Դոնալդ Թրամփին իմպիչմենտ ու նույնիսկ կալանավորում է սպառնում

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն ասել է, որ, հնարավոր է, Դոնալդ Թրամփը վերջին տասնամյակներում ԱՄՆ-ի առաջին նախագահը լինի, որի կալանավորման հարցն է առաջ քաշվելու:

«Մեծ հավանականությամբ, Սպիտակ տնից Թրամփի դուրս գալու առաջին օրը արդարադատության նախարարությունը նրա դեմ գործ է հարուցելու»,- ասել է Ադամ Շիֆը։

Կանանց կաշառելու, նրանց հետ արդեն մեծ աղմուկի տեղիք տված իր վարվելակերպի և այլ խայտառակությունների առնչությամբ հարցերն առաջ քաշելու պարագայում մեծանալու են Թրամփի դեմ ճնշումները:

ԱՄՆ-ի դատախազներն անցած ուրբաթ նոր մանրամասներ են բացահայտել Մայքել Քոհենի գործի առնչությամբ, որը նպաստում է Մյուլերի մասին հետաքննություններին:

Ըստ CNN-ի հաղորդման, Քոհենը խոստովանել է, որ կաշառք է տվել Թրամփի պահանջով: Անցած ուրբաթ դատարանի զեկույցում գրվել է, որ Քոհենը կաշառք է տվել թիվ մեկ դեմքի համադրությամբ, և այդ դեմքն է ԱՄՆ-ի նախագահը:

CNN հեռուստաալիքը հայտնել է նաև, որ Թրամփը մտահոգություն է հայտնել իր նկատմամբ իմպիչմենտ հայտարարելու հնարավորության կապակցությամբ: ԱՄՆ նախագահի կարծիքով, դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ Ներկայացուցիչների պալատն անցնի դեմոկրատների վերահսկողության տակ:

Սակայն, միայն դեմոկրատները չէ, որ դեմ են ԱՄՆ-ի նախագահի վարած քաղաքականությանը, նրանց համախոհ են նաև մի շարք հանրապետականներ, թեև նրանք այժմ ԱՄՆ-ի Սենատի անդամներ չեն։ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից կազմված ԱՄՆ Սենատի նախկին 44 անդամներ, մի նամակով զգուշացրել են, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք վտանգի տակ են հայտնվել Միացյալ Նահանգների ազգային շահերը և սկզբունքները։

Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կատարած օրինախախտումներին, CNN հեռուստաալիքի ինտերնետային կայքն օրերս տեղեկացրել է․ «Առաջիկա ամիս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, որի մեծամասնությունը  կազմում են դեմոկրատները, սկսելու է իր աշխատանքը: Ենթադրվում է, որ առաջ կքաշվի Թրամփի իմպիչմենտի հարցնը: Իմպիչմենտի համար հնարավոր պատճառ կարող է հանդիսանալ նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների խախտումը:

Ավելին․ Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին ԱՄՆ-ի նախագահի շրջապատը նմանեցրել է մաֆիայի: «Թրամփը, նույնիսկ եթե իմպիչմենտի ենթարկվի, չի հեռանա իշխանությունից»,- ասել է Կոմին: Վերջինս ամերիկացիներին կոչ է արել 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում  դեմ գնալ Դոնալդ Թրամփին, մասնավորապես՝ գործող նախագահի մրցակցի համար վերջնական հաղթանակի պայմաններ ստեղծելով, վերջ դնել Թրամփի նախագահությանը:

Ջեյմս Կոմին միաժամանակ կոչ է արել դեմոկրատներին՝ առաջադրել այնպիսի թեկնածու, որը Թրամփին պարտության մատնելու լավ հնարավորություն կունենա: