Իրանը հաստատել է հանձնառությունը խաղաղ միջուկային համաձայնագրին
Իրանը նախկինի նման ձգտում է Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների հաղթահարման շուրջ համաձայնության հասնել: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն՝ ելույթ ունենալով Abu Dhabi Strategic Debate քաղաքական խորհրդաժողովում:
«Պատճառը, որ Իրանը դուրս չի եկել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից այդ ագրեսիայից հետո (խմբ.՝ Իսրայելի ռազմական գործողությունն Իրանի դեմ և ամերիկյան հարձակումը Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների վրա) հենց այն է, որ մենք մտադիր ենք հասնել խաղաղ միջուկային համաձայնության», – ասել է իրանցի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները կշարունակեն քաղաքացիական միջուկային ծրագրի զարգացումը, որը «հպարտության հարց» է Իսլամական Հանրապետության համար: Ընդ որում, ընդգծել է Խաթիբզադեն, երկիրը պատրաստ է աշխարհին ապացուցել, որ չի ձգտում ստանալ միջուկային զենք: Միևնույն ժամանակ Իրանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնից ստանում է «հակասական հաղորդագրություններ» իրանական միջուկային ծրագրի շուրջ հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ։
«Բեմում մենք լսում ենք մի բան, կուլիսներում՝ մեկ այլ բան»,- ասել է նա:

