Սորոսյան խորհրդարանի հակակշիռը արտախորհրդարանական ուժերն են

Հապշտապ իրականացված ԱԺ արտահերթ ընտրություններով ամեն ինչ ոչ թե ավարտվեց, այլ ամեն ինչ սկսվում է:

Հայաստանի անկախ պետականության պատմության մեջ տեղի ունեցան նախադեպը չունեցող ընտրություններ: Իշխանափոխություն իրականացրած Փաշինյանին հաջողվեց քաղաքական ողջ դաշտը բարիկադավորել. բացի իր քաղաքական ուժից, մյուս բոլոր կուսակցություններն ու դաշինքները հայտնվեցին բարիկադների հակառակ կողմում:

Ականատես եղանք բացառիկ ընտրարշավի. քաղաքական տեխնոլոգիաների գիտակը ճարպկորեն կիրառեց նաև «սևի ու սպիտակի» տեխնոլոգիան` դաշտը բաժանելով սևերի և սպիտակների: Իշխանության ղեկն իր ձեռքում ունեցող անձը քաղաքական հակառակորդների հետ խոսեց հաշվեհարդարի լեզվով` հարթակից սպառնալով փռել ասֆալտին, գլուխները ոլորել, պատերին ծեփել: Նրա թեթև ձեռքով մթնոլորտը բևեռացվեց ատելությամբ ու վախով:

Հեղափոխական էյֆորիայի ու քաղաքական բևեռացվածության նման պայմաններում  մեր երկրի «հպարտ և արժանապատիվ» քաղաքացիներն իրենց ձայներով ձևավորեցին, այսպես կոչված, նոր Հայաստանի խորհրդարանը:  Հեղափոխական էյֆորիան թույլ չտվեց, որպեսզի «հեղափոխություն» ասվածն առերեսվի բանականության հետ, թույլ չտվեց քննարկել ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքական ու տնտեսական կարևորագույն հարցեր: Գաղափարներն ու ծրագրերը հիմնականում մնացին ստվերում: Հայաստանի «հպարտ քաղաքացուն» ամենևին չհետաքրքրեց`  ի՞նչ է առաջարկում  Փաշինյանը, ի՞նչ է անելու ամբողջ իշխանությունը վերցնելուց հետո, և ումո՞վ է անելու։ Մեկ անձի հանդեպ իր անվերապահ հավատով Հայաստանի «արժանապատիվ քաղաքացին» ապահովեց կասկածելի ու անհայտ մարդկանց հեշտ ու հանգիստ մուտքը հայոց խորհրդարան:

Ի դեպ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները․ «Իմ քայլը» դաշինքը խորհրդարան մտավ 884864 կամ 70,42 տոկոս ձայներով, ուր ունենալու է  պատգամավորական 84 մանդատ:

Այսպիսով, Փաշինյանին հաջողվեց հաղթահարել իշխանափոխության ընտրական փուլը: Իսկ մանդատներ ստանալուց հետո սկսվում է երկրորդ փուլը՝ երկրի ու ժողովրդի առջև պատասխանատվության ստանձնման, գործելու փուլը: Հարց է առաջանում` այս իշխանությունն ունի՞ անհրաժեշտ ներուժ` երկրի համար  արդյունավետ գործելու, ի վերջո, քաղտեխնոլոգիաներին տիրապետելը մեկ բան է, երկիր կառավարելը՝ բոլորովին այլ բան: Ումո՞վ, ի՞նչ թիմով է իր հեղափոխական թեզերը կյանքի կոչելու իշխանափոխության առաջնորդը:

Իրականությունը բավականին մտահոգիչ է նաև նրանով, որ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ խորհրդարանի հետ։ Պատգամավորական մանդատ են ստացել  հանրության մեծամասնությանը հիմնականում անհայտ ու բացարձակ անփորձ  երիտասարդներ, հանրությունը նրանց մեծ մասին չի  ճանաչում, չնայած կուրորեն ձայն է տվել։ Նորեկները հեռու են և՛ օրենսդրական աշխատանքից, և՛, առհասարակ, քաղաքականությունից։ Նրանց մի մասն անկեղծորեն խոստովանում է, որ խորհրդարանական աշխատանքի ոչ փորձ, ոչ էլ պատկերացում ունի, անգամ ԱԺ շենքից երբևէ ներս չի մտել: Եկել են մարդիկ, որոնք ոչ հեռու անցյալում աչքի չեն ընկել հիշատակման արժանի որևէ գործով:

