Քուրդ-թուրքական բախումները Թուրքիայում և Սիրիայում

ԱՄՆ-ի «անզգուշությունը» կամ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ սադրանքը դարձավ այն կայծը, որից Թուրքիայում նորից բռնկվեց թուրքերի և քրդերի միջև պատերազմի հուրը։ Ընդ որում, ի տարբերություն թուրք-քրդական մարտերի նախկին բռնկման դեպքերի, դա չեն թաքցնում թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը հայտարարեց, որ դրամական պարգև է խոստանում PKK-ի այսօրվա 3 ղեկավարների մասին տեղեկության դիմաց։ Այդ երեքի թվում է կուսակցության համահիմնադիր, իրաքյան սարերում փեշմերգի ուժերի գլխավոր հրամանատար Ղանդիլ Մուրադ Քարայիլանը։

Թուրքական «Hurriyet Daily News»-ը մեջբերել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Մեթյու Փալմերի հայտարարությունը, որն Անկարայում հրապարակել է ԱՄՆ-ի դեսպանատունը. «ԱՄՆ-ը գնահատում է ահաբեկչության դեմ պայքարում իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի մեր գործընկերոջ՝ Թուրքիայի հետ։ «StateDept Rewards4Justice» ծրագիրն ուղղված է PKK ահաբեկչական կազմակերպության 3 ավագ անդամների հետապնդմանը»։ Վաշինգտոնը 5 մլն դոլար է առաջարկել Մուրադ Քարայիլանի մասին տեղեկությունների համար, 4 մլն՝ Ջամիլ Բայիքի և 3 մլն՝ Դուրան Քալքանի»։

Մի քանի օր հետո PKK-ի ղեկավարությունը «Քուրդիստանի ընկերակցությունների միության» (KCK) միջոցով, որը նշված կուսակցության հովանոցային կազմակերպությունն է, ԱՄՆ-ի այդ քայլը «թշնամական» անվանեց։ KCK-ի պաշտոնական հայտարարությունում նշվում էր, որ այդ պարգևավճարը շարունակությունն է 1990-ականների միջազգային դավադրության, որի արդյունքում ձերբակալվեց քրդական առաջնորդ Աբդուլա Օջալանը։ «Այս թշնամական և քաղաքական դրդապատճառներով որոշումն ուղղված է ազատության շարժման դեմ։ Դրանում բացակայում են քաղաքական, սոցիալական, բարոյական և իրավական հիմքերը», – ասված է հայտարարության մեջ։

KCK-ն նաև համարում է, որ այդ որոշումն արդյունքն է տարածաշրջանում քրդերի ազատագրական շարժման ուժգնացման և այն բանի, որ Մերձավոր Արևելքում քրդերը դարձել են որոշիչ խաղացող։ Եվ հենց այն օրերին, նոյեմբերի 11-ից սկսած, Թուրքիայում վերսկսվեցին քրդերի մարտական գործողությունները թուրքերի դեմ։ Սկզբում PKK-ի փեշմերգի հաջողված հարձակումը տեղի ունեցավ Հաքքյարի նահանգում թուրքական բանակի դիրքերի ու պահեստների վրա։ Թուրքիայի նախագահ Էրդողանն այն ժամանակ խոստովանեց, որ «պայթյունի հետևանքով զոհվել են 7 և վիրավորվել են 25 զինվորներ»։ Քրդերն ուրիշ տվյալներ հայտնեցին. «Համաձայն մեր աղբյուրներից ստացված տեղեկությունների, այդ գործողության արդյունքում զոհվել են 17 զինվորներ, վիրավորվել են 37-ը, իսկ ևս 9-ի վիճակը մնում է անհայտ»,- PKK-ի հայտարարությունը մեկնաբանել է «Kurdistan24» աղբյուրը։

Քրդերի վարկածով, հարձակումը վրեժ էր հրամանատար Մամ Զեքի Շինգալիի սպանության համար, ով PKK-ի ուժերի հրամանատարն էր Իրաքի հյուսիսի Սինջարե բնակավայրում և սպանվել էր օգոստոսի սկզբին թուրքական օդային հարվածների արդյունքում։

Սակայն, մեր կարծիքով, իրականում քրդերի ռազմական գործողությունը պատասխանն էր հենց ԱՄՆ-ի Պետքարտուղարության հայտարարության։ Համենայն դեպս, դեպքերի ժամանակագրությունն այդպիսի հետևության է մղում.  նոյեմբերի 6-ին՝ Պետքարտուղարության հայտարարությունը, նոյեմբերի 9-ին՝ KCK-ի հայտարարությունը, և նոյեմբերի 11-ին՝ Հաքքյարիի հարձակումը։ Նշենք, որ նոյեմբերի 14-ից Թուրքիան իր օդուժով վերսկսեց ռմբահարումներն ու հրթիռակոծումները, ընդ որում, հենց Իրաքի հյուսիսում, ուր, ենթադրաբար, PKK-ի ճամբարներում և բազաներում էլ գտնվում են այդ կուսակցության վերոնշյալ բոլոր առաջնորդները։ Թուրքիան հաղորդել է, որ վերսկսել է ռազմական գործողությունները սահմանամերձ Սիդականի մոտակայքում այն բանից հետո, երբ PKK-ի պարտիզաններն այդ ուղղությամբ արշավներ ձեռնարկեցին թուրքական բանակի դեմ։

