Իրան․ այաթոլլա Համենեիի Նպատակահարմարության խորհուրդն արդեն ամեն ինչ որոշել է

Արդեն գրել ենք, որ նոյեմբերի 19-ին Թեհրանում բանակցություններ կայացան Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանիի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթի միջև։ Հիշեցնենք, որ Իրանի պետական գործիչը նախազգուշացրեց, ի դեմս Հանթի, ամբողջ Արևմուտքին և Իսրայելին․ «Հաշվի առնելով ԱՄՆ-ի անբարո լեզվի ու վարքի առջև մնացյալ կողմերի պասսիվությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով սեփական ազգային շահերի ու պարտավորությունների վրա, անհրաժեշտ որոշումներ է կայացրել մինչև միջուկային պայմանագիրը եղած կարգավիճակին վերադառնալու համար» (ընդգծումները՝ հեղինակինը)։

Սույն թեմային վերադառնալ ստիպում են երկու հանգամանք։ Բոլորին է հասկանալի, որ Թեհրանի այս բաց նախազգուշացումը խոսում է անվազն այն մասին, որ ցանկացած պահի ինքն էլ կհրաժարվի 2015 թ․ «Իրան-վեցյակ» միջուկային պայմանագրից (JCPOA)։ Համաձայն «Fars News» կայքի հաղորդման, Շամխանի-Հանթ հանդիպման հաջորդ օրն Իրանը Լոնդոնին կոչ արեց, որքան հնարավոր է, արագ վերադարձնել 450 մլն ֆունտ-ստեռլինգի պարտքն Իրանին։

«Մենք հուսով ենք, որ Բրիտանիան կկարողանա հնարավորինս արագ վերադարձնել այն գումարները, որ պարտք է Իրանին»,- Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Քասեմին։

Վերջինս համաձայն չէ այն ենթադրության հետ, թե անգլիացիները փորձում են իրենց ժամկետանց պարտքերը կարգավորել 2011 թ․ զայրացած ցուցարարների կողմից Թեհրանում բրիտանական դեսպանատանը հասցված վնասի փոխհատուցման միջոցով։

Այսինքն՝ համադրելով անգլիացի նախարարի հետ զրույցում Շամխանիի հայտարարությունները և Քասեմիի խոսքերը, երևում է, որ նոյեմբերի 19-ին Թեհրանի՝ էությամբ հակաեվրոպական նախազգուշացումներն առավելապես կապված են իրանա-բրիտանական հարաբերությունների վատացման հետ։ Սա խոսում է նաև այն մասին, որ Իրանը` JCPOA պայմանագրով (նաև՝ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից ստորագրված) իրեն վերապահված իրավունքներից լիարժեքորեն օգտվեու մասին որոշումը ԱՄՆ-ին ու Իսրայելին փոխանցելու համար կապավոր է ընտրել Բրիտանիային։ Հիշեցնենք, որ նշված փաստաթղթում ամրագրված է Իրանի իրավունքը դուրս գալ համաձայնագրից, եթե Թեհրանի գործընկերները չեն կատարում միջուկային այդ պայմանագրի իրենց պարտավորությունները․․․

Ճիշտ է, հետո Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանային «Россия-24»-ին տված հարցազրույցում նշեց, որ Թեհրանն, անշուշտ, տվյալ պահին կշարունակի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով ստանձնած (JCPOA) իր պարտավորությունների կատարումը, սակայն կարող է դիտարկել տարբեր սցենարներ․ «Տվյալ պահին լուծում չկա (ակնհայտ է, որ խոսքը գնում է Հանթի հետ զրույցում Շամխանիի հիշատակած որոշման մասին.– հեղ․), բայց կարելի է դիտարկել տարբեր սցենարներ» (ընդգծումները՝ հեղինակի)։ Դիվանագետը հավելել է, որ նման սցենարները կարելի է դիտարկել, եթե Իրանը տեսնի, որ  JCPOA-ում ներգրավված մյուս երկրները «չեն կատարում իրենց պարտավորությունները»։

Իրավիճակը ճշտելու համար նոյեմբերի 22-ին արդեն Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Քասեմին է հանդես եկել․ JCPOA-ից Իրանի դուրս գալու վերաբերյալ վիրտուալ տարածքում հրապարակված որոշ նորություններ նա ստահոդ է անվանել։ IRNA գործակալության հաղորդմամբ, Քասեմին նշել է, որ նման լուրերի տարածումը բացասական է անդրադառնում շուկայի վրա, և դրանք տարածվում են արևմտյան որոշ շրջանակների կողմից։ Նա ընդգծել էր, որ միջուկային պայմանագրից Իրանի դուրս գալու մասին լուրերն, «անշուշտ, ստահոդ են, անհիմն ու նպատակաուղղված»։ IRNA-ի տվյալներով, այդ լուրերը տարածել են արժույթային շուկաների հետ կապված որոշ կայքեր։

