Հետաքրքիր է ծանոթանալ ՀՀ ոստիկանության բացատրությանը Նոր Գեղիի դանակահարության առնչությամբ

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, հիշյալ կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի դանակահարության դեպքի առթիվ:

2018թ. դեկտեմբերի 9-ին, ժամը 22։30-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խաչմերուկում մարդիկ են հավաքված, վիճաբանում են և նրանցից մեկի ձեռքին դանակ կա։

2018թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 00։50-ին «Աբովյան» ԲԿ-ից ևս ՀՀ ոստիկանության Նաիրիի  բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի աջ կեսի և կրծքավանդակի ձախ կեսի  կողմնային մակերեսի կտրած-ծակած  վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1980 թվականին, «աջ ստործնոտային և վերծնոտային կտրած վերքեր» ախտորոշմամբ  բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի՝ 1976թ. ծնված տղամարդ, իսկ «որովայնի կողմնային պատի ծակած- կտրած վերք»  ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1977թ.։

Նույն օրը, ժամը 01։10-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 23։40-ին «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ  բուժօգնության  է դիմել  ևս մեկ անձ՝ Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1992 թվականին, ով հայտնել է, որ վնասվածքն ստացել է  Նոր Գեղի գյուղում՝ անհայտ անձի կողմից դանակով  հարվածելու հետևանքով։

Դեպքի առթիվ 2018թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախնական տվյալներով՝ նշված անձինք վնասվածքներն ստացել են Նոր Գեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:  Նրանք ճանաչվել են տուժող:

Ձեռնրակված անհրաժեշտ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1991թվականին:

Կատարված դեպքի վայրի զննությամբ վերցվել են արյան նմուշներ  և 9 սմ երկարության, 1,5 սմ լայնության դանակի կոտրված շեղբ ու 7 սմ երկարության դանակի պլաստմասե բռնակ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատաքրեագիտական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն։  Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ միջոցներ ձեռնարկել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Այս ամենից հետո, անշուշտ, հետաքրքիր է ծանոթանալ ՀՀ ոստիկանության բացատրությանը, թե 2018թ. դեկտեմբերի 9-ին, ժամը 22։30-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդումն ստանալուց հետո ե՞րբ և ի՞նչ են ձեռնարկել ոստիկանները։