Քրդական «BasNews» աղբյուրը հայտնել է, որ թուրքերը մի քանի օր շարունակ «արդուկում էին» Հյուսիսային Իրաքը և, մասնավորապես, Ղանդիլի սարերը։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիան ուժգնացրեց քրդերի դեմ հալածանքները երկրի ներսում: Մասնավորապես՝ նոյեմբերի 14-ին քուրդ երգչուհի Հոզան Քանեն (Սայդե Ինաքը) դատապարտվեց 6 տարի 3 ամիս ազատազրկման՝ «ահաբեկչական խմբին», այսինքն՝ PKK-ին մասնակից լինելու մեղադրանքով։ Նոյեմբերի 20-ին թուրքերն Օջալանի պաշտպաններին թույլ չտվեցին հանդիպել իրենց պաշտպանյալի հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օջալանը վերջին անգամ իր պաշտպանների հետ հանդիպել է 2011թ. հուլիսի 27-ին, չենք կարող չնկատել թուրքական իշխանությունների քաղաքական աչառությունը և հանդիպման արգելքի կապը թուրք ուժայինների վրա PKK-ի պարտիզանների հարձակումների հետ։ DHA գործակալությունը հայտնել է, որ նոյեմբերի 23-ին մտացածին պատրվակով՝ իբր PKK-ի հետ կապի, ձերբակալվել է հայտնի քուրդ ռեժիսոր և լուսանկարիչ Քյազիմ Օզը։

Բայց պատերազմն, այնուամենայնիվ, չհանդարտվեց։ ավելին. Իրաքի սահմաններից, ինչպես և նախորդ տարիներին, պատերազմը հասավ մինչև Դիարբեքիր քաղաքն ու նահանգը։ Թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ները խոստովանում են, որ բացի հենց Դիարբեքիրից, մարտեր են ընթանում ևս 4 քաղաքներում։ Քրդական աղբյուրները հայտնեցին նաև, որ PKK-ի պարտիզանները վերսկսել են մարտերը թուրք-իրաքյան սահմանի Սիդականի շրջանում։ Ինչպես հայտնի է, Թուրքիայում թուրք-քրդական պատերազմի մասին այդ պետության և Ադրբեջանի մամուլի հաղորդագրությունների հատկանշական գիծն այն է, որ ոչ մի մանրամասն չի հայտնվում։ Այժմ Անկարան ու Բաքուն ընդամենը հայտնում են, որ թուրքական բանակին իբր հաջողվել է «ոչնչացնել ահաբեկիչների երեք հենակետ»։ Նոյեմբերի 30-ի դրությամբ հայտնի է, որ Դիարբեքիրի նահանգում մարտերը շարունակվում են։ Եվս մեկ անգամ ընթերցողի ուշադրությունը հրավիրում ենք այն փաստի վրա, որ մարտերն ընթանում են նահանգի ոչ միայն գյուղական տարածքներում, այլև մի շարք քաղաքներում։

Միաժամանակ, թուրք-քրդական ընդհարումների թատերաբեմ է դարձել Սիրիայի հյուսիսը, որն անմիջականորեն հարևանում է Թուրքիայի այն տարածքներին, ուր հիմա մարտեր են ընթանում։ Սկզբում, ինչպես հայտնի է, Իդլիբի ապառազմականացման գոտուց ինչ-որ «ահաբեկիչներ» քիմիական զենքով հարվածեցին Հալեպի նահանգի մի շարք հյուսիսային բնակավայրերի։ Ինչ-որ «անսպասելի պատահականությամբ» բոլոր տուժածները սիրիական քրդեր էին։ Բանը հասել է նրան, որ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին, ով ղեկավարում էր սիրիական պատվիրակությունը Աստանայի բանակցություններում, մեղադրել է Թուրքիային՝ Հալեպի վրա քիմիական գրոհը համակարգելու մեջ, և Դամասկոսի վերջնագիրը ներկայացրել, համաձայն որի, Անկարան պետք է հետ քաշի իր բանակը Սիրիայի տարածքներից 20 կմ-ով։

Ի դեպ, «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներն էլ, երևի նույն «անսպասելի պատահականությամբ», հարձակվել են «Հաջինի գրպանի» քրդական դիրքերի վրա։ Լիբանանյան «Al Manar News» կայքը հայտնել է, որ քրդերը դիմակայում էին ահաբեկիչներին Աշ-Շհիլ բնակավայրի մոտերքում։ Կողմերի զոհերի կամ տեխնիկայի կորուստների մասին տեղեկություն առայժմ չի եղել։ Ռաքքա նահանգի հյուսիսի Թելլ-Աբյադ քաղաքի մոտ կատաղի ընդհարումներ են եղել քրդական ջոկատների և Թուրքիայի զինուժի միջև։ Թուրքական բանակի հրետանին գնդակոծել է քրդերի դիրքերը, օդուժը հետախուզական թռիչքներ է անցկացրել:

 

Սերգեյ Շաքարյանց