ԱՄՆ-ի խամաճիկներն ու դաշնակիցները պետք է հասկանան, որ շուտով կարող են դառնալ ՌԴ հրթիռային զորքերի թիրախը

Բացառված չէ, որ տեսանելի ապագայում մոլորակիս 2018թ․ աշխարհաքաղաքական իրավիճակն ուսումնասիրողներն անպայման կնշեն նոյեմբերի 23-ը։ Կատարվել է հիրավի աննախադեպ մի բան․ Ռուսաստանի չափազանց տոլերանտ ու քաղաքավարի ԱԳՆ-ն նուրբ ակնարկի ձևով սպառնացել է ԱՄՆ-ին։ Ինչպես այդ օրը «РИА Новости» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ Սպառազինությունների չտարածման և հսկման վարչության տնօրեն Վլադիմիր Երմակովը, Ռուսաստանը հուսով է, որ ԱՄՆ-ը չմտածված քայլեր չի ձեռնարկի Միջին և փոքր հեռահարության հրթիռների (ՄՓՀՀ) պայմանագրի հարցում։

Այդ պայմանագիրը, ինչպես հայտնի է, ստորագրվել է ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև 1987թ․։ Փաստաթղթի համաձայն, կողմերը պայմանավորվել են ոչնչացնել միջին (1000−5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության բալիստիկ և թևավոր հրթիռների բոլոր համակարգերը, ինչպես նաև չարտադրել, չփորձարկել և չտեղակայել դրանք ապագայում։ Սակայն, 2018թ․ հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց դուրս գալ ՄՓՀՀ-ից, քանի որ Մոսկվան, նրա ասելով, չի կատարում իր պարտականությունները։ Այդ օրը Սպիտակ տան ղեկավարն ընդգծեց, որ Վաշինգտոնը պետք է հզորացնի իր միջուկային կարողությունները։ Նա նշեց, որ դա կկատարվի այնքան ժամանակ, մինչև մնացածներն «ուշքի գան»։ Դրանից հետո Միացյալ Նահանգները պատրաստ կլինի կանգնեցնել այդ գործընթացը և նույնիսկ անցնել սպառազինությունների կրճատմանը։ Թրամփը պարզաբանեց, որ այս հայտարարությունը, առաջին հերթին, ուղղված է Չինաստանին և Ռուսաստանին։

Չինաստանում և Ռուսաստանում, անշուշտ, ոչ ոք չէր էլ կասկածում, որ Թրամփը կփորձի շանտաժի ենթարկել հենց Չինաստանին ու Ռուսաստանին, քանի որ ՌԴ և ՉԺՀ ղեկավարությունները շատ լավ տեղեկացված են, որ ռազմական ասպարեզում ԱՄՆ-ի ձեռնարկած շատ քայլեր, ըստ էության, տանում են նրան, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Չինաստանի և Ռուսաստանի հետ գլոբալ պատերազմի․․․

Մոսկվան անդրադարձեց (ընդ որում, դեռ հոկտեմբերին)՝ հայտարարելով, որ Եվրոպայում ամերիկյան հրթիռների հայտնվելուն ինքը կպատասխանի հայելային սկզբունքով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերով, այն երկրները, որոնք կհամաձայնեն ԱՄՆ-ի սպառազինության տեղակայմանը, պետք է հասկանան, որ սեփական տարածքները դնում են հնարավոր պատասխան հարվածի սպառնալիքի տակ։ Կրեմլում մեկ անգամ չէ, որ շեշտել են, որ Մոսկվան, իր հերթին, լուրջ հարցեր ունի Վաշինգտոնին տալու՝ կապված հենց իրենց կողմից պայմանագրի դրույթները խախտելու հետ։ Մասնավորապես՝ Ռուսաստանը նշում է, որ Միացյալ Նահանգները ցամաքում (Ռումինիայի իր ռազմահանգրվանում, ինչպես նաև Լեհաստանում) տեղակայում է համակարգեր, որոնք ի վիճակի են «Տոմագավկ» տիպի հարվածային թևավոր հրթիռներ արձակել, մինչդեռ դա արգելված է ՄՓՀՀ-ի պայմանագրով։

Ռուսաստանը բացառում է պայմանագրի խախտումն իր կողմից և պնդում է, որ այն խախտում են Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերը, այսպես կոչված, «ամերիկյան ՀՀՊ եվրոպական բաղադրիչները»։ Պուտինի խոսքերով, ԱՄՆ-ի որոշումը՝ դուրս գալ ՄՓՀՀ-ից, Ռուսաստանի կողմից «անպատասխան չի կարող մնալ և չի մնա»։ Բացի դրանից, ԱՄՆ-ն ֆինանսավորում է վերգետնյա տեղակայման թևավոր հրթիռի ստեղծումը։ Շատ խորհրդանշական է, որ Պուտինը հիշեցրեց 17 տարվա վաղեմության իրավիճակը, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ ՀՀՊ պայմանագրից, իսկ Ռուսաստանը արդյունքում ստեղծեց հիպերձայնային զենք․ «Երբ նրանք այն ժամանակ դուրս եկան պայմանագրից, մենք բացեիբաց և ազնվորեն հայտարարեցինք, որ ստիպված կլինենք պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այդպես էլ արվեց։ Հիմա Ռուսաստանն ունի հիպերձայնային զենք, որը կարող է չեզոքացնել ցանկացած հակահրթիռային համակարգի»։

Այս ամենի կապակցությամբ Վլադիմիր Երմակովը նշել է․ «Մենք ելնում ենք նրանից, որ նրանք (այսինքն՝ ամերիկացիներն ու եվրոպացիները – հեղ), ի վերջո, սթափ կգնահատեն իրավիճակն աշխարհում։ Բայց մենք, բնականաբար, լուծումներ ունենք իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում։ Դե, իսկ նա, ով չի ցանկանում լսել, թե ինչպես է այդ ամենը մանրամասնորեն բացատրում Սերգեյ Լավրովը, ստպված կլինի լսել արդեն այն, ինչ նրան կսկսի բացատրել Սերգեյ Շոյգուն» (ընդգծումը՝ հեղինակինը)։

Սա կոշտ և ոչ երկիմաստ նախազգուշացում է։ ԱՄՆ-ը ու Եվրոպան դիվանագիտություն չե՞ն ուզում․․․ Այդ դեպքում նրանց հետ կխոսի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, այսինքն՝ ՌԴ Զինված ուժերի բարդագույն համակարգերը, ներառյալ՝ օդատիեզերական ուժերն (ՕՏՈՒ) ու հրթիռային տարբեր ստորաբաժանումները։ Մոսկվայում, դատելով Երմակովի խոսքերից, իրոք (ըստ ամենայնի, արդեն վաղուց…) «իրադարձությունների ցանկացած զարգացման լուծումներն ունեն»․ ԱՄՆ-ը կարող է ազատ ու հանգիստ նետվել «дзот-ի հրակնատի վրա, ամերիկյան հարձակման միջոցները կոչնչացվեն, հատուցման պատասխան հարվածներն անխուսափելի են։

Հիշենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն դեռ հոկտեմբերի 29-ին անդրադարձավ Վաշինգտոնի հայտարարություններին։ Ճիշտ է, այն ժամանակ ՊՆ ղեկավարը զուսպ էր և քչախոս։ Նա նշեց, որ շատ ճիշտ կլիներ այդ հարցի ավելի լայն քննարկումը ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շրջանակներում։ Ինչպես հաղորդում էր «РИА Новости»-ին, բանակի գեներալ Շոյգուն Հունաստանի ՊՆ ղեկավար Պանոս Կամենոսի հետ հանդիպման ժամանակ ընդգծեց, որ եվրոպացիները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, պետք է հասկանան ու ընկալեն, որ ՄՓՀՀ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը կհանգեցնի լուրջ հետևանքների, առաջին հերթին, Եվրոպայի համար։ Տվյալ դեպքում Շոյգուի հայտարարության բառացի մեջբերումն էական է․ «Ինչ վերաբերում է միջին և փոքր հեռահարության հրթիռներին, ինչպես մեզ թվում է, Եվրոպայում ոչ բոլորն են հասկանում, որ այդ որոշումը կհանգեցնի լուրջ հետևանքների, այդ թվում՝ Եվրոպայի համար, իսկ եթե ճշգրտենք, ապա, առաջին հերթին, Եվրոպայի համար։ Մեզ հետաքրքրում է Եվրոպայի ռեակցիան ԱՄՆ-ի այդ որոշմանը։ Եվ ցանկալի կլիներ, որ Եվրոպան հասկանար ու ընկալեր հետևանքները, որոնք կլինեն Եվրոպայում միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու դեպքում» (ընդգծումները՝ հեղինակինը)։