Սակայն, անփորձությունից բացի, կա մեկ այլ, առավել լուրջ վտանգ, որն այսօր կախված է մեր երկրի գլխին. նոր կառավարությունն ու խորհրդարանը  հիմնականում սորոսականների թիմ է՝ «Բաց հասարակություն-Հայաստան» հիմնադրամից տասնամյակներով ֆինանսավորված: Սրանք մարդիկ են, որ մեր հասարակությանը հայտնի են «գրանտակեր» անվամբ: Տարբեր հկ-ներում,  քաղաքացիական նախաձեռնություններում իրավապաշտպանի կամ ակտիվիստի անվան տակ ծվարելուց ու կլորիկ գումարներ ստանալուց զատ, նրանց մի մասն իրականում դրսի աչքերն ու ականջներն են եղել, նրանց քայլերը բխել են պատվիրատուի շահերից: Այդ անձինք նաև տարիներով որոշակի քաղաքական գիծ են իրականացրել Հայաստանում` զբաղվելով հոգևոր, ազգային, բարոյական ու հասարակական արժեքներին, սկզբունքներին հակառակ գաղափարախոսության ու վարքի քարոզչությամբ, փորձելով նպաստավոր պայմաններ ապահովել դրանց տարածման ու նույնիսկ օրենսդրական մակարդակով ամրագրման համար:

Արևմուտքի կողմից դրամաշնորհ ստացողների, համենայն դեպս, մի մասի իրական նպատակն եղել է մեր երկրի ապակայունացումը` բարոյապես, քաղաքականապես, սոցիալապես, տնտեսապես, ի վերջո, երկրի հիմքերը խարխլելու և իրենց իշխանությունն այստեղ տարածելու հեռանկարով: Եվ հիմա, փաստորեն, իշխանափոխության սցենարով Հայաստանում իշխանության եկածների մի մասը Արևմուտքի շահերին, մոտ ու հեռագնա ծրագրերին սպասարկող ուժեր են: Որպես օրենսդիր ու գործադիր, նրանք արդյոք ի զորու և պատրա՞ստ են  հայաստանանպաստ ու հայանպաստ որոշումներ կայացնել․․․

Հայաստանի խորհրդարանում հիմնականում հավաքվել են մարդիկ, որոնք պատրաստ են, երբ իրենց վերևից ասվի, ցանկացած պահի, առանց երկար- բարակ մտածելու, ստորագրել Հայաստանը ՀԱՊԿ-ից պոկելու որոշման տակ, հետո էլ նույնպիսի անտարբերությամբ հայտարարել`  դե, ՀԱՊԿ-ը անգործունյա կառույց է, ազատվեցինք: Ի դեպ, Փաշինյանն արդեն իսկ  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի  պաշտոնը երկրորդական և անօգտակար մի բան որակեց: Եկել են մարդիկ, որոնք  ԱԺ-ում կոճակները հուպ կտան և անպատասխանատվությամբ Հայաստանից դուրս կհրավիրեն 102-րդ ռուսական ռազմաբազան, փոխարենը` ներս հրավիրելով ՆԱՏՕ-ին։

Այն, որ նրանց մեծամասնությունն անվերապահորեն կատարելու է դրսից իջեցվող գրեթե ցանկացած հրահանգ, կասկած չունեմ, ձեռքերը բռնող էլ չկա, որովհետև խորհրդարանում նրանց քայլերին հակազդող իրական, գաղափարական ընդդիմություն չկա: Փոխարենը՝ կան ընդդիմության երևութականություն ստեղծողներ, որոնք հիմա զբաղված են ընդդիմության «դափնին» իրարից  փախցնելով.  ԲՀԿ-ն ասում է` իրական ընդդիմությունն ինքն է, «Լուսավոր Հայաստանն» էլ պնդում է, թե միակն ու «դասականն» իրենք են, որ կան: Իրականում թե՛ մեկը, թե՛ մյուսը հեռու են գաղափարական ընդդիմադիր ուժեր լինելուց: Հիշենք, որ  ԼՀԿ-ն ընդամենը մեկ տարի առաջ անցել է այն նույն գաղափարական դաշտով, որով անցել է «Իմ քայլը», Փաշինյանն ու Մարուքյանը մեկ դաշինքով նույն  ծրագրերով նախկին խորհրդարան մտած քաղաքական գործիչներ են: Ինչ վերաբերում է  ԲՀԿ-ին, նրա առաջնորդը վաղուց է տվել իր հավատարմության երդումը «հեղափոխության» առաջնորդին։

Փաստորեն, ունենք խորհրդարան, որտեղից բացակայում է իրական ընդդիմությունը: Ուրեմն, այս խորհրդարանից հնարավոր էլ չէ ակնկալել քաղաքական մտքերի գեներացիա, քաղաքական պայքար:

Միակ հույսը մնում է «փողոցը»՝ արտախորհրդարանական դաշտը, այստեղ է, որ ակնկալվում է քաղաքական մտքերի բախում, նոր գաղափարների ու նոր ուժերի  ծնունդ, որոնք, թերևս, կարող են թելադրող դառնալ` հակակշռելով սորոսական կառավարությանն ու խորհրդարանին:

 

Արմինե Սիմոնյան