ԵՄ առաքելության փորձագետները հյուրընկալվել են Հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպական միության մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում իրականացվող ԵՄ գնահատման առաջին առաքելության պատվիրակության անդամներին։

Արմեն Ասատրյանը, շնորհակալություն հայտնելով վերջիններիս հանդիպման նախաձեռնության համար, նրանց ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքն ու գործունեությունը, կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով իրականացվող քննության առանձնահատկությունները: Անդրադարձ է կատարվել նաև հակակոռուպցիոն պայքարի թիրախայնության և արդյունավետության բարձրացման նպատակով 2025 թվականի ընթացքում Կոմիտեում իրականացված նշանակալի բարեփոխումներին,  մասնավորապես՝ նոր ստորաբաժանումների ձևավորմանն ու կառույցի գործունեության լավարկմանն ուղղված բազմաթիվ իրավական ակտերի ընդունմանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է նաև հաշվետու ժամանակահատվածում քրեական վարույթների քննության որակական բարելավման, մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում որդեգրած նոր մոտեցումների, այդ թվում՝ հակակոռուպցիոն կրթության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:  Անդրադարձ է կատարվել նաև արտերկրի՝ համանման գործառույթներ իրականացնող իրավապահ մարմինների հետ ակտիվ համագործակցությանն ու քրեական վարույթներով միջազգային իրավական փոխօգնության հարցերին:

ԵՄ առաքելության փորձագետները շնորհակալություն են հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալին՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտին առնչվող հարցերի շուրջ համապարփակ տեղեկատվության ներկայացման համար և ընդգծել նման ձևաչափով համագործակցության կարևորությունը: