Թեհրանում Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ բացվող կայարանը կկոչվի Սուրբ Մարիամ՝ նաև ի պատիվ հայերի
Իրանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում շուտով կբացվի մետրոյի նոր կայարանը, որը կկոչվի Սուրբ Մարիամ։ Այն զարդարված է քրիստոնեական թեմայով որմնանկարներով։

«Ռիա Նովոստի» գործակալությունը գրում է, որ կայարանը գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սարգիս տաճարի դիմաց՝ Նեջաթոլլահի փողոցում։
Սկզբում նախատեսվում էր կայարանն անվանակոչել Շահիդ Նեջաթոլլահի անունով՝ ի հիշատակ համալսարանի պրոֆեսորի, որը մահացել է 1970-ականների վերջին Իրանում իսլամական հեղափոխության ժամանակ։ Սակայն անցած տարի, երբ կայարանն արդեն կառուցված էր, մետրոյի ղեկավարությունը որոշեց, որ դրա անվանումը և ինտերիերի դիզայնը նվիրված կլինեն Հիսուս Քրիստոսի մորը՝ որպես հարգանքի նշան քրիստոնյաների, որոնք կրոնական փոքրամասնություն են Իսլամական Հանրապետությունում։

Մետրոյի Սուրբ Մարիամ կայարանի նախագծումն արդեն ավարտվել է, և այժմ ընթանում են վերջնական նախապատրաստական աշխատանքները դրա պաշտոնական բացման համար, որը իշխանությունները նախատեսել են մոտ ապագայում։ Դրանից հետո կայարանը կկարողանա ընդունել ուղևորներին։

