Բաքուն ներքաշվել է ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականության մեջ

Մինչ մեզ մոտ ընտրություններ էին, Բաքվում լուրջ փորձագետները տագնապ էին արտահայտում։ Ոչ, ո՛չ այն պատճառով, որ Երևանում հաղթում են «քայլողները»․ դա նրանց ձեռք է տալիս, եթե դատելու լինենք այն հուսավորվածությամբ, որ ուներ և ունի Իլհամ Ալիևը՝ կապված Նիկոլ Փաշինյանի հետ։ Ադրբեջանցիների մոտ իրական վախ է առաջացնում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Քանի որ, ըստ ամենայնի, ԱՄՆ-ը ցանկանում է Ալիևների կլանին ներքաշել իր հակաիրանական պատժամիջոցների մեջ։

Ապշերոնյան տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին «Minval.az» կայքին տված իր հարցազրույցում հայտնել է, որ Բաքուն «որոշ չափով նույնպես արդեն սատարել է հակաիրանական պատժամիջոցներին․ դադարեցվել է Իրանի տարածքում կառուցվող երկաթուղու ֆինանսավորումը»։ Նրա խոսքերով, «կառավարության որոշմամբ անորոշ ժամանակով հետաձգվել է այն շինարարությունը, որի ընթացքում Ադրբեջանը պետք է 500 մլն դոլար ներդներ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի համար։ Դա հաստատում է նաև էկոնոմիկայի նախարար Շահին Մուսթաֆաևը, նշելով ինչ-որ «նոր հանգամանքներ»։ Թե որոշակի՝ ո՞ր, նախարարը չի բացատրել։ Իսկ փորձագետ Էլհան Շահինօղլուն պնդում է, որ «պետք է ի նկատի ունենալ Թեհրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները և նրանց, ովքեր օգնում են նրան»։

Սակայն դեռ բոլորովին վերջերս Բաքվի շատ փորձագետներ պնդում էին, որ «Ադրբեջանը լինելով Իրանի մոտակա հարևանն ու շատ ոլորտներում նրա կարևոր գործընկերը, խոշոր տրանսպորտային-էներգետիկ նախագծերի (օրինակ, «Հյուսիս-Հարավ») նախաձեռնողը, շարունակելու է իր անկախ քաղաքականությունն այդ ծրագրերի իրականացման ուղղությամբ»։ Ահա և ստացվում է, որ անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Բաքու շատ հաջողված էր․ ամերիկացիները կարողացան ապշերոնյան իշխանություններից որոշակի խոստումներ ստանալ Թեհրանին մեկուսացնելու և նրա հետ համագործակցությունը սառեցնելու հարցերում։

Այսինքն՝ իրականանում է նույն Ջաֆարլիի կանխատեսումը, ով ժամանակին բացեիբաց ասում էր․ «Մենք բավականին լավ հարաբերությունների ենք հասել ԱՄՆ-ի հետ, առանձնապես վերջին երկու տարիների ընթացքում։ Եվ մեզ համար դա շատ թանկ է։ Եթե ԱՄՆ-ն ուղղակիորեն կոչ անի որոշակի ոլորտներում դադարեցնել համագործակցությունն Իրանի հետ, ապա Ադրբեջանի կառավարությունը կարող է որոշակի զիջումների գնալ։ Ավելին՝ սառեցնել բոլոր այն կապերը, որոնք առնչվում են Արևմուտքի և ԱՄՆ-ի շահերին»։

Հիմքեր կան ենթադրելու, որ Բաքուն հետզհետե էլ ավելի է ներքաշվելու (եթե նրան սկսեն ակտիվորեն ներքաշել) ամերիկյան հակաիրանական պատժամիջոցային քաղաքականության մեջ՝ բանկային, տեխնոլոգիական, առևտրային և այլ ասպարեզներում։ Սակայն, խնդիրը նրանում է, թե ինչպես է Ադրբեջանը պատկերացնում իրանական ուղղության հետագա զարգացումը, քանի որ տեղի փորձագետները չեն կասկածում, որ «Իրանում զարգացող և հետագա ընթացք ունեցող իրադարձությունները, այսպես թե այնպես, անպայման կառնչվեն Բաքվի հետ»։

Սկզբում ադրբեջանական տնտեսությունը մեծ կորուստներ կարող է ունենալ էներգետիկ հատվածում, քանզի ենթադրվում էր, որ Թեհրանը կդառնա կառուցվող թուրք-ադրբեջանական TANAP և TAP խողովակաշարերի գազի մատակարարներից մեկը։ Այդ խողովակները լցնելու բան չի լինի։ Ընդ որում, Վաշինգտոնին դժվար թե դա հուզի, ինչպես որ չեն հուզում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրները։

