Ռոբերտ Քոչարյանի դատավարության մեկնարկը տրվել է օրենքի խախտմամբ, ուստի ընթացքն ևս կարող է այդպիսին լինել

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը:

Երեկվա դատական նիստի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի տեղեկացմամբ, պաշտպանական կողմը որոշակի հանգամանքներ ի հայտ գալու պատճառով որոշել էր նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել՝ դատաքննությունից հեռանալու պահանջով:

Փաստաբանն այսօր ներկայացրեց այն հիմքերը, որոնք մտահոգության պատճառ էին դարձել: Հայկ Ալումյանն ասաց, որ իրենք նիստից օրեր առաջ «Ժողովուրդ» լրատվական կայքից տեղեկացել էին, թե այս գործի քննության համար դատավորի ընտրությունը վիճակահանությամբ է կայացվել, ինչն օրենքով նախատեսված չէ, հետևաբար հակաօրինական է։

«Վիճակահանություն օրենքով նախատեսված չէ, բայց մենք սկզբում փորձեցինք պարզել դատավորից՝ իրո՞ք վիճակահանություն է եղել,- ասաց Հայկ Ալումյանը։- Դատավորը հաստատեց մեր տեղեկությունը, և մենք միջնորդեցինք, որպեսզի նա ներկայացնի այդ գործողության արձանագրությունը: Քրեական գործի շրջանակում ցանկացած գործողություն պետք է որևէ տեղ ամրագրված լինի: Բայց նա ասաց, որ նման արձանագրություն գոյություն չունի և որոշ լրացուցիչ պարզաբանումներ տվեց, որոնք ավելի հիմնավորեցին մեր կասկածները: Ըստ նրա, թեև վիճակահանություն է եղել, սակայն ինքը չգիտի՝ դատարանի նախագահն այդ գործն իրեն հանձնարարելով, վիճակահանության արդյո՞ւնքն է նկատի ունեցել, թե այլ չափանիշներ: Նրա պատասխանն ավելի մեծ անորոշություն ստեղծեց այն հարցում, թե ինչ չափանիշներով է որոշվել, որ հենց ինքը պետք է այդ գործը քննի»:

Փաստաբանը հավելեց, որ դատավորն իրենց առաջարկել է հարցը պարզել դատարանի նախագահի պաշտոնակատարից, և Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել նրան՝ վիճակահանության արձանագրությունը տրամադրելու, ինչպես նաև բացատրելու համար, թե ինչ չափորոշիչներով ու սկզբունքներով է ընտրվել տվյալ քրեական գործի դատավարության դատավորը: Արձանագրությունը տրամադրելու փոխարեն, դատարանի նախագահի պաշտոնակատարն ևս հաստատել է, որ վիճակահանություն է եղել, որի արձանագրությունը, սակայն, չկա: Միևնույն ժամանակ, նախագահի պաշտոնակատարն իր բացատրության մեջ գրել է, թե դատավորի ընտրությունը որոշվել է պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով դատավորների ծանրաբեռնվածությունը: Դատավորի այս պատասխանը պաշտպանական կողմի համար տրամաբանությունից զուրկ է։ Այս կապակցությամբ Հայկ Ալումյանն ասաց․

«Նախագահի պաշտոնակատարի պատասխանը, պարզաբանումը հակասական է, նրա երկու պնդումներն իրարամերժ են. եթե պատահականության սկզբունքով է ընտրվել դատավորը, ապա ծանրաբեռնվածությունը չէր կարող հաշվի առնվել, իսկ եթե հաշվի է առնվել, ուրեմն ընտրությունը պատահական չի եղել, այլ, այնուամենայնիվ, ինչ-որ չափորոշիչ հաշվի է առնվել: Սա մեզ ենթադրել է տալիս, որ տվյալ դատավորի նախագահությամբ քննությունը չի կարող անաչառ լինել:

Եվ հետո՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում է՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր գործը քննի օրենքով ստեղծված դատարանը: Դա նաև նշանակում է, որ ցանկացած դեպքում, երբ ստեղծվում է դատարանի կազմ՝ այս կամ այն գործը քննելու համար, այդ կազմը պետք է օրենքի հիման վրա ձևավորվի: Մենք այսօր դատարանին ցույց տվեցինք, որ չկա այս գործով կիրառված ընթացակարգ նախատեսող օրենք: Հետևաբար տեղի ունեցածը հակաօրինական է»:

Հայկ Ալումյանը, մեջբերելով Ստանիսլավսկուն, ասաց՝ եթե թատրոնը սկսվում է կախիչից, ապա նույն սկզբունքով դատը սկսվում է դատարանի կազմը որոշելուց: Եթե այդ գործընթացը սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ, ապա երաշխիք չկա, որ դատաքննության հետագա ընթացքը կարող է օրինական լինել: Այդ մտավախությամբ էլ պաշտպանական կողմը որոշել է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, որպեսզի գործը քննվի օրենքով սահմանված կարգով ընտրված դատական կազմի կողմից։

