Հարևան ահաբեկիչները անդուլ զինվում են

Մեր ադրբեջանցի հարևանները ջանադրաբար զինվում են։ Հայաստանի ղեկավարության կողմից ռուսական բազմանպատակային «Су-30СМ» կործանիչները գնելու մասին տեղեկատվության հետ գրեթե միաժամանակ տեղեկություն հայտնվեց, որ Ադրբեջանը շուտով ձեռք կբերի պակիստանյան «JF-17 Block2» կործանիչներ, ինչի մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնեց պակիստանյան «Pakistan Aeronautical Complex» ընկերության ներկայացուցիչը։ Ի՞նչ ինքնաթիռ է դա, և ի՞նչ կփոխի դրա ձեռք բերելը։ «JF-17» մեկ շարժիչանի կործանիչը ստեղծել են չինացիները՝ հատուկ Պակիստանի համար, որին պետք էր հասարակ ու թեթև ինքնաթիռ, որի արտադրությունը հնարավոր կլիներ մասնակիորեն տեղայնացնել սեփական գործարաններում։ Ի սկզբանե այն կոչվում էր «Chengdu FC-1 Xiaolong», և իր հիմքում ուներ «МиГ-21»-ի չինական J-7 տարբերակը։ Ընդ որում, «JF-17»-ի РД-93 շարժիչները գնվում են Ռուսաստանից, դրանք արդիականացված տարբերակն են РД-33 շարժիչների, որոնք տեղադրվում են ռուսական բազմաֆունկցիոնալ «МиГ-29» կործանիչների վրա։

Նախագծվել էր նաև РД-93-ի չինական WS-13 պատճենը, սակայն անհայտ է, թե որքանով էր հուսալի ստացվել շարժիչը, և արդյոք կարո՞ղ է արտադրողը դրանք իրականում տեղադրել դրանք սերիական կործանիչների վրա։ Ինքնաթիռի հնարավորությունները բավականին սահմանափակ են․ համեմատաբար փոքր մարտական շառավիղ, մարտական բեռի փոքր քանակ ու քաշ, «օդ-օդ» և, հատկապես, «օդ-երկիր» հրթիռների սահմանափակ տեսականի, միջին մակարդակի հնարավորություններով ռադիոէլեկտրոնային սարքավորումներ։ Լրացուցիչ հարցեր է հարուցում ինքնաթիռի մարտավարական-տեխնիկական հայտագրված բնութագրերի և, առանձնապես, հրթիռային զինվածության համապատասխանությունը իրական ցուցանիշներին։

Ռուսաստանցի լրագրող Լեոնիդ Ներսիսյանը խոսելով Ադրբեջանի կողմից  պակիստանյան «JF-17 Block2» կործանիչների ձեռքբերման մասին, նշել է, որ այդ ինքնաթիռի արժեքն, ըստ ամենայնի, կկազմի առնվազն $25 մլն։ Նա գտնում է, որ այդ մեքենայի արտահանման համար Պակիստանը պետք է ստանա ինչպես Չինաստանի, այնպես էլ Ռուսաստանի թույլտվությունը։ Եթե Պեկինը դժվար թե խանգարի (արդեն կա բելառուսա-չինական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարման փորձը), ապա Ռուսաստանի հետ կարող են հարցեր առաջանալ։ Իհարկե, Մոսկվայի ու Բաքվի ռազմատեխնիկական համագործակցությունը նորություն չէ, բայց այստեղ արտահանման շուկաների համար Չինաստանի հետ մրցակցության գործոնը կա։

Այնուամենայնիվ, կարելի է պատկերացնել նաև չինական շարժիչներով ինքնաթիռների մատակարարումը, եթե բարդություններ առաջանան ռուսական РД-93-ի գնման հետ։ Պետք է նշել, որ ռուսական  «Су-30СМ»-երը Հայաստանին մատակարարելու գործարքը, որի վերաբերյալ պայմանագիրը կնքելուց կես քայլի վրա է, պետք է որ խիստ խթանած լինի Բաքվին։

Ռուսաստանից կործանիչներ գնելու՝ անցյալում ունեցած անհաջող փորձը, հավանական է, Ադրբեջանին մղում է դեպի բարեկամական Պակիստան, որը վաղուց է ցանկանում վաճառել իր «JF-17»-երը ապշերոնցիներին։ Ընդ որում, ակնհայտ է, որ «JF-17»-երը գրեթե բոլոր ցուցանիշներով զիջում են «Су-30СМ»-երին, որոնք մեծաքանակ սպառազինության շատ մեծ տեսականի ունեն, մի քանի գլուխ բարձր են մանևրայնությամբ և ավելի հզոր ռադիոէլեկտրոնային սարքավորումներ ունեն։ Առանձին պետք է նշել և այն փաստը, որ երկտեղանի «Су-30СМ»-երն ավելի լավ են հարմարեցված վերգետնյա թիրախները արդյունավետորեն խոցելու համար։

