Նենսի Փելոսին հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։

Տեսաուղերձում Նենսի Փելոսին նշել է, որ 2027 թվականի հունվարին իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո այլևս չի առաջադրվի վերընտրվելու համար։

«Մենք պատմություն ենք կերտել, առաջընթաց ենք գրանցել։ Մենք միշտ առաջնորդել ենք և կշարունակենք անել դա՝ մնալով հավատարիմ մեր ժողովրդավարությանը և պայքարելով ամերիկյան իդեալների համար, որոնք թանկ են մեզ»,- նշել է Փելոսին։

85-ամյա Նենսի Փելոսին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի առաջին կին խոսնակն է, այդ պաշտոնը զբաղեցրել է 2007-2011 և 2019-2023 թվականներին։

Նենսի Փելոսին ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսել է ավելի քան 30 տարի։ Նաև Փելոսիի ջանքերով՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 2019 թվականի հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։

2022 թվականին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պաշտոնական այց է կատարել Հայաստան։