Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 22
Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից. գլխավոր հարցը՝ ինչո՞ւ…
Սկիզբը՝ այստեղ
Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը (ԱՀԾ) նոյեմբերի 12- ին տեղեկացել է ռուսական հացահատիկի մատակարարումից հրաժարվելու Հայաստանի, ավելի ճիշտ կլինի ասել՝ Նիկոլ հայադավի և իր ոհմակի պլանների մասին։ Ըստ գերատեսչության տեղեկությունների, Երևանը փոխարենը մտադիր է Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնել։
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը ռուսական հետախուզության հաղորդագրությունը չկարդալով, այն անվանել է «բացարձակ անհեթեթություն»: Մինչդեռ Կրեմլում ընդգծել են, որ ԱՀԾ հայտարարությունները երբեք մերկապարանոց չեն լինում։
Ինչպես հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության
մամուլի բյուրոն, Հայաստանը ծրագրում է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի, որն ավելի թանկ է: Գերատեսչությունն ուշադրություն է դարձրել, որ Հայաստանը երկար տարիներ հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Սակայն այժմ «Երևանը պատրաստ է թուլացնել ևս մեկ կապող թել Մոսկվայի հետ»։
Դե ինչ, զարմանալ կարելի է ՌԴ վերոնշյալ ծառայության այս մեղմ, փաղաքուշ ձևակերպման վրա: Ի՞նչ թուլացնել… Ի՞նչ խոսք կարող է լինել Մոսկվայի հետ կապող թելը թուլացնելու մասին, երբ խոսքն ակնհայտորեն այդ կապող թելը կացնահարելու, կացնով կտրելու մասին է:
«Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության մամուլի բյուրոն հայտնում է, որ, ըստ ԱՀԾ- ում ստացված տեղեկությունների, Կէ դ’Օրսե- ի վրա գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում տարակուսած են,- նշված է ԱՀԾ մամուլի բյուրոյի 12.11.2025թ. հաղորդագրության մեջ:- Մի կողմից՝ կա առիթ հաղթանակ տոնելու. Կէ դ’Օրսե- ի վրա տեղեկություններ են ներսողացել, որ Երևանը պատրաստ է թուլացնել ևս մեկ կապող թել Մոսկվայի հետ։ Երկար տարիներ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Այժմ հայերը, ինչպես ասում են, քաղաքական նկատառումներից ելնելով «ուզում են կտրվել» Մոսկվայից և օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ հացահատիկի անհրաժեշտ ծավալների մի մասը ձեռք «նեզալեժնայայից» (Ուկրաինայի ոչ պաշտոնական անվանումը.- Ա. Հ.): Բայց ահա ձախողմունք. ուկրաինական հացահատիկն ավելի քան կիսով չափ թանկ է: Սակայն, ինչպես ընդգծում են Երևանում, սկզբունքի հարց է՝ բարեկամությունը բարեկամություն, իսկ փողն՝ առանձին: Բրյուսելին առաջարկվում է փոխհատուցել Ուկրաինական հացահատիկի արժեքի գերազանցումը»:
Այստեղ Ռուսաստանի ԱՀԾ հաջորդ, բայց արդեն կոպտագույն սխալն ենք տեսնում. ոչ թե հայերն են ցանկանում, այլ թուրք Նիկոլ հայադավը և իր ոհմակը (չարախումբը), ներառյալ՝ Նիկոլին սատարող «Քաղաքացիական պայմանագիր» (կարդալ՝ «Քեմալական պայմանագիր») կուսակցությունը: Շատ վատ է գործում Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը, որ հայերին ու հակահայերին չի զանազանում միմյանցից և նույնականացնելով, թույլ է տալիս, մեղմ ասած, այսպիսի վրդովեցուցիչ ձևակերպումներ: Հուսանք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի կիսում պարոն Նարիշկինի ղեկավարած գերատեսչության վերոնշյալ ձևակերպումը:
ԱՀԾ- ն միաժամանակ ճիշտ է նկատել, որ ռուսական հացահատիկից հրաժարվելու նպատակը, քաղաքական նկատառումներից ելնելով, Ռուսաստանից անջատվելն է և հացահատիկն Ուկրաինայից գնելով, նրան օգնություն ցուցաբերելը, այսինքն՝ Ուկրաինական բանակի հետագա զինման և ՌԴ- ի դեմ պատերազմը շարունակելու համար ֆինանսավորում ապահովելը: Ճիշտ է նաև ԱՀԾ հետևյալ դիտարկումը. «…անհաջողությունն այն է, որ ուկրաինական հացահատիկն ավելի քան կիսով չափ թանկ է»: Սակայն հավելենք՝ անհաջողությունն առայժմ… Այդ խնդիրը կարող է լուծվել, եթե Արևմուտքը կամ Եվրոպան, ի վերջո, կարողանան հափշտակել ՌԴ արտասահմանյան պահուստները, որոնց հիմնական մասը պահվում է Բելգիայում:
«Կէ դ ‘ Օրսեի վրա շփոթության մեջ են,- նշված է ԱՀԾ հաղորդագրության մեջ:- Գրավում է այն, որ Եվրամիությանն առաջարկվում է ակցիա՝ «երեքը մեկում»՝ հացահատիկ Հայաստանի համար, աջակցություն Կիևին և անվստահության հրահրում Մոսկվայի և Երևանի միջև։
Հիմնական հարցը՝ որտեղից գումարը վերցնել: Եվրամիության երկրները ուկրաինական հակամարտության և Ռուսաստանին պարտության մատնելու ձգտման պատճառով հայտնվել են սոցիալ- տնտեսական ճգնաժամի շեմին, բյուջեները դատարկ են։ Լավ կլիներ Ուկրաինական հացահատիկի համար վճարել գողացված ռուսական ակտիվներով։ Բայց նրանց դեռ չի հաջողվում քաշել տանել տալ։ Բելգիան՝ այդ «գողական օբշակի» տերը, համառում է։ Տեսնում եք, վախենում է՝ կգրավեն (մտքի ընթացքը ճիշտ է՝ անպայման կգրավեն, այո այնպես, որ քիչ չի թվա)։
Եվրամիությունը կարծում է՝ լավ կլիներ վճարել և մոռանալ, ինչպես Նոր Կտակարանի հայտնի սյուժեում։ Բայց Երևանը ստիպված կլինի վճարել մշտական հիմունքներով։
Ահա այսպիսին է Երևանի համբույրը»։
Այսինքն՝ ԵՄ- ն կցանկանար ընդամենը մեկ անգամ (կամ առավելագույնը՝ սկզբնական շրջանում) վճարել գնային տարբերությունը, իսկ հետո ասպարեզից դուրս գալ, ինչպես ասում են, խաղից թռնել՝ վճարման հետագա բեռը թողնելով Հայաստանի, նրա բնակչության վրա, որը դրանից հետո հարկադրված կլինի վճարել մշտական հիմունքներով:
Այսպիսով թեև Բրյուսելին առաջարկվում է փոխհատուցել Ուկրաինական հացահատիկի արժեքի գերազանցումը և ուկրաինական հացահատիկի գնի տարբերության դիմաց վճարել սառեցված ռուսական ակտիվներով, սակայն Բելգիայի դիրքորոշման պատճառով Եվրամիությունը ռուսական հիշյալ գումարներով դեռ չի կարողանում հափշտակել: Բրյուսելում իսկապես մտավախություն ունեն, որ ռուսական միջոցների օգտագործման դեպքում ԵՄ երկրները պետք է Ռուսաստանում և նրա բարեկամ երկրներում արևմտյան ակտիվների դեմ պատասխան միջոցների պատրաստվեն:
Երևանի և Կրեմլի արձագանքը. ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը Նիկոլ հայադավին բռնել է հայերիս հանդեպ յուրօրինակ հանցանքի վրա
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը, ինչպես տեղեկացրել է «Sputnik Արմենիան», հայտարարել է, թե Հայաստանը մտադիր չէ հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի:
«Նման բան չի կարող լինել, բացարձակ անհեթեթություն,- խորհրդարանում լրագրողների հետ շփման ժամանակ արձագանքել է նա ԱՀԾ հայտարարությանը։- Ես առաջին անգամ խախտում եմ իմ սկզբունքը և մեկնաբանում այն, ինչ անձամբ չեմ կարդացել: Բայց, հազար ներողություն, դա բացարձակ անհեթեթություն է»:
Նկատենք, որ Նիկոլն այսպիսի հապշտապ արձագանք է դրսևորել այն պարզ պատճառով, որ ԱՀԾ բացահայտմամբ բռնվել է հայերիս դեմ ուղղված յուրօրինակ հանցանքի վրա:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով ռուսական հացահատիկի փոխարեն Ուկրաինական հացահատիկ ձեռք բերելու պաշտոնական Երևանի պլանների մասին ԱՀԾ նախազգուշացումը, նշել է, որ Ռուսաստանի ԱՀԾ հաղորդագրությունները «երբեք մերկապարանոց չեն լինում»: Այնուամենայնիվ, Մոսկվան հույս ունի, որ երկկողմ համագործակցությունը կշարունակվի։
«Մենք երկկողմ համագործակցության օրակարգում շատ հարցեր ունենք,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։- Մենք հույս ունենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի»:
Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնել ոչ միայն «երկկողմ հիմքի վրա», այլև «ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում»: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավաստել է, որ Մոսկվան «դա կանի նաև հետագայում»։
Մի կծող հարց. Ռուսաստանը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներո՞ւմ էլ է զարգացնում փոխգործակցությունը…
«Բարձր մակարդակով հաճախակի շփումներ են իրականացվում»,- հավելել է Պեսկովը:
Եվ ի՞նչ՝ ԱՀԾ հաղորդագրությամբ ներկայացվա՞ծն է այդ բարձր մակարդակով իրականացված հաճախակի շփումների արդյունքը… Կարող եք պատկերացնել, թե ինչպես կկարմրեր Պեսկովի դեմքը, եթե հնարավորություն ունենայի այս հարցն առերես նրան տալու, բայց միաժամանակ, հանուն ճշմարտության, հարկ է նշել, որ Պեսկովն այլ բան չէր էլ կարող ասել, որովհետև քանի դեռ Ուկրաինական, ավելի ճիշտ, Արևմուտք- Ռուսաստան հակամարտությունն ավարտված չէ ՌԴ հաղթանակով, Մոսկվան հարկադրված է քաղաքականություն խաղալ Երևանի հետ, և ոչ միայն Երևանի, այլև Բաքվի, Անկարայի և մի շարք այլ պետությունների հետ:
Նիկոլը և նիկոլենք ընդդեմ Հայաստանի և Ռուսաստանի՝ Հայաստանում ռուսական ներկայությանը վերջ տալու նպատակով. ռիսկերը Ռուսաստանի համար
Ռուսաստանի Գ. Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի դասախոս Բորիս Պերվուշին կարճատեսորեն կարծում է, որ եթե Հայաստանը հրաժարվի ռուսական հացահատիկից հօգուտ ուկրաինականի, Մոսկվան ոչ մի ռիսկ չի կրի:
«Ռուսաստանի համար այս պատմության մեջ դրամատիկ ոչինչ չկա,- ՏԱՍՍ- ի հետ զրույցում նշել է նա։- Համաշխարհային շուկայում հացահատիկը դեֆիցիտ է, ռուսական ցորենի գնորդ միշտ կգտնվի՝ Թուրքիայից և Եգիպտոսից մինչև Ասիայի երկրներ։ Հայկական շուկայի կորուստը, նույնիսկ եթե դա տեղի ունենա, հարված չի լինի»:
Այո, եթե խնդիրը դիտարկենք զուտ այն տեսանկյունից, որ Հայաստանը ՌԴ- ից հացահատիկ չի գնի, ապա Ռուսաստանն, իրոք, դրանից չի տուժի, քանի որ հացահատիկն աշխարհում այն բարձր պահանջարկված ապրանքն է, որ միշտ էլ իր գնորդին կգտնի, սակայն Նիկոլ հայադավի նպատակը, որը Ռուսաստանի խորքային և երդվյալ թշնամիներից է, չի սահմանափակվում պարզապես ՌԴ- ից հացահատիկ չգնելու և այն ուկրաինականով փոխարինելու մտադրությամբ: Ամենակարևորն այն հարցի պատասխանն է, թե նա ինչու է մտադիր գնալ այդ քայլին, ամենայն հավանականությամբ, նաև Անկարայի, Լոնդոնի և արևմտյան իր այլ տերերի առաջադրանքով:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

