Եվրամիությանը տհաճ անակնկալներ են սպասվում նաև Իտալիայից․ Հռոմի մեծ հանրահավաքում հնչել է «Իտալիա, կրկին վեր բարձրացրու գլուխդ» կարգախոսը

Մայրաքաղաք Հռոմում դեկտեմբերի 8-ին կազմակերպված հակաեվրոպական մեծ հանրահավաքի ընթացքում Իտալիայի կոալիցիոն կառավարության անդամ, Իտալիայի փոխվարչապետ և ՆԳ  նախարար Մաթեո Սալվինին հանդես գալով որպես «Միասնություն» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ, կրկին ընդգծել է իր հակամիգրացիոն ու հակաեվրոպական քաղաքականությունը: Այս մասին տեղեկացրել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը։

Նշված հանրահավաքին մասնակցել են հազարավոր իտալացիներ, որոնք Հռոմի ամենամեծ կենտրոնական հրապարակում պաշտպանել են Իտալիայի կառավարության հակաեվրոպական և հակամիգրացիոն քաղաքականությունը:

Հանրահավաքը, որը կայացել է «Իտալիա, կրկին վեր բարձրացրու գլուխդ» կարգախոսով, միաժամանակ եղել է Սալվանիի ու նրա գլխավորած «Միասնություն» կուսակցության ուժի ցուցադրումը՝ նպատակ ունենալով ընդգծել Իտալիայում ու նրա սահմաններից դուրս խնդրահարույց դարձած կոալցիայի մաս կազմող այս կուսակցության քաղաքականությունը:

Փորձագետների կարծիքով, Սալվանիի ակտիվացումը ու նրա բարձր ժողովրդականությունը վտանգում են Եվրամիության ճակատագիրը, որի ապագան  որոշելու հարցում որոշիչ դերակատարություն ունեցող Եվրոխորհրդարանի ընտրությունները մոտ են։ Իտալիայի փոխվարչապետն իր կուսակցությամբ, ինչպես նաև իտալացիների հավանաբար մեծ մասն առաջիկայում, ինչպես սպասվում է, դեռ տհաճ անակնկալներ կմատուցեն Բրյուսելին։