2025 թվականին կառավարության աշխատակազմին բաժանվել է շուրջ 802,5 մլն դրամ խրախուսում․ «Փաստինֆո»

2025 թվականին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին հատկացվել է  շուրջ 802,5 մլն դրամի պարեւատրում եւ խրախուսում։ Այդ մասին են վկայում «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությունից ստացված տվյալները։

 «Փաստինֆո»-ն 2025-ի դեկտեմբերի 24-ին գրավոր հարցմամբ ՀՀ կառավարությունից խնդրել էր հայտնել, թե արդյո՞ք ՀՀ կառավարության աշխատակազմին պարգևատրումներ տրվել են, թե ոչ, տրամադրվե՞լ են տարեվերջյան պարգևավճար/հավելավճարներ, 13-րդ աշխատավարձ և միջինը որքա՞ն է կազմել յուրաքանչյուր աշխատակցին տրամադրված պարգևավճար/հավելավճարը։
ՀՀ Կառավարությունից չեն հստակեցրել, թե միջինը որքան հավելավճար, խրախուսում է տրամադրվել աշխատակիցներին, սակայն հայտնել են, թե որքան գումար է հատկացվել այդ նպատակով։

Այսպես՝  «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Պարգևատրումներ, դրամական խրախուսանքներ և հատուկ վճարներ» հոդվածով հատկացվել է 420.628.2 հազար դրամ, որն ամբողջությամբ 2025 թվականի ընթացքում վճարվել է աշխատակազմի աշխատողներին՝ վերոնշյալ պարբերականությամբ և նպատակով։

«Բացի այդ, Կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի «Պետական կառավարման համակարգի առանձին մարմինների կատարողականի  գնահատման և դրա հիման վրա խրախուսման պիլոտային կարգը և պետական կառավարման համակարգի առանձին մարմինների ցանկը հաստատելու մասին» N 1712-Լ և ՀՀ Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1763-Ն որոշումներին համապատասխան՝ 2025 թվականի 1-ին կիսամյակի գործունեության առաջնահերթությունների և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա աշխատակազմի տվյալ ժամանակահատվածում աշխատած աշխատողներին հատկացվել է 381.847.7 հազար դրամ պարգևավճար»,-հավելել են ՀՀ Կառավարությունից։
Ասել է թե՝ միայն կառավարության աշխատակազմին հատկացվել է 802.475.9 մլն դրամ խրախուսում՝ տարբեր ձեւակերպումներով։