ԱՄՆ-Չինաստան առճակատման աճը

Շատ այլոց նման, ես էլ այն կարծիքին եմ, որ ապագան անհնար է առանց ամերիկա-չինական հակամարտության սրման։ Թերևս բոլորն են հասկանում, որ վերջին առնվազն 18-20 տարիներին ձգվող այս հակամարտության հիմքում ի սկզբանե ընկած են քաղաքակրթական հակասությունները, մասնավորապես՝ մի կողմից Կոնֆուցիոսի բարոյագիտության, մյուս կողմից հուդայիզմի ու բողոքականության բարոյագիտությունների միջև։ Մեզ հետաքրքրեց նոյեմբերին որոշ ամերիկյան հեղինակների արտահայտած տեսակետը ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունների ճգնաժամի պատճառների մասին։

Փորձագետ Մարկ Լեոնարդն ամերիկյան «Project Syndicate»-ի իր հոդվածում գրեթե առաջին տողերից զարմացնում է ընթերցողին․ «Բարի գալուստ «սառը պատերազմ» 2․0», և շարունակել է․ անցյալում բազմիցս ենք ասել, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև ռազմավարական հակամարտությունը կարող է վերաճել առճակատման։ Եվ այդ պահն, ի վերջո, եկավ։ Սովորաբար ասում են, որ ամերիկա-չինական հակամարտության հիմքում ընկած են երկու հակընդդեմ համակարգերի տարբերությունները։ ԱՄՆ-ի տեսակետից՝ Չինաստանը բռնապետություն է, որը համակենտրոնացման ճամբարներում է պահում միլլիոնավոր ույղուրների, դաժան քաղաքականություն է իրականացնում քրիստոնյաների հանդեպ, սահմանափակում է քաղաքացիական իրավունքները և աղտոտում շրջակա միջավայրը, էլ չասած՝ սպառնալիքների մասին, որ Չինաստանը ներկայացնում է ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների համար։ Իսկ պաշտոնական Պեկինի տեսանկյունից՝ ԱՄՆ-ին հատուկ են զավթողականությունն ու իմպերիալիզմը, իսկ նախագահ Թրամփի աշխատակազմի առևտրային պատերազմն ընդամենը սկզբնական ճակատամարտն է առավել խոշորամասշտաբ տնտեսական, ռազմական և գաղափարախոսական առճակատումների շարքում՝ հանուն համաշխարհային տիրակալության։

Իրականում, գտնում է Մարկ Լեոնարդը, ականատեսն ենք հետևյալ իրավիճակի․ Ամերիկա-չինական հակամարտության հիմքում ընկած են ոչ թե երկու երկրների միջև տարբերությունները, այլ աճող ընդհանրությունը։ Ժամանակին ԱՄՆ-ն ու Չինաստանը հանդես էին գալիս որպես համաշխարհային առևտրի «ին և յան»։ ԱՄՆ-ը սպառողն էր, Չինաստանը՝ ապրանքներ արտադրողը։ Սակայն, Պեկինի «Արտադրված է Չինաստանում – 2025» նոր ծրագիրը պետք է զգալիորեն բարելավի ՉԺՀ-ի դիրքերն արժեքների ստեղծման գլոբալ շղթայում։ Պեկինն առաջատարության է ձգտում արհեստական ինտելեկտի և առաջավոր տեխնոլոգիաների ոլորտում։ Հետապնդելով այս նպատակը, Պեկինը սահմանափակեց օտարերկրյա ընկերությունների մուտքն իր շուկա, որպեսզի ստիպի նրանց չինական «գործընկերներին» հանձնել իրենց տեխնոլոգիաներն ու ինտելեկտուալ սեփականությունը։ Ստացվում է, որ Չինաստանը վերակողմնորոշել է իր տնտեսական զարգացման մոդելը, իսկ ԱՄՆ-ը հրաժարվել է տնտեսությանը չխառնվելու սկզբունքից, ստեղծելով սեփական արդյունաբերական ռազմավարությունը։

Մյուս կողմից, երկու մրցակից թիմեր՝ GAFAM-ը (Google, Apple, Facebook, Amazon, Microsoft) և չինական BATX-ը (Baidu, Alibaba, Tencent, Xiaomi), անհաշտ գլոբալ պայքար են մղում տեխնոլոգիական    առավելության և տվյալների բազաներին տիրապետելու համար, նշում է Լեոնարդը։

Ահա թե ինչու ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի ռազմավարություններն ավելի ու ավելի են իրար նմանվում։ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի փորձարարությանն ի պատասխան (Չինաստանին զսպելու համար նա ցանկանում էր Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առևտրային դաշինք ստեղծել), ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը «Մեկ գոտի և մեկ ուղի» անվամբ սեփական նախաձեռնությունն առաջ քաշեց։ Ի պատասխան Սի Ցզինպինի նախաձեռնության, Թրամփը ներկայումս առաջ է տանում ԱՄՆ-ի գլխավորած նախաձեռնությունը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Չինաստանն ավելի հաճախ է զավթողականության հակվածություն դրսևորում և հետ է քաշվում չխառնվելու իր քաղաքականությունից, որին հետևում էր տասնամյակներ շարունակ։ Մարկ Լեոնարդը հղում է կատարում Ցինխուա համալսարանի փորձագետ Յան Սյուետոնգին և գրում է, որ, վերջինիս կարծիքով, ՉԺՀ-ի ռազմական ներուժի աճի հետ մեկտեղ, Պեկինը կսկսի ավելի ակտիվորեն դրսևորել իր իշխանությունն արտասահմանում։