Երկրորդ տարբերակ․ Ադրբեջանը կսպասի, մինչև ԵՄ-ն կառուցի Թեհրանի հետ ֆինանսական և տնտեսական միջազգային փոխգործակցության խոստացված համակարգը՝ շրջանցելով պատժամիջոցները, ինչը թույլ կտա մանևրելու քաղաքականություն վարել։ Բայց դա ե՞րբ կլինի․․․ Միգուցե Բրյուսելում սպասում են  Վաշինգտոնի պլանի իրականացմա՞նը՝ սոցիալական դրդապատճառներ ստեղծել Իրանում իշխանափոխության համար։ Բայց դա տեղի չի ունենա․ Իրանում իշխանությունը հիմնված է Աստծո Օրենքի վրա, և ոչ թե մարդկային․․․ Ի դեպ, Իրանում ԱՄՆ-ի ակնկալած իրադարձությունների զարգացումը դժվար թե բխի Ադրբեջանի շահերից։

Մերձավոր Արևելքի գծով փորձագետ, «The Great Middle East» նախագծի ղեկավար Ալի Հաջիզադեն չի բացառում Թեհրանում քաղաքական ապակայունացման սցենարը, երբ բողոքի ակցիաները կարող են վերաճել մասշտաբային ալիքի, և դա կհանգեցնի իշխանափոխության։ Ընդ որում, գտնում է փորձագետը, «չի կարելի բացառել ազգամիջյան ընդհարումների հողի վրա քաղաքացիական պատերազմի տարբերակը, և այնժամ Ադրբեջան կհոսի փախստականների որոշակի քանակություն»։ Արևմտամետ փորձագետների ապոկալիպսիսային կանխատեսումները նորություն չեն, և էական չէ՝ Ռուսաստանից են նրանք, Եվրոպայից, Ադրբեջանից թե Հայաստանից։ Նրանք հրաժարվում են տեսնել Ճշմարտությունը, իսկ Ճշմարտությունն այն է, որ Իրանը ջախջախեց ԱՄՆ-ի ու Իսրայելի պրոքսի-բանակները Սիրիայում, իսկ հիմա փորձում է հաստատել իր վերահսկողությունը Մերձավոր Արևելքի այլ մասերում և նույնիսկ Պակիստանում։

Մեկնաբանելով հակաիրանական պատժամիջոցների հետևանքները Բաքվի համար, «Baku Network» փորձագիտական խորհրդի ղեկավար Էլհան Ալեսկերովը պարզաբանում է, որ դրանք նոր բարդացումներ են մտցնում տարածաշրջանում ուժերի աշխարհաքաղաքական բաշխվածության մեջ և շոշափում են Ադրբեջանի երկու կարևորագույն հարևանների շահերը։ Ստեղծված հանգամանքներում Բաքվի համար գոյություն ունի նաև այլ տարբերակ․ իր համար անցանկալի իրադարձությունների բացասական զարգացումը կանխելու նպատակով, էլ ավելի սերտ հարաբերություններ հաստատել Մոսկվայի և, հնարավոր է, Անկարայի հետ ռազմա-տեխնիկական, քաղաքական և այլ ասպարեզներում։ Բայց այդ դեպքում կհաջողվի՞ արդյոք միաժամանակ պահպանել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ․․․ Ինչպես տեսնում ենք, Բաքվի համար ընտրությունը բարդ է և այն արդեն պետք է կատարել։ Եվ պարզ է, թե ինչու։

Ամերիկյան «Stratfor» հետազոտական-վերլուծական կենտրոնը հրապարակել է 2019թ․ իր կանխատեսումները, ուր հիշատակվում է նաև Ադրբեջանը։ Բաքվի «Haqqin.az» կայքը ներկայացնում է «ստվերային ԿՀՎ»-ի (փորձագիտական շրջաններում այդպես են անվանում «Stratfor»-ը) զեկույցի որոշ դրույթներ, որոնք վերաբերում են Ասիային, Եվրոպային, Մերձավոր Արևելքին և Այսրկովկասին։

Զեկույցում առանձին ու շատ կարևոր մի դրույթ վերաբերում է հակաիրանական շարունակական կամպանիային․ «ԱՄՆ-ը մտադիր է առաջ տանել տարածաշրջանային մակարդակով Իրանի մեկուսացման և այդ երկիրը ներսից թուլացնելու իր քաղաքականությունը։ Դա կուժգնացնի Վաշինգտոնի ու Թեհրանի հակասություններն ու կնվազեցնի նրանց միջև կառուցողական բանակցությունների հավանականությունը»։ Ըստ այդմ, Ադրբեջանի հարաբերություններն Իրանի հետ կարող են շատ լարված դառնալ, քանի որ, ինչպես գտնում են «Stratfor»-ում, Բաքուն կթեքվի դեպի Իրանին զսպելու ամերիկյան ռազմավարությունը։

 

Սերգեյ Շաքարյանց