Վրաստանը ու Թուրքիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը ենթակառուցվածքների ոլորտում

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչների պատվիրակությունը, որի կազմում են նախարար Ռևազ Սոխաձեն և փոխնախարար Գիորգի Կոբերիձեն, պաշտոնական այցով գտնվում է Անկարայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ մանրամասնելով, որ այցի շրջանակներում Վրաստանի ենթակառուցվածքների փոխնախարար Գիորգի Կոբերիձեն հանդիպել է Թուրքիայի ջրային ռեսուրսների պետական ​​վարչության տնօրեն Մեհմեթ Ակիֆ Բալթայի հետ։

Կոբերիձեն հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի համար կարևոր է օգտագործել Թուրքիայի փորձը՝ որպես ենթակառուցվածքների զարգացման առաջատար երկիր։

«Թուրքիան ենթակառուցվածքների զարգացման ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկն է։ Վրաստանի համար կարևոր է օգտագործել այս փորձը, տեխնոլոգիաները և լավագույն փորձը ինչպես ընթացիկ, այնպես էլ նախատեսված նախագծերում»,-նշել է Կոբերիձեն։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը և ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտում փորձի փոխանակումը։

Թուրքական գործակալության ղեկավարը վրացի հյուրերին տեղեկացրել է Թուրքիայի ջրամատակարարման և կոյուղու գլխավոր տնօրինության գործունեության և դրա ավարտված նախագծերի մասին՝ նշելով, որ Թուրքիան պատրաստ է իր կուտակած տեխնիկական գիտելիքներն ու փորձը կիսել Վրաստանի հետ։

«Մենք պատրաստ ենք մեր տեխնիկական փորձը կիսել բարեկամ երկրի՝ Վրաստանի հետ։ Մենք պատրաստ ենք հյուրընկալել համապատասխան ոլորտի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք կարողանան անմիջականորեն տեսնել մեր նախագծերն ու արդյունքները»,-հայտարարել է Մեհմեթ Ակիֆ Բալթան։

Վրացական ծառայության փոխանցմամբ՝ պաշտոնական այցի շրջանակներում ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն կհանդիպի Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ։