Թուրքիան անտարբեր է Փաշինյանի խոսքերի հանդեպ

Ընտրություններն անցյալում են․ որոշ մարդիկ դրանցից գոհ են, որոշ մարդիկ, ինչպես միշտ, նույնիսկ 1996թ․ ՀՀՇ-ական հեղաշրջման ժամանակ, կարող են «ժողովրդավարական ու թափանցիկ» համարել դրանք․ սա ասում եմ՝ նկատի ունենալով ԱՊՀ երկրների դիտորդների կողմից մեր ընտրություններին տրված «գնահատականները»։ Իսկ որոշ մարդիկ ասում են, որ դրանք ամենա․․․ Մի խոսքով, ամեն մեկն իր կարծիքն ունի։ Իսկ հեղափոխականները հաղթանակ են տոնում, թեև ի՞նչ կա այդտեղ տոնելու, երբ ընտրողների կեսից ավելին չմասնակցեց ընտրություններին, դրանով նրանց մի մասն իր մերժողական վերաբերմունքն արտահայտեց և՛ հեղափոխականներին, և՛ նրանց ընդդիմախոսներին։

Մենք պարզեցինք մեր երկրի ամենամեծ կուսակցությանը, այն կոչվում է «Բոլորի դեմ»։ Այս դիրքորոշումն ունեցողներն այդ ոգով արտահայտվեցին բոլոր հայտնի սոցցանցերում։ Այնպես որ, այստեղ մտածելու և վերլուծելու շատ բան կա, և դա պետք է անեն ոչ միայն պարտված կուսակցություններն ու դաշինքները, այլև հաղթողները։ Հայաստանի ընտրողների 51-52 %-ը ձայն չի տվել ո՛չ հներին, ո՛չ նորերին։ Այս փաստը խոսում են նաև այն մասին, որ մեր հասարակությունը խորապես պառակտված է։ Եվ դա ամենասարսափելի պառակտումն է։ Կհավատա՞ն, կվստահե՞ն, արդյոք, այդ 51-52 %-ի հասնող քաղաքացիները մի մարդու, որի գլխավորած քաղաքական թիմին ձայն չեն տվել, բայց ով, բախտի բերմամբ, Գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակում է։ Սա շա՜տ լուրջ հարց է․․․

Անդրադառնանք հաղթողի մի շարք թեզերին՝ կապված նրա կառավարության արտաքին քաղաքականության հետ։ Նույն կերպ, ինչ ՀՀ նախկին ղեկավարն իր ժամանակին, Փաշինյանը դեկտեմբերի 10-ին հայտարարել է օտարերկրյա լրագրողներին՝ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների, ուղիղ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։

«Հուսով ենք, որ Թուրքիան ևս նման դիրքորոշում կընդունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ընդ որում, անընդունելի նախապայմանների թվում նա նշել է Արցախի հարցը։ «Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի, երրորդ երկրի հետ։ Ես ի նկատի ունեմ Ադրբեջանը»։

Ինչի՞ մասին էր մտածում Փաշինյանը, երբ հանկարծ հրապարակայնորեն հանդես եկավ Թուրքիային ուղղված «առանց նախապայմանների» առաջարկով։ Ինքն, ի՞նչ է, ԱԺ պատգամավոր չէ՞ր 2012-2017 թթ․, տեղյակ չէ՞ր, թե արդյունքում ինչու Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հրաժարվեցին հայ-թուրքական (2009թ․ Ցյուրիխյան) արձանագրություններից։

Ես չեմ հասկանում, թե ՀՀ վարչապետի պաշտոնակատարը 2018 թ․ դեկտեմբերին ինչո՞ւ հանկարծ որոշեց Թուրքիայի (չարժե թաքցնել, որ նաև ԱՄՆ-ի) հանդեպ նման վերաբերմունք դրսևորել (հենց ԱՄՆ-ն էր նախաձեռնողը Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության», իսկ մինչ այդ՝ չարաբաստիկ «հայ-թուրքական հանձնաժողովի»)։ Փաշինյան, գնացեք կալանված Ռոբերտ Քոչարյանի խուցը, նախկին նախագահը շա՜տ բաներ գիտի այն տարիների և այն գործերի մասին, որոնք դուք հիմա փորձում եք կարգավորել։

Փաշինյանի «փորձը» չանցավ․ դեկտեմբերի 11-ին նախագահ Էրդողանի աշխատակազմում մեկնաբանեցին նրա հայտարարությունը երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին։ «Trend» գործակալությունը մեջբերել է․ «Երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է ազատի զավթած ադրբեջանական հողերը»։ Նշված է նաև, որ պաշտոնական Անկարան, որպես նախապայման, պահանջում է Հայաստանից հրաժարվել 1915թ․ Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից։

Դրանք գրեթե նույն նախապայմաններն են, որոնցով թուրքերը 2010թ․ իրենց խորհրդարանում չեղարկեցին հայ-թուրքական արձանագրությունների ընդունումը և սկսեցին բացահայտ ճնշում գործադրել Հայաստանի վրա։

Փաշինյանի համար թարգմանում եմ Անկարայի խոսքերը, որ հասկանա մինչև վերջ և ընդմիշտ․ 1) այդ դուք՝ հայերդ եք թուրքերին մորթել, և ոչ թե թուրքերը՝ ձեզ, կորչի՛ Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը, 2) Փաշինյան, ապա մի շուտ հանձնիր Արցախը։ Թուրքերի համար ցանկալի է՝ առանց հայերի։ Այ, այդ ժամանակ թուրքերը կգովաբանեն Փաշինյանին, գուցե և մեծարելով հասցնեն մինչև թուրքական նոր մարգարեի աստիճանի։

Թուրքերը պատասխանեցին Հայաստանում ընտրությունների հաղթողի առաջարկին կամ ակնարկին։ Առաջին միջազգային պինդ ապտակը մեր երկրին հասցված է։

 

Սերգեյ Շաքարյանց