Երբ ոտքի է ելնում ժողովուրդը․ ալեկոծումը դեռ նոր է սկսվել (տեսանյութ)

Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայում «դեղին ժիլետավորների» բողոքի ցույցերի չորրորդ ալիքն եղել է ընդդեմ հարկերի ավտոմեքենաների վառելիքի գների աճի։ Փարիզում, Մարսելում, Լիոնում, Նանտում, Լիլում, Թուլուզում և այլ քաղաքներում այդ ցույցերին հետևել են ոստիկանների հետ ընդհարումները։ Միայն անցած շաբաթ օրվա ցույցերի ընթացքում մասնակիցների թիվն անցել է 136 հազարի սահմանը։

Ֆրանսիայում սկիզբ առած բողոքի ալիքն ավելի է տարածվում, ուժայինների հետ բախման ու բռնարարքների հետևանքով արդեն իսկ զոհվել են բազմաթիվ քաղաքացիներ, հարյուրավոր ուրիշներ վիրավորվել են, միայն շաբաթ օրը ձերբակալվածների թիվը հասել է մոտ 2000-ի, առնվազն 1220-ի նկատմամբ կիրառվել է կալանք՝ «բռնություն գործելու նպատակով դավադրություն» և «հանցագործության մղող սադրանք» կազմակերպելու մեղադրանքներով:

Ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆեր Քասթաները շաբաթ գիշեր հայտարարել է, որ վիրավորներից 17-ն անվտանգության ուժերի ծառայողներ են։ Իշխանությունները մեծ թվով իրավապահ ու անվտանգության ծառայության աշխատակիցներ են տեղակայել ակցիայի շրջանակում հասարակական կարգի պահպանման համար:

Ֆրանսիայում ընթացող «Դեղին ժիլետավորների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են  2018թ․ նոյեմբերի 17-ից: Դրանցից առաջինին երկրի մասշտաբով մասնակցել է շուրջ 280 հազար մարդ, նրանք բողոքել են վառելիքի գնի ավելացման դեմ: Բողոքի միջոցառումների մասնակիցների թիվը կարճ ժամանակ անց ավելացել է: Ցուցարարների մեծ մասը կրում են դեղին բաճկոններ, որի պատճառով շարժումն անվանվել է «դեղին բաճկոնների շարժում»:

Արդեն ավելի քան երեք շաբաթ է, ինչ Ֆրանսիայում շարունակվում են նախագահ Էմանուել Մակրոնի տնտեսական քաղաքականությունների դեմ ուղղված բողոքի զանգվածային միջոցառումները։ Հազարավոր ֆրանսիացիներ, տնտեսական պահանջներին զուգահեռ, նշված երկրի փողոցներ դուրս գալով, պահանջում են Մակրոնի հրաժարականը: Այդ երկրի ավելի քան 200 միջնակարգ դպրոցների ու համալսարանների աշակերտներ ու ուսանողներ միանալով հակադրամատիրական ցույցերին, դասադուլ են սկսել։