Գլոբալ կառավարման բազմակողմանի համակարգի ստեղծման ոլորտում ևս ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի գործողությունները նման են։ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային համակարգի շրջանակներում պատասխանատու գործընկեր դառնալու փոխարեն, ՉԺՀ-ը սկսեց զարգացնել միջազգային ինստիտուտների սեփական համակարգը։ Պաշտոնական Պեկինն օգտվեց գլոբալ ինստիտուտներում իր անդամությունից (ուր գերիշխում են արևմտյան երկրները)՝ այդ ինստիտուտների մեկուսացման և, միաժամանակ, սեփական այլընտրանքային համակարգը ստեղծելու համար։ Սակայն, ենթադրում է Մարկ Լեոնարդը, ինչպես ցույց է տալիս «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնությունը, Չինաստանը խաղադրույք է կատարում ոչ թե բազմակողմանի, այլ երկկողմանի հարաբերությունների վրա։

Փոխգործակցելով այլ կառավարությունների հետ, Չինաստանը կարող է բանակցություններ վարել ուժի դիրքերից, որպեսզի որոշ պետությունների փաթաթի իր պայմանները։ Թրամփը հայտարարել է իր «Ամերիկան ամենից վեր է» ռազմավարության մասին։ Սի Ցզինպինը նույնպես փոխել է ՉԺՀ-ի արտաքին քաղաքականությունը, որն այժմ հիմնվում է ոչ թե զսպվածության և մարտավարական համագործակցության վրա, այլ ազգային վեհության ձգտելու։ Երկու առաջնորդներն էլ ավելի հաճախ են արտաքին քաղաքական միանձնական որոշումներ կայացնում, խարխլելով իրենց երկրների զսպումների և հակակշիռների համակարգը։

Արդյունքում, գրում է Լեոնարդը, «սառը պատերազմ» 2․0-ի շրջանակներում իրար դեմ կելնեն երկու գերտերություն, որոնք սեփական պատկերացումներն ունեն այն մասին, թե ինչպես է պետք կազմակերպել կյանքն ամբողջ աշխարհում։ Այդ հակամարտության մեջ կարող է լինել միայն մեկ հաղթող։ Ճիշտ է, ամերիկյան փորձագետը խուսափում է կանխատեսել, թե ով կլինի հաղթողը, և ով ստիպված կլինի հեռանալ համաշխարհային քաղաքականության ասպարեզից։

Միգուցե մենք այստեղ՝ Հայաստանում, փորձենք կանխատեսե՞լ ապագա «սառը պատերազմ» 2․0-ի ելքը․․․ Եկեք դատենք միասին։ ԱՄՆ-ի անմիտ, անհեռատես «պատժամիջոցային» քաղաքականությունն այնպիսի հսկաների դեմ, որպիսիք են Ռուսաստանը, Իրանն ու Հնդկաստանը, արդեն նպաստել է այն բանին, որ, առաջինը, Մոսկվան ու Թեհրանը մասամբ վերուղղել են իրենց ածխաջրածնային արտահանումները դեպի Արևելք։ Եվ Ռուսաստանի ու Իրանի նավթի ու գազի առյուծի բաժինը գնում է․․․ հենց Չինաստանը։ ԱՄՆ-ի հետ բախման պատրաստվող տերությունը, անշուշտ, տարեցտարի կավելացնի էներգակիրների իր կարիքները։

Վաշինգտոնը չցանկացավ Ռուսաստանին ու Իրանին որպես հավասար գործընկեր-դաշնակից տեսնել։ Եվ հիմա, իր ամբարտավանության պատճառով, ԱՄՆ-ը Ռուսաստանին ու Իրանին ստացավ որպես Չինաստանին իրավահավասար գործընկեր-դաշնակիցների։ Սպառնալիքները հնդիկների դեմ միայն այն պատճառով, որ նրանք ցանկացան գնել ռուսական զենքն ու իրանական նավթն ու գազը, հանգեցրին նրան, որ 2018թ․ Հնդկաստանը քայլեր նախաձեռնեց Չինաստանի հետ հակասությունները հարթելու ուղղությամբ։ Արդյունքում՝ շուտով այդ երկրները կվերսկսեն համատեղ «Ձեռք ձեռքի – 2018» զորավարժությունները։ Հնդկաստանն ու Չինաստանը արդեն պայմանավորվել են պարբերական համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնելու մասին։

Հիմա վերը նշվածին գումարենք խորացող ռազմական և ռազմատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի ու Իրանի, Իրանի ու Չինաստանի, ինչպես նաև Չինաստանի ու Ռուսաստանի միջև։ Հիշենք նաև այն, որ այդ քառյակում չորսից երեքը միջուկային տերություններ են։ Չինաստանն ու Ռուսաստանը բարձր զարգացածության միջուկային սպառազինությամբ տերություններ են։ Համոզված եմ, նման ռազմական ներուժին ոչ միայն ԱՄՆ-ը, այլև ամբողջ Արևմուտքը չի կարող դիմակայել։ Ոչ մի պարագայում և հանգամանքներում։ Ուրեմն ինչպիսի՞ն կլինի ապագա «սառը պատերազմ» 2․0-ի ելքը․․․

 

Սերգեյ Շաքարյանց