Իսրայելը թռչում էր Սիրիայի մոտերքով

Նոյեմբերի վերջի սիրիական իրադարձությունները ոչ միանշանակ վերաբերմունք են առաջացնում։ Ինչպես հաղորդում էին իսրայելական ու արևմտյան տարբեր ԶԼՄ-ներ, երկար ընդմիջումից հետո, իբր, իսրայելական ավիացիան «երևակվել» է սիրիական երկնքում։ Որոշ ռուսական ԶԼՄ-ներ արձագանքեցին այդ տեղեկատվությանը․ որոշ մասը կասկածի տակ առավ ընդհանրապես ամբողջ աղմուկը, որ բարձրացրել էր Իսրայելն ավիահարձակման կապակցությամբ։ Բոլոր դեպքերում, ռուսական մամուլը հետևյալ վերապահումն էր անում․ «Հասկանալի է, որ թռիչքները կատարվում են Սիրիայից պատկառելի հեռավորության վրա, որպեսզի С-300-ի հարվածի տակ չընկնեն»։

Տեղեկություններն այն մասին, որ սիրիական ՀՕՊ-ն անցյալ շաբաթ Դամասկոսի շրջանում ռազմական օբյեկտների վրա օդային արշավի մասնակից իսրայելական ինքնաթիռ է խփել, չհաստատվեցին։ Իսրայելի ՌՕՈՒ-ի կողմից սիրիական ուղղությամբ գործողություն անցկացնելու փաստը Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հրամանատարության կողմից ընդունվում էր։ Մամուլի տվյալներով, իսրայելական գրոհի թիրախ էին Դամասկոսի քաղաքամերձ Էլ-Քիսվեի մոտերքի «իրանամետ ուժերի» զենքի պահեստները։ Նոյեմբերի 29-ի իսրայելական ավիահարվածները, արտասահմանյան մշտադիտարկող կազմակերպությունների տվյալներով, հասցվել են ոչ միայն հարավային Դամասկոսի «իրանական բազաներին», այլև իսրայելական սահմանից ոչ հեռու գտնվող թիրախներին՝ սիրիական Կունեյտրա նահանգի շրջանում։

Թեև իսրայելցիներն ու Արևմուտքը բազմաձայն ըմբոշխնում էին այդ ավիահարվածը, հայտնում ենք, որ ոչ մի հիմք չկա հավատալու իսրայելական բանակի հայտարարություններին։ Առավել ևս, որ ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա այն մասին, թե քանի ինքնաթիռ է մասնակցել, և որ կողմից։ Ռուսական մամուլի՝ այս թեմայով վերապահումներից պարզ է միայն, որ իսրայելական ավիահարվածը եթե նույնիսկ եղել էլ է, ապա Սիրիայի օդային տարածքի սահմանները չեն խախտվել։ ՌԴ ՊՆ-ի մամուլի ծառայության տեղեկություններում չգտնվեց հաստատում, թե իսրայելական հարձակումը տեղի է ունեցել։ Սիրիայի իշխանությունների, Սիրիայի և Իրանի ԶԼՄ-ների հաղորդագրությունների ուսումնասիրությունը նույնպես չհաստատեց դա։ Դամասկոսն ու Թեհրանն ընդհանրապես լռում են այդ առումով։ Ընդհակառակը՝ Սիրիան և Իրանն ակտիվորեն դատապարտում են «ամերիկյան կոալիցիային»  վերջինիս ավիահարվածների համար։ Մասնավորապես՝ Դամասկոսը խաղաղ բնակչության դեմ արգելված ֆոսֆորային ռումբեր օգտագործելու մեջ մեղադրել է ԱՄՆ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել միջոցներ ձեռնարկել։ Միայն հպանցիկ նշվում է, որ Իսրայելի վերջին ավիագրոհը եղել է Դամասկոսի հարավում, Էլ-Քիսվեի մոտերքում (տես՝ https://sana.sy/ru/?p=169694

Սիրիայի և Իրանի լռությունը շատ բանի մասին է խոսում։ Օրինակ, այն բանի, որ Էլ-Քիսվեի հրթիռակոծման ժամանակ ընդհանրապես ոչ ոք չի տուժել, ոչ մի շինություն չի փլվել։ Իսկ Կունեյտրիին խփելու մասին ընդհանրապես խոսք չկա։ «Իրանական բազաների» վերաբերյալ ինչ-որ մեկնաբանություններ տալն անհեթեթ է, եթե հիշենք, որ 2017թ․ նոյեմբերին Իսրայելի պաշտպանության այժմ արդեն նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանն անձամբ է խոստովանել, որ Սիրիայում չկան ո՛չ իրանցիներ, ո՛չ էլ իրանական բազաներ։ Դե, իսկ «իրանամետ ուժեր Սիրիայում» արտահայտությունը կիրառելի է նույնիսկ հայ կամ ասորի աշխարհազորայինների առումով, քանի որ նրանք բոլորը, Իրանի հետ մեկտեղ, կանգնած են նախագահ Բաշար Ասադի կողքին։ Այս իրավիճակում ստիպված էինք ծանոթանալ այն ամենի հետ, ինչի մասին գրել են իսրայելցիներն ու նրանց կողմնակիցներն Արևմուտքում և Ռուսաստանում։