Ֆրանսիայում բռնկված բողոքի և անհնազանդության միջոցառումներն ամեն օր ավելի են տարածվում ոչ միայն Ֆրանսիայում, այլ եվրոպական այլ երկրներում, այդ թվում՝ Նիդերլանդներում ու Բելգիայում: Նիդերլանդների ԶԼՄ-ները հայտարարել են, որ  Ռոտերդամ, Հաագա, Մաաստրիխտ, Ալքմար և Գրոնինգենի քաղաքներում ցուցարարները  հանդես են եկել թոշակի անցնելու տարիքը նվազեցնելու, շրջակա միջավայրի ոլորտում կառավարության քայլերին վերջ դնելու, ինչպես նաև Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հրաժարականի և  այդ երկրի՝ Եվրամիության կազմից դուրս գալու կոչերով: Հաագա քաղաքի  ոստիկանությունը փակել է դեպի խորհրդարանի շենք և վարչապետի գրասենյակ տանող ճանապարհները: Բելգիայում ևս հակակառավարական ցույցեր են ընթանում, իսկ Գերմանիայում երկաթգծի աշխատակիցներն են գործադուլ արել։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրն անդրադառնալով  «դեղին բաճկոնավորների» բողոքի երթին, «Twitter»-ում հայտարարել է, որ ֆրանսիացիներն ուզում են իրեն տեսնել որպես Ֆրանսիայի նախագահ։ Ըստ Թրամփի, Ֆրանիսայի ժողովուրդը գոռացել է՝ «մենք Թրամփին ենք ուզում»: Մեկնաբանելով Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձությունները, Թրամփը գրել է, որ «դեղին ժիլետավորների» իրենց ցույցերում ֆրանսիացիները վանկարկում էին՝ կոչ անելով հանրապետականին գլխավորել իրենց երկիրը։ Բողոքների պատճառը, Թրամփի կարծիքով, կլիմայի վերաբերյալ 2015թ․ փարիզյան համաձայնագիրն է («Կլիմայի փոփոխության մասին»  ՄԱԿ ‐ի շրջանակային կոնվենցիայի «Փարիզյան համաձայնագիր»)։

ԱՄՆ-ը չպետք է խառնվի Ֆրանսիայի ներքին քաղաքականությանը, ТАСС-ի տեղեկացմամբ, Ֆրանսիայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի միջամտողական արտահայտությունները մեկնաբանելով, դեկտեմբերի 9-ին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-ԻՎ Լե Դրիանը։

«Ես ասում եմ Դոնալդ Թրամփին, և նախագահն էլ նրան նույնն է ասել՝ «Մենք չենք խառնվում ամերիկյան բանավեճերին, և դուք էլ թույլ տվեք մեզ ապրել մեր կյանքով», – նշել է Լե Դրիանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ֆրանսիայի արտգործնախարարի խոսքերով, «կարիք չկա ուշադրություն դարձնել նրա հայտարարություններին, քանզի ամերիկացիների մեծ մասը չի ընդունում Թրամփի հրաժարվելը Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրից»։

ТАСС-ի տեղեկացմամբ, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Քրիստիան Լագարդը անհանգստացած է «դեղին ժիլետավորների» բողոքի ցույցերով և համոզված է, որ դրանք հետևանքներ կունենան Ֆրանսիայի տնտեսության համար։ Այդ մասին կիրակի օրը նա հայտնել է CBS հեռուստաալիքի «Face the Nation» հաղորդման ժամանակ։

«Շատ տխուր տեսարաններ են,- ասել է ԱՄՆ կարգադրիչ-տնօրենը։- Ես իսկական փարիզուհի եմ, և այն, ինչ տեղի է ունենում Փարիզում, շատ տխուր է։ Դա տնտեսական հետևանքներ կունենա, ես դրանում չեմ կասկածում։ Ես իրոք հույս ունեմ, որ երկխոսությունը կվերականգնվի․ մարդիկ կարող են իրենց հայացքներն արտահայտել, նրանց դժգոհությանը պետք է ականջալուր լինել, և այդ ամենի հետ պետք է ինչ-որ բան անել»։

Ցույցերի չորրորդ ալիքից առաջ Ֆրանսիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Բրունո Լե Մերը հայտարարել էր, որ «դեղին ժիլետավորների» ցույցերն արդեն աղետալի հետևանքներ ունեն ֆրանսիական տնտեսության համար։ Նա հայտնել է, որ մի շարք ձեռնարկությունների և առևտրի կենտրոնների կրած վնասը հասել է տարվա այս սեզոնի իրենց հասույթի 15−50% մակարդակին։ Փարիզի քաղաքապետարանի տվյալներով, դեկտեմբերի 1-ին քաղաքի կրած վնասները կազմել են 3-4 մլն եվրո։ Ֆրանսիայի Ավտոբեռնափոխադրողների ֆեդերացիան ճանապարհները փակվելու պատճառով իր ստացած վնասները գնահատել է 400 մլն եվրո։