանդիպման վերաբերյալ, համապատասխանում է Ադրբեջանի շահերին։ Ի միջի այլոց, բելառուսական փորձագետներն էլ են համարում, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է դառնալ այն գործոնը, որը որոշակի բոնուսներ կբերի Մինսկին»։

Սակայն, Լուկաշենկոյին դժվար թե հաջողվի այսրկովկասյան ուղղությամբ իր գիծը տանել, թեև բարդ խարդավանքի ունակ է։ Լուկաշենկոն այս ամենն անում է մի ժամանակահատվածում, երբ Արցախում ու նրա շուրջ «ինչ-որ բաներ են սպասվում»։ Պետք չէ նմանվել մի շարք ռուսական փորձագետների և հասարակական կարծիք ձևավորել, թե «սպասվում է խաղաղ քաղաքական-դիվանագիտական կարգավորում»։ Նման բան չկա։

 

Սերգեյ Շաքարյանց