Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցչին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության և խորհրդարանում Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչ Միխալիս Լիվանոսի հետ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են բարեկամական խմբի գործունեությունը ակտիվացնելու ուղղված ջանքերը։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է առաջիկայում խորհրդարանական մակարդակով բարձրաստիճան այցելությունները և հույս հայտնել, որ այդպիսով նոր շունչ կստանա երկկողմ խորհրդարանական դիվանագիտությունը։

Միաժամանակ Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունների նշանակությունը տարածաշրջանային զարգացումների համատեքստում, Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններում առկա առաջընթացը և առաջիկայում նախատեսված քայլերը։

Միխալիս Լիվանոսը պատրաստակամություն է հայտնել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունների հետագա զարգացմանը։