ԿԸՀ-ն հրապարակել է 7-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային եղանակով արդեն մշակել է քվեաթերթիկների 100 տոկոսը։ Ժամը 07.30-ի դրությամբ հայտնի են բոլոր 2010 ընտրական տեղամասերի արդյունքները։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ձայների 70,43 տոկոսով (884456 ձայն) հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Երկրորդ տեղը  ձայների 8,27 տոկոսով (103824) զբաղեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ձայների 6,37 տոկոսով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։

Մյուս քաղաքական ուժերը 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված լինելու համար չեն հաղթահարել անհրաժեշտ անցողիկ շեմը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ձայների 4,7 տոկոսով (59059 ձայն) շատ մոտ էր անցումային շեմը հաղթահարելուն, սակայն դա նրան չհաջողվեց։ Կուսակցությունը գտնվում է չորրորդ հորիզոնականում։

Հաշվի առնելով այն, որ ՀՀ Սահմանադրությունն ընդդիմության համար երաշխավորում է պատգամավորական տեղերի 1/3-ը, սպասվում է, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն առաջիկայում իրենց կհայտարարեն կառուցողական ընդդիմություն։

Ավելին, քանի որ «Իմ քայլը» կստանա 2/3 մանդատներից ավելին, ապա Հայաստանում առաջին անգամ կգործի 2015թ․ ընդունված այն դրույթը, ըստ որի, խորհրդարանի պատգամավորների թիվը համամամասնորեն ավելանում է այնքան, որ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ունենան մանդատների 1/3-ը։

Քաղաքական մյուս ուժերի միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

Հայ Հեղափոխական Դաշնակցություն՝ 3,89 տոկոս (48811),

«Մենք» դաշինք՝ 2 տոկոս (25174),

«Սասնա ծռեր»՝  1,82 տոկոս (22862),

«Օրինաց երկիր»՝ 0,99 տոկոս 12389),

«Քաղաքացու որոշում»՝ 0,68 տոկոս (8530),

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»՝  0,51 տոկոս (6456),

«Ազգային առաջընթաց»՝ 0,33 տոկոս (4122)։

Նոր խորհրդարանն ընտրվել է 5 տարի ժամկետով։