«Մենք դատարանին ասացինք՝ եթե դատավորն ինքնաբացարկ հայտնի և հետագայում օրինական ճանապարհով որոշվի, որ նորից նա է դատաքննությունը վարելու, մենք չենք ընդդիմանա,- հավաստեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը։- Մենք նրա անձի հետ կապված խնդիր չունենք, մեզ համար կարևոր է, որ օրենքի շրջանակում ամեն ինչ արվի և ամբողջ դատական գործընթացը կախված չլինի որևէ անձի կամայական որոշումից»:

Ի դեպ, ինչպես տեղեկացրեց փաստաբանը, քննիչը ևս իր համաձայնությունն էր հայտնել պաշտպանական կողմին՝ ասելով, որ այս դատավարության համար նշանակված դատավորը չպետք է քննի այդ գործը: Հայկ Ալումյանի կարծիքով, դա ընդամենը հատուկ տեխնոլոգիա է, որի նպատակը պաշտպանական կողմի քայլերին խոչընդոտելն է։

«Կարծում եմ, քննիչը դա արեց, որպեսզի պատրանք ստեղծի, թե իրենք ևս դժգոհ են դատավորից և այդպիսով վերացնի նրա կողմնակալության վերաբերյալ կասկածները,- ասաց պաշտպանը։- Դա ռազմավարական քայլ է, դատական պրակտիկայում նման բաներ արվում են: Եթե մի կողմը դատավորից դժգոհ է լինում, իսկ մյուս կողմն ուզում է, որ հենց այդ դատավորը գործը քննի, իր հերթին դժգոհություն է հայտնում նրանից: Իսկ անկողմնակալ անձին թվում է, թե այս դատավորն ամենաօբյեկտիվն է, քանի որ թե՛ պաշտպանական կողմը, թե՛ մեղադրողը դժգոհ են նրանից»:

Ի տարբերություն նախորդ դատական նիստի, այսօր գլխավոր դատախազը բացակայում էր, սակայն նա իր մասին հիշեցրել էր լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարելով, թե մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն անդրադառնալով գլխավոր դատախազի վերոնշյալ դիտարկմանը, ասաց, որ կարևորը ոչ թե քննիչի կամ դատախազի կարծիքներն են, այլ դատարանի կարծիքը, այն, թե դատարանն ինչ կպարզի դատավարության ընթացքում քննիչի փաստարկների վերաբերյալ: Դատախազը կարող է ցանկացած հայտարարություն անել, բայց քանի դեռ դատավարությունն ընթանում է, դրանք լինելու են կողմնակալ ու չհիմնավորված:

Արամ Օրբելյանը նաև ասաց, որ իր համար այս դատավարության ընթացքոմ գլխավոր դատախազի ներկայությունը տարակուսելի է։

«Ճիշտ կլիներ, որ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը դատական նիստերին ու գործի քննությանը ներկա լինեին առաջին իսկ օրվանից, շատ տարօինակ է, որ նոր են հետաքրքրություն ցուցաբերում,- ասաց Օրբելյանը։- Անգամ ԶԼՄ-ները արձագանքել են, որ հոկտեմբերի 27-ի գործով քննության ժամանակ գլխավոր դատախազը ներկա չի եղել, և դա առնվազն տարակուսանք է առաջացնում: Բայց մենք դեմ չենք, և ճիշտ է, որ այսպիսի գործերով բարձր պաշտոնյայի ներկայություն ապահովվի մեղադրական կողմից»:

Խոսելով դատական գործի քննության ընթացակարգի և հնարավոր ընթացքի մասին, փաստաբանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը կարող է իրենց բողոքը մերժել, և այդ պարագայում՝ կախված նրանից, թե դատարանը մեղադրող կողմի բողոքը կբավարարի՞, թե չի բավարարի, Ռոբերտ Քոչարյանը համապատասխանաբար կա՛մ կկալանավորվի, կա՛մ կվերահաստատվի նրան կալանքից ազատելու դատարանի նախորդ որոշումը: Տարբերակներից մեկն էլ, ըստ նրա, գործը կասեցնելն է, եթե դատարանի կողմից բարձրացվի կիրառվող օրենքի սահմանադրականության հարց: Այդ ժամանակ տվյալ խնդրի քննությամբ կզբաղվի Սահմանադրական դատարանը, որից հետո վերջնական որոշումը կկայացնի Վերաքննիչ դատարանը:

 

Թագուհի Ասլանյան