Թե ինչ և ինչպես է կարող անել «Су-30СМ»-ը, աշխարհը հնարավորություն ուներ տեսնելու գոնե Սիրիայում ՌԴ ՕՏՈՒ որոշ ավիախմբերի գործողություններում։ Ինչ վերաբերում է արժողությանը, ապա, համաձայն հայ-ռուսական պայմանագրերի, «Су-30СМ»-ը կարժենա մոտ 22,5 մլն դոլար՝ ավելի էժան, քան նրան զգալիորեն զիջող պակիստանյան ինքնաթիռը, որը կարելի է համարել «էկոնոմ-դասի» հասարակ ու թեթև կործանիչ։ Իսկ ինչ վերաբերում է Բաքվի փորձերին՝ հայացքն ուղղել դեպի ռուսական ավիացիան, ապա այստեղ, բացի քաղաքական գործոնից, բացասական դեր կարող է խաղալ տնտեսությունը։ Ադրբեջանը ստիպված կլինի այդ մեքենաների համար վճարել ամբողջ շուկայական գինը՝ 80 մլն դոլարից ոչ պակաս։ Նվազած ռազմական բյուջեի պայմաններում նման գործարքը կարող է ուղղակի անհնար լինել։ Ակնհայտ է մի բան․ այն օրը, երբ Հայաստանն իր «Էրեբունի» ավիաբազա բերի առաջին «Су-30СМ»-երը, Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի ձեռք բերի ինչ-որ նոր կործանիչներ։

Դե, իսկ բոլորովին վերջերս մենք տհաճորեն զարմացանք, երբ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ֆրանսիան էլ է պատրաստվում ժամանակակից սպառազինություն վաճառել Ադրբեջանին։ Դեկտեմբերի 3-ին Բաքվի «AzeriDefence» կայքը հայտնեց, որ ֆրանսիական «MBDA Systems» ընկերությունը պատրաստվում է Ադրբեջանին մատակարարել ՀՕՊ «ASTER 30 SAMP/T» և «VL Mica» համակարգեր։ Ֆրանսիայի կառավարությունն իբր արտահանման թույլտվություն է տվել։ Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ առք ու վաճառքի բանակցությունները շուտով կավարտվեն։

«Գտնում ենք, որ այդ համակարգերը Ադրբեջանին թույլ կտան հուսալիորեն ապահովել հակաօդային պաշտպանությունը»,- ասել է նա և հավելել, որ ադրբեջանական կողմը բարձր է գնահատել համակարգի բնութագրերը։

Դեռ հիշում ենք ամառային այն օրերի մեր անահանգստությունը, որ «պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերություններից հանել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության ռազմական արտադրանքի վաճառքի արգելքը։ Այդ երկրի ռազմարդյունաբերական ընկերություններն արդեն սկսել են մարքեթինգային աշխատանքները»։ Հուլիսի 11-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հերքեց այդ տեղեկությունը, հղում անելով այն բանին, որ Փարիզը շարունակում է հետևել 90-ական թթ․ ԵՄ մի շարք անդամ երկրների և ԱՄՆ-ի մտցրած արգելանքին՝ զենք չվաճառել հակամարտող կողմերին։ Բայց ես հիանալի հիշում եմ, որ դեռ 2016թ․ աշնանը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիկն «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում  խոստովանեց, որ իրականում ԱՄՆ-ը զենք է մատակարարում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին։ Ճիշտ է, նրա խոստովանանքը տարօրինակորեն հակասական էր․ «Մենք կողմերից ոչ մեկին զենք չենք մատակարարում։ Մենք նրանց պաշտպանական զենք ենք տալիս, այն էլ շատ սահմանափակ քանակով․․․ Մենք սահմանափակ ռազմական համագործակցություն ունենք երկու կողմի հետ էլ»։

Ինչպես կարելի է նկատել, Ուորլիկը խոստովանել է «երկու կողմին էլ» զենքի մատակարարման փաստը։ Իսկ ի՞նչ է՝ «պաշտպանական զենքը» սպառազինություն չէ՞․․․ Երկրորդ․ նա խոստովանել է ԱՄՆ-ի օրենսդրության խախտումը (հետաքրքիր է, ամերիկյան ո՞ր օրենքով է զենքը գնում Բաքու, եթե «Կոնգրեսն արգելել է»)։

Եվ ահա հիմա էլ՝ «անհասկացություններ» Ֆրանսիայի հետ։ Չէ՞ որ 2018թ․ սեպտեմբերից հետո հիմքեր հայտնվեցին կասկածելու Երևանում ֆրանսիական դեսպանատան անկեղծությանը։ Ինչպես հայտնել է «Naval Today» կայքը, սեպտեմբերի վերջին Ադրբեջանում կայացած ADEX-2018 ցուցահանդեսում ֆրանսիական նավաշինական «Naval Group»-ը ներկայացրել է ծովային գոտու «Offshore Patrol Vessel (OPV) 90» պահականավի նախագիծը, որը ֆրանսիացիները կփորձեն վաճառել Ադրբեջանի ՌԾՈՒ-ին «կասպիական կարիքների համար»։ Այն ժամանակ մամուլը հաղորդում էր, որ Բաքուն սկսել է բանակցություններ վարել պաշտպանական ոլորտի որոշ ֆրանսիական կապալառուների հետ՝ ռազմա-ծովային տեխնիկա և սպառազինություն ձեռք բերելու համար․ նախատեսվում էր գնել նավեր, հրթիռներ, հակաականային պաշտպանության սարքավորումներ և այլն։

Այսրկովկասում սպառազինությունների մրցավազքը սկսել է հենց Բաքուն։ Եվ, ինչպես տեսնում ենք, Արցախի դեմ պետական ահաբեկչության քաղաքականություն իրականացնող Ադրբեջանին զենք վաճառողների թիվը մեծացել է։

 

Սերգեյ Շաքարյանց