Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների․ ՀՅԴ-ի հայտարարությունը
ՀՅԴ-ն, որն երեկվա խորհրդարանական ընտրություններում չի հաղթահարել անցողիկ շեմը, տարածել է հայտարարություն, որում վերլուծաբար ներկայացրել է պարտության պատճառները։ Ստորև ներկայացնում ենք ՀՅԴ հայտարարության շարադրանքը․
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում:
Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների:
Եվ այս պարտության մեջ մենք տեսնում ենք հետևյալը.
Ա. ընտրողն այսօր իր ձայնը տվեց անհատին, ոչ գաղափարին ու ծրագրին,
Բ. ընտրության մասնակիցների մի ստվար զանգվածն այսօր կենտրոնացած է «ներքին թշնամու» կերպարի վրա ու ապշելու աստիճան անհոգ է արտաքին և ներքին վտանգներին հանդիման,
Գ. Դաշնակցության մոտեցումներն այսօր ընկալվում են փոքրամասնության կողմից,
Դ. պատշաճորեն չի կարևորվում Արցախյան գործոնը քաղաքական օրակարգում,
Ե. Ձևավորվում է Ազգային ժողով առանց հստակ գաղափարական և ազգային դիմագծի:
Այս կարճատև քարոզարշավը նաև կարևորվեց նրանով, որ մենք՝
Ա. Ստացանք իրատեսական պատկերացում համակիրների այն բանակի մասին, որը կմասնակցի մեր պայքարին: Այդ բանակը փոքրաթիվ է, բայց փոխարենը իրական, նրա որոշումը հստակ է, ոչ մոդայիկ և թելադրված է միայն ու միայն ներքին համոզմամբ ու հստակ գիտակցությամբ: Ոչ մի անգիտակից քվե, ոչ մի պատահական մարդ:
Բ. Կարողացանք բանավիճել, բարձրաձայնել մեր մտահոգությունները, հակադարձել վտանգավոր միտումներին, բերել մեր փաստարկները: Այս պահին մեր խոսքը լայն ընկալում չունեցավ ու թերագնահատվեց, սակայն մեզ հաջողվեց ցույց տալ իրավիճակն անտեսված կողմից, մտածելու ու վերլուծելու առիթ ստեղծել ու արթնացնել զգոնությունը: Ժամանակի ընթացքում անկողմնակալ, հայրենիքի ճակատագրով մտահոգ ու Արցախի հիմնախնդրի նշանակությունը ճիշտ պատկերացնող մեր քաղաքացիները կհամադրեն ամեն օր ստացվող նորությունները մեր հնչեցրած մտահոգությունների հետ և կգիտակցեն, թե ինչի մասին էինք խոսում, ահազանգում: Մենք շնորհակալ ենք ՀՅԴ-ին կողմ քվեարկած քաղաքացիներին,
Մենք շնորհակալ ենք մեր երիտասարդներին՝
– անմնացորդ նվիրումի ու կրակոտ էներգիայի համար,
– մեր ընդհանուր գործի մեջ հոգի դնելու համար,
– հայության ամենաազգային և ամենապատասխանատու կազմակերպության հետ իրենց կյանքը կապելու համար,
Շնորհակալ ենք մեր շարքերին՝
- ամենօրյա հետևողական աշխատանքի,
- տարիներով ապացուցված հավատարմության,
- խստապահանջության, դիտողությունների, բայց և կարգապահության համար:
Փակվում է պատմության այս փուլը ու գալիս է նորը: Մենք մուտք ենք գործում այդ նոր պատմության մեջ համազգային կուռ կառույցով, ապագայի մեր երազանքով ու պայքարելու վճռականությամբ»: