ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռը կործանվել է Քարաբերդի հարևանությամբ

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ,

դեկտեմբերի 4-ին, ժամը 10։20-ի սահմաններում ՀՀ Շիրակի մարզի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է փորձառու օդաչուների` փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր, ժամը 10։20-ի սահմաններում կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ։

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10։06-ին, Գյումրիի օդանավակայանից: