Ֆրանսիայում, ի տարբերություն Հայաստանի, բողոքարարների ցույցերին դիմակայելու համար ստիպված են եղել նրանց դեմ հանել բանակը

Ֆրանսիայում, ԶԼՄ-ների տեղեկացմամբ, բողոքարարների ցույցերին դիմակայելու համար ստիպված են եղել նրանց դեմ հանել բանակի ուժերը, որոնք արդեն շարժվել են Փարիզի ուղղությամբ: Այդ երկրում լրջորեն զգուշանում են պետական հեղաշրջման հնարավորությունից: Այստեղ էլ են բողոքարարները դուխով։

Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպն ասել է, որ վաղն անվտանգության ուժերի 65 000 ծառայողներ տեղակայվելու են Ֆրանսիայի տարբեր շրջաններում, մասնավորապես՝ Փարիզում: Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ այդ քայլը կատարվում է՝ կանխելու համար առաջիկա շաբաթ ու կիրակի օրերի ընթացքում սպասվող անկարգությունները:

Ինչպես արդեն հայտնի է, վերջին շրջանում Ֆրանսիայում բողոքի զանգվածային միջոցառումներն իրականացվում էին հեղուկ վառելիքից հավելյալ հարկ գանձելու կապակցությամբ այդ երկրի կառավարության ընդունած որոշման դեմ: Սակայն, այդ բողոքի ակցիաները շատ շուտ ուղղվեցին կենցաղային ծախսերի բարձր լինելու և նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության տնտեսական քաղաքականության դեմ, ձևավորվեց «Դեղին ժիլետավորներ»-ի հակադրամատիրական շարժումը:

Թեև Ֆրանսիայի կառավարությունն արձագանքելով բողոքներին, նախ 6 ամսով հետաձգեց վառելիքից հավելյալ հարկ գանձելու մասին որոշման գործադրումը, իսկ դեկտեմբերի 5-ին նշված որոշումն ընդհանրապես չեղյալ համարեց, այնուհանդերձ, բողոքարարները հայտարարել են, որ շաբաթ օրը կրկին բողոքի ակցիաներ են կազմակերպելու: Ինչպես արդեն նշեցինք, նրանց բողոքի շարժումը կարճ ժամանակ հետո ուղղվել է նաև կենցաղային ծախսերի բարձր լինելու և նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության տնտեսական քաղաքականության դեմ, հետևաբար միայն վառելիքի հարկից հրաժարվելու քայլը բարձրացված խնդիրների լուծում չէ:

Տեղեկացնենք նաև Ֆրանսիայի ընդդիմադիր երեք  կուսակցությունների հայտարարության մասին, ըստ որի, իրենք դեկտեմբերի 10-ին Ֆրանսիայի ազգային խորհրդարանում հանդես կգան այդ երկրի կառավարության իմպիչմենտի պահանջով: