Հաքան Ֆիդանը կարևորել է Սիրիայի հարցում Թուրքիայի և ԱՄՆ համագործակցությունը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չափազանց կարևոր է համարում Սիրիայի հարցի վերաբերյալ իր երկրի և ԱՄՆ-ի համագործակցությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Եգիպտոսի իր գործընկեր Բադր Աբդել Աթայի հետ Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
Հաքան Ֆիդանը հայտնել է, որ վերջերս ԱՄՆ կատարած այցի ժամանակ մանրամասն քննարկել է Սիրիայի հետ կապված հարցերը:
«Սպիտակ տանը կայացած մեր բանակցությունները շատ արդյունավետ էին։ Մեզ հաջողվեց մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի միջև հանդիպումներից մի քանիսին։ Մենք կարողացանք հստակ ուրվագծել Թուրքիայի դիրքորոշումը Սիրիային առնչվող առանցքային հարցերի վերաբերյալ և փոխանցել մեր նախագահի տեսլականը։ Քննարկեցինք, թե Ամերիկան և Թուրքիան ինչպես կարող են համատեղ լուծել այդ խնդիրները, հատկապես՝ երկրի միասնության և ամբողջականության պահպանման կարևոր հարցը։ ԱՄՆ-ի և Թուրքիայի, ինչպես նաև տարածաշրջանային երկրների միջև համագործակցությունը մեծ նշանակություն ունի»,- ընդգծել է Ֆիդանը:
Նա հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է համատեղ նպաստի Սիրիայի նոր ղեկավարության հաջողությանը, կայունության և խաղաղության հաստատմանը, փախստականների վերադարձին:
Ֆիդանը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ում նախարարական մակարդակով շփումների ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում Սիրիայի և Իսրայելի միջև հավասարակշռության հաստատման վերաբերյալ համաձայնությունների հասնելու, ինչպես նաև այդ կապակցությամբ տարածաշրջանի երկրների մտահոգությունները փարատելու հարցեր:

