Ֆրանսիան և Գերմանիան հրաժարվեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել

Ֆրանսիան և Գերմանիան դեմ են Կերչի նեղուցի միջադեպի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն։ Այդ մասին հայտնում է N-TV.DE կայքը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական աղբյուրներին։

Բրյուսելում կայացած Քաղաքականության և անվտանգության կոմիտեի գաղտնի նիստի ժամանակ նշված երկրները բացառել են ՌԴ-ի դեմ նոր սահմանափակիչ միջոցների կիրառումը։ Դրա փոխարեն, առաջարկվում է «շարունակել դիվանագիտական ջանքեր գործադրել»։ Ֆրանսիան և Գերմանիան նաև հուսով են գործին միացնել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)։

Մինչ այդ «Die Welt» թերթը հայտնում էր, որ ԵՄ Խորհրդում նախագահող Ավստրիան չի բացառում Մոսկվայի դեմ լրացուցիչ սահմանափակիչ միջոցներ մտցնելը։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե Ռուսաստանն ու Ուկրաինան ինչպես կներկայացնեն փաստերը, և ինչպես պետք է իրենց պահեն Մոսկվան և Կիևը», – ասել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Կարին Կնայսլը։

Ավելի վաղ, նոյեմբերի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ազովի ծովի իրադարձությունների պատճառով իր հանդիպումը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ կարող է չկայանալ։

Նոյեմբերի 27-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակեց Կերչի նեղուցի իրադարձությունների ամբողջական ժամանակագրությունը։

Նոյեմբերի 25-ին Ղրիմի տարածքային ջրերում, Կերչի նեղուցի մոտերքում ԱԴԾ պահակախումբը կալանքի տակ է առել Ուկրաինայի ՌԾՈՒ երեք նավ։ Մոսկվան հայտարարել է ուկրաինական նավաստիների կողմից ռուսական պետական սահմանը խախտելու մասին։

Կիևը իրավիճակն անվանել է ռազմական ագրեսիայի ակտ և 30 օրով զինվորական դրություն մտցրել երկրի մի շարք շրջաններում։ Ուկրաինան չի ընդունում Ղրիմի թերակղզու և նրա շուրջ ծովային տարածքների պատկանելությունը Ռուսաստանին։