Հեքիաթներ, դասագրքեր և տարածքային պահանջներ. ինչպե՞ս է հյուսվում «Արևմտյան Ադրբեջանի» առասպելը
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հեքիաթներ, դասագրքեր և տարածքային պահանջներ. ինչպե՞ս է հյուսվում «Արևմտյան Ադրբեջանի» առասպելը վերնագրով իմ ծավալուն հետազոտության վերջապես հասանելի է նաև հայերեն տարբերակով։
Ադրբեջանի միապետական վարչակարգի շարժառիթները հասկանալու համար ուսումնասիրել եմ երկրի կրթական համակարգում վերջերս՝ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո, կատարված փոփոխությունները: Այս վերլուծության նպատակը քաղաքական հռետորաբանությունից և քարոզչությունից անդին զարգացող գործընթացները բացահայտելն է, ուսումնասիրել, թե ինչ են իրականում սովորում ադրբեջանցի դպրոցականները՝ հասկանալու համար Ադրբեջանի ղեկավարության իրական նպատակները Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։
Դիտարկել եմ պատմության դասագրքերը, բարձրագույն կրթական համակարգում ընթացող զարգացումները և նույնիսկ նոր հրատարակված հեքիաթները, որոնք բոլորն էլ արտացոլում են երիտասարդ սերնդի մեջ ներդրվող խոսույթը: Այս զարգացումները տեղի են ունեցել 2020 թվականի պատերազմի, դրան հաջորդած շրջափակման և էթնիկ զտումից հետո: Մեր բացահայտումները ցույց են տալիս, որ Ալիևի համար Լեռնային Ղարաբաղը երբեք վերջնական նպատակ չի եղել: Տարածքի զավթումը և հայաթափումը սնուցել են և երևան հանել ավելի վտանգավոր հորինվածքներ, որոնք արդեն խորապես ներդրված են Ադրբեջանի կրթական համակարգում։
«Այս պատումի ներառումը պետական դպրոցական ծրագրերում, համալսարանական ծրագրերում և նույնիսկ մանկական հեքիաթներում հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանում մի ամբողջ սերունդ է դաստիարակվում այն համոզմունքով, որ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջանն» է և «պատկանում է Ադրբեջանին»: Սա նպաստում է ագրեսիվ մտադրություններով և ծավալապաշտական գաղափարախոսությամբ ձևավորված մտածելակերպի զարգացմանը, որը ջատագովում է միապետական վարչակարգը: Համակարգը բացառում է ցանկացած իրական խաղաղության խոսույթ և ճնշում է այլախոհությունը՝ հաճախ բանտարկելով նրանց, ովքեր պաշտպանում են բռնության բացառումը և խաղաղ համակեցությունը…»:
Կարդացեք (կարող եք նաև լսել, առկա է աուդիո տարբերակը) և տեղյակ եղեք, թե ինչպիսի գաղափարներով է սերունդ կրթվում իրական Հայաստանի հարևանությամբ գտնվող իրական Ադրբեջանում։
Հոդվածի վերջում առաջարկում եմ նաև հնարավոր քայլեր վերոնշյալ զավթողական ծրագիրը Ադրբեջանի դեմ ուղղելու համար։ Նյութի տարածումը ավելի քան խրախուսվում է։ Թեման բարդ է, բայց ըստ իս՝ շատ կարևոր՝ վտանգավոր ռիսկերը ժամանակին չեզոքացնելու համար»։