ԶԼՄ-ների այդ խումբը պնդում էր, որ Իսրայելի գրոհը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հաղորդագրություն է ստացվել իրանական ինքնաթիռի մասին, որը Սիրիայով անցել է Բեյրութ և զենք է հասցրել շիայական «Հըզբոլա» կազմակերպությանը։ Իրանական Զինուժին պատկանող ինքնաթիռը նոյեմբերի 29-ին թռել էր Թեհրանից և վայրէջք կատարել Լիբանանի մայրաքաղաքում։ Հետդարձին, ինչպես նշել է «Al Arabiya» հեռուստաալիքը, նշված «Boeing 747» ինքնաթիռը միջանկյալ կանգառ է արել Քաթարի մայրաքաղաքում և վերադարձել Թեհրան։ Իսրայելը պնդում է, որ դա «Հըզբոլային» զենք տանող առաջին չվերթը չէ, բայց առաջ իրանական ինքնաթիռների ուղերթներն ավելի ոլոր-մոլոր էին, խուսափում էին Սիրիայի օդային տարածքից կամ միջանկյալ կանգառ անում Դամասկոսում, որպեսզի կոծկեն իրական նպատակը։ Իսրայելական աղբյուրների վարկածով, Իրանը փոխել է Լիբանան զենք հասցնելու ուղիները․ Սիրիայով ցամաքային ուղու փոխարեն, վերջին շաբաթներին «բարձր ճշգրտության հրթիռային զենքի բաղադրիչները» օդային ուղիներով միանգամից հասցվում են Բեյրութի օդանավակայան։ Եվ այդ մատակարարումները, իբր, կապված են Լիբանանի տարածքում «Հըզբոլային» պատկանող հրթիռների արդիականացման գործարանների կառուցման հետ։ Իսկ С-300-ների՝ Սիրիա հասնելուց հետո իսրայելցիների առաջին հաստատված գրոհից ընդամենը մի քանի ժամ անց ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Ավիխայ Ադրաին «Թվիթերում» արաբերեն գրեց, որ Լիբանանը պետք է կասեցնի «Հըզբոլային» իրանական ինքնաթիռներով զենք հասցնելը։

Ստացվում է, որ Իսրայելի ավիագրոհը եղել է, բայց․․․ իսրայելցիները չեն կրակել, քանզի մահացածերի, վիրավորների ու ավերածությունների մասին հաղորդումներ չկան։ Դա, թերևս, իրական պատկերն է արտահայտում, եթե հաշվի առնենք, որ լռում են ոչ միայն Սիրիայի, այլև Իրանի և Ռուսաստանի զինվորական շրջանակները։ Հիմարություն է կարծել, թե սիրիական բանակի ՀՕՊ-ի հաշվեկշռում մարտական հերթապահության կանգնած С-300 զենիթահրթիռային համալիրներն «անջատված էին»։ Դրանք ուղղակի չեն գործարկվել, ըստ ամենայնի, ինչ-որ անդրկուլիսային պայմանավորվածության արդյունքում։ Այսինքն՝ ավիահարձակում չի եղել, քանի որ իսրայելցիները չեն կրակել, կամ, ինչպես նշում էր ռուսական մամուլը, ինքնաթիռներն եղել են «Սիրիայից պատկառելի հեռավորության վրա»։

Հիշենք անցյալի պրակտիկան․ իսրայելցիները մտնում էին Լիբանանի կամ Հորդանանի օդային տարածք և այնտեղից էին հարվածներ հասցնում։ Եվ միշտ ինչ-որ մեկը զոհվում էր, վիրավորվում էր, վնասվում էին շենքերն ու կառույցները։ Իսկ հիմա ոչ մի նման բան չկա, ոչ ոք առանձնակի չի բողոքում, չի դիմում ՄԱԿ-ի ԱԽ, ինչպես Դեր-էզ-Զորում ԱՄՆ-ի ավիագրոհներից հետո։ Բայց ահա թե էլ ինչն է ուշադրության արժանի․ դեկտեմբերի 3-ին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն խոսել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Ամերիկյան և իսրայելական աղբյուրները ենթադրում են, որ Նաթանյահուն Թրամփին խնդրանք է փոխանցել՝ համաձայնվել, որ իսրայելցիները հարվածեն․․․ Լիբանանին, ոչ թե Սիրիային։ Իբր գործարկվել է հատուկ ծրագիր՝ «Հյուսիսային վահան»։ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը դեկտեմբերի 4-ին մասնավորապես հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ը Լիբանանի սահմանին սկսել է «Հըզբոլայի» փորած ստորգետնյա թունելների վերացումը, որոնցով անցնում էին հրեական պետության տարածքում գրոհներ կազմակերպողները։

 

Սերգեյ Շաքարյանց