ՆԱՏՕ-ն չի համարձակվի իր նավերը Կերչի նեղուցով անցկացնել՝ հասկանալով, որ հետևանքները կարող են նույնիսկ ճակատագրական լինել

Եվրամիությունում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը «Եվրո ակտիվ» պարբերականին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե Կերչի նեղուցն անցնելիս ՆԱՏՕ-ի նավերն արդյոք ՌԴ-ի հարձակման թիրախ չե՞ն դառնա, ասել է. «Վստահ եմ, որ ՆԱՏՕ-ն այդպիսի վտանգավոր քայլի չի դիմի և ՆԱՏՕ-ի նավերը Կերչի նեղուցով չեն անցնի»:

Վտանգավոր (ընդ որում, ոչ միայն ՆԱՏՕ-ի նավերի, այլև հենց ՆԱՏՕ-ի համար), որովհետև Ռուսաստանի զինված ուժերն այդ դեպքում հարկադրված կլինեն կրակ բացել երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ոտնձգած ՆԱՏՕ-ի նավերի վրա, ինչի հետևանքները կարող են ոչ միայն չափազանց լուրջ լինել, այլև ճակատագրական բոլոր կողմերի համար։ Ճիշտ է, ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն այս մասին չի ասել (դիվանագիտական լեզուն սովորական խոսակցականից տարբերվում է իր զսպվածությամբ), սակայն ՆԱՏՕ-ի նավերի՝ Կերչի նեղուցով  անցնելը «վտանգավոր քայլ» համարելը հենց դա է նշանակում։ Դրա համար էլ, նկատի ունենալով այդ քայլի հետևանքները, Չիժովը ոչ թե հույս, այլ նույնիսկ վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն այդպիսի վտանգավոր քայլի չի դիմի։

Ըստ Չիժովի, «Տեսականորեն  ՆԱՏՕ-ի նավերը, ՌԴ-ի  և Ուկրաինայի համաձայնությամբ, կարող են շարժվել դեպի Ազովի ծով, սակայն դժվար թե ՌԴ-ն համաձայնություն տա դրան»:

Ինչպես հայտնի է, ՌԴ-ն Կերչի նեղուցի վրա կառուցել է 15 կմ երկարությամբ Ղրիմի կամուրջը և լիովին վերահսկում է այդ տարածքը որպես իր երկրի անբաժանելի մաս։