ԱՄՆ-ն սպառում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու տարբերակները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Վաշինգտոնը շատ տարբերակներ չունի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար։ Նա այդ կարծիքը հայտնել է Կանադայի Համիլթոն քաղաքում, որտեղ տեղի է ունեցել G7-ի արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

«Մենք հարվածել ենք ռուսական խոշոր նավթային ընկերություններին։ Այդ հարվածների ազդեցությունը զգալու համար ժամանակ կպահանջվի։ Բայց ես չգիտեմ, թե ուրիշ ինչ կարելի է անել։ Այս պահին մենք պատժամիջոցներ ենք սպառում», – ասել է Ռուբիոն։

Հոկտեմբերի վերջին ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը լրացուցիչ պատժամիջոցներ կիրառեց՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և խաղաղության գործընթացի նկատմամբ լուրջ հետաքրքրություն չցուցաբերելու պատճառով: Նոր պատժամիջոցներն ուղղված էին ոչ միայն «Լուկոյլ»-ի և «Ռոսնեֆթ»-ի, այլև դրանց 34 դուստր ձեռնարկությունների դեմ: