Ամերիկյան նավթագործները շտապում են լքել Ապշերոնը

Բրիտանական «Reuters» գործակալության տեղեկացմամբ, «Exxon Mobil» ընկերությունից հետո ևս մի ամերիկյան նավթային մենաշնորհատեր՝ «Chevron»ը, պատրաստվում է վաճառել իր մասնաբաժինը միջազգային կոնսորցիումում, որը նավթահանքեր է շահագործում է Ազերի-Չիրագ-Գյունեշլի (ԱՉԳ) բլոկում։ Նշվում է, որ «Exxon Mobil»-ը նախատեսում է մոտ 2 մլրդ դոլար ստանալ ԱՉԳ-ում իր 6,8%-ի վաճառքից, իսկ «Chevron»-ը հրաժարվում է ոչ միայն այդ նախագծի իր 9,6%-ից, այլև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի իր 8,9% մասնաբաժնից։ Ինչպես փաստում է Բաքվի «Haqqin.az» կայքը, «25 տարի գործելուց հետո, ամերիկյան նավթագազային ընկերությունները լքում են Ադրբեջանը։ 1996թ. «Դարի գործարքին» մասնակցում էին հինգ ամերիկյան ընկերություն, որոնցից երեքն արդեն վաճառել են իրենց բաժիններն ու հեռացել են երկրից»։

Հանրահայտ է, որ ժամանակին ապշերոնյան նախագծերին սատարում էին ԱՄՆ-ն ու Արևմուտքի երկրները, քանզի ենթադրվում էր, որ դա կնվազեցնի Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից։ Հիշեցնենք ամերիկյան «Միջազգային հարաբերությունների խորհրդի» անցկացրած «XXI դարի էներգետիկ քաղաքականության ռազմավարական մարտահրավերները» հետազոտությունը, որում պնդում էին, որ Կասպից ծովում իր ազդեցությունն ակտիվացնելու արդյունքում Վաշինգտոնը կհրաժարվի ՕՊԵԿ-ից կախվածությունից։ Հիմա օբյեկտիվ գործոնն է սկսում աշխատել. երկրաբանական պատճառներով ԱՉԳ-ում նավթի արդյունահանումն անկում է ապրում, իսկ ուրիշ նախագծեր Բաքուն չունի։ Նշված միտումների պարագայում շուտով կսկսեն «դատարկվել» Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նավթատարները։ Այս կապակցությամբ Բաքվի որոշ փորձագետներ նշում են, որ ԱՉԳ-ի հանքերի պահուստային ծավալները պետական գաղտնիք են հանդիսանում։ Սակայն, նրանց օտարերկրյա գործընկերները գտնում են, որ ներկայիս նավթարտահանման մակարդակի պարագայում ԱՉԳ-ի պաշարները կսպառվեն արդեն 2019թ.։

Այսինքն՝ տեղի է ունենում այն, ինչ կանխատեսում էին արևմտյան շատ վերլուծաբաններ, ովքեր պնդում էին, որ «2013-ից 2018-20 թթ. ժամանակահատվածում Ադրբեջանում կփակվեն ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ամենակարևոր տարածաշրջանային աշխարհաքաղաքական ու ռազմավարական նախագծերը»։ 2008թ. հոկտեմբերին Թեհրանում անձամբ մասնակցել եմ Միջազգային տարածաշրջանային կոնֆերանսին և հիանալի հիշում եմ Շվեյցարիայի ներկայացուցիչների խոստովանությունը, որ իրականում Բաքուն ոչ միայն նավթի հայտագրված պաշարները չունի, այլ նաև գազի։ Եվ հիշում եմ, թե հետո ինչ էր կատարվում դահլիճում, երբ իրանցի փորձագետները ներկայացրին իրենց հաշվարկները, որոնք ապացուցում էին, որ 2020 թվականից հետո Արևմուտքը ոչ մի կերպ չի կարող գոյատևել առանց Իրանի նավթի ու գազի։

Ադրբեջանում ապրանքային գազի արտադրության նվազումը Բաքվին դարձրել են գազ ներմուծող։ Ընդհանուր հաշվարկով, 2015-17 թթ. ժամանակահատվածում գազի ներմուծումն աճել է 16 անգամ՝ 107 մլն խմ-ից մինչև 1,7 մլրդ խմ։ 2018թ․ տարեվերջի տվյալներով, Ադրբեջանի կողմից գազի ներմուծումը, հավանաբար, ավելի նշանակալի կլինի։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը, որին ԱՄՆ-ը որոշակի փուլում այլընտրանք էր համարում Պարսից ծոցին ու Կասպիցում Իրանի նավթի ու գազի պաշարներին, հիմա կորցնում է իր այդ կարգավիճակը։ Ի դեպ, հիմա Իրան են մտել ու հիմնավորվում են այնտեղ բազմաթիվ ռուսական ու չինական ընկերություններ՝ Ադրբեջանից փախչող արևմտյան ընկերությունների փոխարեն։

Էներգակիրների պաշարների պահուստների ցանկը, ինչպես հայտնի է, գլխավորում են Ռուսաստանն ու Իրանը, թեև նրանց հիմնական պաշարները տարածաշրջանում չեն գտնվում։ Իրանի պաշարները գտնվում են Պարսից ծոցի գոտում, իսկ Ռուսաստանինը՝ Արևմտյան ու Արևելյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Արկտիկայում։ Գիտակ նավթագործներն ի սկզբանե էլ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն անվանում էին քաղաքական նախագիծ, որի իրականացումը ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից չէր կապվում ԱՉԳ հանքավայրերի իրական պաշարների և շուկայական իրավիճակի հետ։ Գլխավոր գործոն էր համարվում «նպատակահարմարությունը»։ Ուստի և այս նախագծից ամերիկյան «Exxon Mobil» և «Chevron» ընկերությունների դուրս գալու փաստը ձեռք է բերում քաղաքական, աշխարհատնտեսական և նույնիսկ ռազմավարական նշանակություն։

Ներքին քաղաքականության տեսանկյունից Բաքուն, վաղ թե ուշ, ստիպված կլինի (և արդեն սկսել է) ջանքեր գործադրել օրախնդիր սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար, օգտագործելով այլ ռեսուրսներ, առանց նախկին «նավթադոլարային» հաշվարկների, ինչը, տրամաբանորեն, պետք է որ հանգեցնի որոշակի ներքաղաքական փոփոխությունների։ Աշխարհաքաղաքականության տեսանկյունից՝ Ալիևների կլանը ստիպված կլինի վերանայել իր արտաքին քաղաքականության վեկտորները, հայացքը թեքել դեպի Մոսկվա, Թեհրան, նույնիսկ՝ Պեկին, և ոչ թե՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ երկխոսության մեջ նախկինի պես փորձել խաղարկել «ռուսական» և «իրանական» խաղաքարտերը։

Ուշադրություն դարձնենք, որ Ադրբեջանին ԱՄՆ-ի քաղաքականացված «սիրահետումները» դեռևս իրենց բարձունքի վրա են առաջին հերթին այն պատճառով, որ Վաշինգտոնն առաջ է տանում (հիշեցնենք՝ սկսած հենց 2016 թ. ձմեռ-գարնանից, ինչից հետո Բաքուն հանկարծ հարձակվեց Արցախի վրա) ոչ պակաս քաղաքականացված մի նախագիծ, որի անունն է «Հարավային գազային միջանցք» (ՀԳՄ)։ Այնպես որ, առայժմ պետք չէ ոգևորվել առ այն, որ «Exxon Mobil» և «Chevron» ընկերությունների հեռանալով, ԱՄՆ-ի ղեկավարությունը կկորցնի հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ։ Ո՛չ, «խաղը» կանգ չի առնի, «շոու մասթ գոու օն», ինչպես երգում էր Ֆրեդի Մերկյուրին։ ՀԳՄ նախագիծը դեռ արխիվ չեն հանձնել…

Ադրբեջանական նավթի առնչությամբ հիշենք նաև 2008թ․ հոկտեմբերին Թեհրանում հնչած խոստովանությունը. Բաքվի նավթն ու գազը Թուրքիայով գնում են… միայն Իսրայել, և ոչ մի այլ տեղ։ Երկար տարիներ Թել Ավիվը Բաքվի նավթի ու գազի գլխավոր գնորդն է, թեկուզ և՝ անուղղակիորեն։ Հաշվի առնելով իրավիճակը Մերձավոր Արևելքում, նաև՝ ծանր հակասություններն ԱՄՆ-Իսրայել տանդեմի ու Իրանի միջև, ամերիկյան ընկերությունների հեռանալը նման է ապագա ռազմական թատերաբեմից նախազգուշական նահանջի։

 

Սերգեյ Շաքարյանց