Շոյգուի հայտարարությունը դիվանագիտական լեզվից թարգմանաբար նշանակում էր, որ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հերթական քաղաքական արկածախնդրությանը մասնակցելուն համաձայնվածներն ավտոմատ կերպով կմտնեն ռուսական բանակի ու նավատորմի, ՌՕՈՒ-ի, ՕՏՈՒ-ի և այլնի թիրախների ցուցակի մեջ։ Ընդ որում, հասկանալի է, որ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ մեկտեղ, թիրախներ կդառնան նաև ոչ անդամ երկրները, որոնք իրենց հողերում «չափից դուրս շատ տեղ» կտրամադրեն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զինվորականներին։ Ասենք, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան․․․

Հասկանալի է, որ ՄՓՀՀ-ի պայմանագրի շարադրանքի տարընթերցումները ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից (Չինաստանն էլ է ԱՄՆ-ին մեղադրում ՄՓՀՀ-ի պայմանագրի դրույթներից հետ կանգնելու մեջ) կարող են կարգավորվել միայն երկու երկրների նախագահների մակարդակով։ Սակայն, Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ակնարկելով Արգենտինայում, G-20-ի գագաթնաժողովում նախագահների հանդիպման հավանականությունը, այնուամենայնիվ, չգիտի, արդյոք պայմանագրեր կստորագրվե՞ն երկու երկրների ղեկավարների հնարավոր բանակցությունների արդյունքում։

2018թ․ աշխարհաքաղաքական ճգնաժամին անաչառ նայելու պարագայում, չի կարելի չնկատել, որ Թրամփի անհավասարակշիռ հայտարարություններն ու որոշումները ոչ միայն միջազգային գործերում լրացուցիչ լարվածության աղբյուր են, այլև ապակողմնորոշում են հենց ամերիկյան զինվորականներին։ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը, ով գտնվում է այդպիսի ապակողմնորոշված վիճակում և որի մոտալուտ հրաժարականն էին կանխատեսում որոշ ամերիկյան ԶԼՄ-ներ, թեև ՄՓՀՀ-ի պայմանագրի հետ կապված իրավիճակն «ուղղակի անընդունելի» անվանեց, նաև հիմարություն թույլ տվեց իրեն, հայտարարելով․ «Ռուսաստանին վերադարձնելը ՄՓՀՀ-ի պայմաններին հետևելուն, լավագույն ելքը կլինի»։

Դրան ի պատասխան ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրեց ԱՄՆ-ին այն բանում, որ ռազմահանգրվան են տեղակայել Սիրիայի հարավում, Հոմս նահանգի Էթ-Թանֆա շրջանի փախստականների ճամբարի մոտ և այնտեղ ահաբեկչական խմբերի գրոհայիններ ու հրոսակներ են պատրաստում։ Իսկ ԱԳՆ ղեկավար Լավրովն իտալական ԱՋԱ գործակալությանը տված հարցազրույցում հրապարակայնորեն ծաղրեց Վաշինգտոնի ներկայիս կուրսը, հայտարարելով, որ «պատժամիջոցների վրա սևեռվելը ԱՄՆ-ում արդեն պարանոիդալ բնույթ ունի»։ Ըստ այդմ, նա հիշեցրեց, որ «Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, որպես միջուկային խոշորագույն կարողությունների տերեր, առանձնակի պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգությունը պահպանելու հարցում»։

ԱՄՆ-ի վոլյունտարիզմը միջազգային քաղաքականության մեջ անվիճելի է։ Եվ եթե վաղը կամ մյուս օրը ԱՄՆ-ի գերիշխանությանը դիմակայող տերությունների դաշինքը հոսքագծով սկսի հրապարակայնացնել առայժմ միայն «Ալ-Քաիդա» խմբավորումը ստեղծելուն և ֆինանսավորելուն ԱՄՆ-ի մասնակցության փաստերը, ապա Վաշինգտոնի վիճակը շատ վատ կլինի։ Ավելին․ ջրի երես կելնի արդեն բավականին մոռացված սկանդալն առ այն, որ 2001թ․ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի օր առաջ Սպիտակ տունը նախազգուշացված էր մի քանի երկրների, այդ թվում և Ռուսաստանի իշխանությունների կողմից, որ ահաբեկչության սպառնալիք կա, սակայն ԱՄՆ-ի իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին։

Իսկ ի՜նչ սկանդալ կբորբոքվի, երբ Սիրիան, Իրանը և Իրաքը բացեն իրենց ունեցած փաստաթղթերը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ստեղծելուն և ֆինանսավորելուն ԱՄՆ-ի մասնակցության մասին։ Մի խոսքով, Թրամփը, ինչպես ասում են, կրակի հետ է խաղում։

 

Սերգեյ Շաքարյանց