Իրանի հիշյալ բարձրաստիճան պաշտոնյաների խղճին թողնենք, ինչպես մեզ թվում է, նրանց որոշակի անհետևողականությունը։ Պարզապես նշեմ, թե ինչու եմ համոզված, որ JCPOA-ից Իրանի դուրս գալու որոշումն ընդունվել է ամենաբարձր մակարդակում։ ԱԱԲԽ-ում փոխծովակալ Ալի Շամխանիի քարտուղարությունը այսբերգի տեսանելի մասն է միայն, քանզի, դրա հետ մեկտեղ, նա Գերագույն առաջնորդ, այաթոլլա Համենեիին կից «Որոշումների ընդունման նպատակահարմարության խորհրդի» (ՈԸՆԽ) գործող անադամ է, իսկ ՈԸՆԽ-ն խորհրդատվական մարմին է, որը զբաղվում է նաև իրանական խորհրդարանի և Սահմանադրության Պահակազորի Խորհրդի (ՍՊԽ)  միջև տարաձայնությունների լուծմամբ։ ԻԻՀ ՍՊԽ-ն հատուկ պետական մարմին է, որը բաղկացած է 12 հոգուց․ վեցը իսլամական հոգևորականության ղեկավարի՝ այաթոլլա Համենեիի ներկայացուցիչներն են, մյուս վեցը՝ դատական համակարգի ղեկավարի նշանակած իրավաբանները։

Պահակազորի Խորհուրդը բացառիկ իրավունք ունի ուղղումներ մտցնելու երկրի Սահմանադրության մեջ, ինչպես նաև հաստատել բարձրագույն պետական պաշտոնների, այդ թվում՝ նախագահի թեկնածությունները։ Բացի դրանից, Խորհրդի պարտականությունների մեջ է մտնում նաև խորհրդարանի գործունեությանը հետևելը։ Պահակազորի Խորհուրդն իրավունք ունի արգելանք դնել ցանկացած օրինագծի վրա և այն վերամշակման վերադարձնել խորհրդարան։ Եվ, ահա, Նպատակահարմարության խորհուրդը, որի անդամ է ԱԱԲԽ քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանին, խորհրդատվական իշխանական մարմին է, որն անհամեմատ բարձր է կանգնած և՛ Պահակազորի խորհրդից, և՛ Փորձագետների խորհրդից, և՛ խորհրդարանից, և՛ նախագահից։ Դրանից վեր միայն Գերագույն առաջնորդ, այաթոլլա Համենեին է։

Այսպիսով, եթե փոխծովակալ Ալի Շամխանին Հանթի միջոցով իրանական «ջերմ ողջույններ» է ուղարկել Արևմուտքին, ապա նա, այդ թվում, խոսել է նաև Նպատակահարմարության խորհրդի անունից։ Չէ՞ որ հենց այնտեղ է, որ նախապես քննարկվում և ընդունվում են որոշումների նախագծեր, որոնք հետագայում օրենքի ուժ են ստանում կամ չեն ստանում։ Բնականաբար, նախագծերն օրենք դառնում են այն բանից հետո, երբ դրանք հավանում ու հաստատում է Իրանական հեղափոխության Գերագույն առաջնորդը։

Առաջարկում ենք մեկ անգամ ևս ուշադիր կարդալ Շամխանիի ուղերձն Արևմուտքին և խորհել այդ հայտարարության ամեն բառի վրա, հիշելով , որ դա ասել է ԱԱԲԽ քարտուղարն ու միաժամանակ Նպատակահարմարության խորհրդի անդամը․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով սեփական ազգային շահերի ու պարտավորությունների վրա, անհրաժեշտ որոշումներ է կայացրել միչև միջուկային պայմանագիրը եղած կարգավիճակին վերադառնալու համար»։ Այդ նույն «անհրաժեշտ որոշումներն» ընդունել է և՛ Նպատակահարմարության խորհուրդը, և՛ ինքը՝ Գերագույն առաջնորդ, այաթոլլա Համենեին, հակառակ դեպքում փոխծովակալ Շամխանին չէր համարձակվի նման հայտարարություն բարձրաձայնել, այն էլ՝ օտարերկրյա դեսպանի հետ զրույցում։ Այնպես որ, ԱՄՆ-Իսրայել տանդեմին, ինչպեսև ԵՄ-ին ու նաև այն ոչ արևմտյան երկրներին, որ արևմտյան նախաձեռնություններին «կոճկված» են քայլում, հարկ կլինի մշտապես հիշել Իրանական Իսլամական Հանրապետությունում որոշումներ ընդունող պետական մարմինների կառուցվածքը և փոխծովակալ Շամխանիի՝ արդեն իսկ արտասանված խոսքերը։

 

Սերգեյ Շաքարյանց